Քոփիռայթինգ (անգլ.՝ copywriting՝ copy - գրվածք, տեքստ և write - գրել), գովազդային և ներկայացուցչական տեքստեր գրելու մասնագիտական գործունեություն։ Դրա մեջ մտնում են բոլոր այն տեքստերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով գովազդում կամ մասսայականացնում են որոշակի ապրանքներ, ընկերություններ, ծառայություններ, մարդկանց կամ գաղափարներ։ Կարող են լինել կարգախոսներ հեռուստատեսային կամ ռադիոհոլովակների, միջոցառումների, գովազդային հոդվածների համար։
Քոփիռայթինգով զբաղվող մասնագետը կոչվում է քոփիռայթեր[1][2].
«Քոփիռայթերը» (copywriter) մեկնաբանվում է որպես «գովազդային և մասսայականացնող տեքստեր գրող» (անգլ.՝ a writer of advertising or publicity copy)։
«Քոփիռայթինգ» բառը որոշակի կապ ունի «քոփիռայթի» հետ (անգլ.՝ copyright), որը ևս ունի անգլիական հիմքեր և կազմված է նույն բառարմատից։
Քոփիռայթինգ կոչվող գործունեությունը գոյություն ունի շատ վաղուց։ Այն ի հայտ է եկել առևտրի հետ միասին, քանի որ վաճառողի խոսքերն արդեն իսկ քոփիռայթինգի արդյունք են։ Խորհրդային տարիներին ստեղծված տարբեր տեքստեր և կարգախոսներ արդիական են նաև մինչ այսօր։
Հիմնականում պահանջված է ուղիղ գովազդում, որը դրդում է համապատասխան գործողությունն անել այստեղ և հիմա (պատվեր, հեռախոսազանգ, մկնիկի կտտոց)։ Այդպիսի տեքստերը դրդում են օգտագործողին անմիջապես գնել որևէ ապրանք կամ օգտվել ծառայությունից։
Գովազդային գործակալության շրջանակներում քոփիռայթերն աշխատում է արտ-տնօրենի հետ։ Նրանց անվանում են կրեատիվ զույգ։
Ուղիղ մարքեթինգի նշանավոր գործիչներից է Ջոն Քեյփլզը (1900-1990)։ Նրա «Գովազդի ստուգված մեթոդներ» (անգլ.՝ Tested Advertising Methods) գիրքը ԱՄՆ-ում լույս է տեսել 1932 թվականին և իր արդիականության շնորհիվ մի քանի անգամ վերահրատարակվել է։
Այս ոլորտում 20-րդ դարի նշանավոր գործիչներից է Ջոզեֆ Շուգերմանը, ով համարվում է Ամերիկայի ամենաարդյունավետ քոփիռայթերներից մեկը։ Նշանավոր ստեղծագործություններից են «Գովազդային կարգախոսների ստեղծման արվեստ» (ռուս.՝ «Искусство создания рекламных посланий»), «Նշանավոր ամերիկյան քոփիռայթերի տեղեկատու» (ռուս.՝ «Справочник выдающегося американского копирайтера», անգլ.՝ «The Adweek Copywriting Handbook: The Ultimate Guide to Writing Powerful Advertising and Marketing Copy from One of America’s Top Copywriters»)։
Որպես բրենդի տարր`ուղղված է վաճառքի ծավալների ընդլայնմանը։ Այն գնորդի գիտակցության մեջ ամրապնդում է ապրանքանիշի կերպարը կամ պարզապես ապրանքի, ծառայության, ընկերության, անձի կամ գաղափարի համար ստեղծում անհրաժեշտ իմիջ։
Ժամանակակից մեկնաբանմամբ քոփիռայթինգ է համարվում նաև կայքի համար տեքստի մուտքագրումը, ինչպես նաև պատվերի համար նախատեսված ցանկացած տեքստը։ Բառի այդպիսի կիրառությունը բառարանում արտացոլված չէ[1][2], և նույնիսկ լիարժեք չէ, թեև հաճախ է հանդիպում։
Տեղեկատվական, մասնավորապես web-քոփիռայթինգը նախ և առաջ ենթադրում է գրել բնօրինակ, հեղինակային տեքստեր, նկարագրել որոշակի ապրանքներ կամ ծառայություններ։ Այդ իմաստով այն մի կողմից կապվում է ժուռնալիստիկայի, մյուս կողմից`ուղիղ արձագանքով քոփիռայթինգի հետ։ Ինտերնետային կայքերի համար տեղեկատվական քոփիռայթինգի ևս մեկ առանձնահատկություն է հատուկ բանալի-բառերի կիրառումը, որոնք հեշտացնում են որոնողական համակարգերում դրանց որոնումը։ Այդպիսի տեքստերն ունեն ընդհանուր անուն`SEO-քոփիռայթինգ, որն առաջացել է «SEO — Search Engine Optimization» արտահայտությունից։
Սխալմամբ քոփիռայթինգ կարող են համարվել այն տեքստերը, որոնց տեխնիկական յուրահատկությունը մոտ է 100 %-ին։ Տեխնիկական յուրահատկությունը որոշելու համար օգտագործվում է ավտոմատացված ծրագիր, որը տեքստի առանձին բաժինները համեմատում է համացանցում առկա համանման տեքստի հետ։ Չափման արդյունքը հանդիսանում է տեքստի ընդհանուր ծավալի հետ ընդհանրությունը. որքան շատ են համընկնումները, այնքան մեծ է հավանականությունը, որ տեքստը գրագողության կամ կոմպիլյացիայի արդյունք է։
Այս երկուսի տարբերությունը տեքստի կառուցվածքի և բովանդակության յուրահատկությունն է։ Փոխառություն թույլատրվում է միայն ցիտում կատարելու կամ որոշակի տերմինաբանություն կիրառելու դեպքում, օրինակ`բժշկական կամ իրավաբանական թեմաներով տեքստերում, որտեղ որոշ հասկացությունների թարգամանությունը թույլատրելի չէ։ Այս կանոնը գործում է քոփիռայթինգի բոլոր տեսակների դեպքում։
Քոփիռայթեր է աշխատում Վիկտոր Պելևինի պոստմոդեռնիստական «Generation «П» վեպի հերոս Վավիլեն Թաթարսկին։