Օթյակ ֆր.՝ La Loge | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ-Օգյուստ Ռենուար |
տարի | 1874 |
բարձրություն | 80 |
լայնություն | 63,5 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Քորթոուլդ պատկերասրահ |
հավաքածու | Կուրտոյի արվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
La loge by Pierre-Auguste Renoir Վիքիպահեստում |
Օթյակ (ֆր.՝ La Loge), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Նկարի չափերը՝ 80×63.5 սմ, շրջանակի չափերը՝ 106.6×91×12.3 սմ[1]։ Օգտագործվում է նաև «Օթյակ օպերայում» անվանումը[2]։
«Օթյակ» նկարը պահվում է Լոնդոնում՝ Կուրտոյի արվեստի ինստիտուտում[3]։
Նկարը հանրությանն է ներկայացվել Փարիզում 1874 թվականին անցկացված իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսում։ Այն եղել է Ռենուարի ամենահայտնի կտավներից մեկը 1870-ական թվականների կեսերին[4]։ Չնայած նրան, որ նկարն ստացել է դրական արձագանք, Ռենուարն այն կարողացել է վաճառել միայն 1875 թվականին՝ հարաբերականորեն ոչ մեծ գումարով՝ 475 ֆրանկով[5]։
Նկարում պատկերված են օպերային թատրոնի օթյակում նստած կին (առջևի պլանում) և տղամարդ (հետին պլանում)։ Այս կտավի համար կեցվածք են ընդունել նկարչի հարազատ եղբայրը՝ լրագրող Էդմոն Ռենուարը (ֆր.՝ Edmond Renoir) և Մոնմարտրի բնորդուհի Նինի Լոպեսը (ֆր.՝ Nini Lopez)[4][6][7]:
Նկարն ստեղծված է մարգարտասպիտակ, դեղին և սև երանգներով։ Կնոջ հագին սև-սպիտակ զգեստ է, տղամարդու հագին՝ սև ֆրակ և սպիտակ վերնաշապիկ։ Կնոջ մարգարտե վզնոցը նկարված է սպիտակ փոքր փայլուն կետերով։ Կինը նայում է նկարը դիտողին, նրա թատերական հեռադիտակն իջեցված է և գտնվում է նրա ձեռքում։ Տղամարդը հեռադիտակով նայում է մյուս կողմ, հավանաբար օպերային թատրոնի բեմին[6][7]։
|