Օլգա Ֆրյոբե-Կապտեյն հոլ.՝ Olga Fröbe-Kapteyn | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1881[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | ապրիլի 25, 1962[2][3][4] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց |
Մասնագիտություն | առասպելագիր, արվեստագետ և փիլիսոփա |
Օլգա Ֆրյոբե-Կապտեյն (անգլ.՝ Olga Fröbe-Kapteyn, հոկտեմբերի 19, 1881[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - ապրիլի 25, 1962[2][3][4], Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[1]), հոլանդացի սպիրիտուալիստ, թեոսոֆիստ ու գիտնական, որը ճանաչում է ձեռք բերել 1920-ական թվականներին։ Կյանքի մեծ մասն ապրել է Շվեյցարիայում։
Օլգան ծնվել է Լոնդոնում․ հոլանդացի ֆեմինիստ ու հասարակական ակտիվիստ Թրուուս Մույսկենի (1855–1920) ու ինժեներ և գյուտարար Ալբերտուս Կապտեյնի (1848–1927) առաջին զավակն էր։ Հայրը Լոնդոն էր տեղափոխվել 1881 թվականին «Վեստինգհաուս օդային արգելակների ընկերությունում» աշխատելու համար և արդեն 1887 թվականին լոնդոնյան մասնաճյուղի գլխավոր տնօրենն էր։ Մոր ընկերների թվում էին Ջորջ Բեռնարդ Շոուն ու Պյոտր Կրոպոտկինը[5]։ Օլգան հաճախել է հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոցը, որտեղ ընկերացել է Մարի Ստոուպսի հետ[6]։ Դարավերջին Կապտեյնների ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը, որտեղ նրա մայրն իր շուրջն է համախմբել բարեփոխումների միտված մի խումբ մտավորականների[5]։ Այստեղ Օլգան ուսումնասիրել է արվեստի պատմություն, դարձել մոլի դահուկորդ և լեռնագնաց ու 1909 թվականին ամուսնացել խորվաթա-ավստրիացի ֆլեյտահար և դիրիժոր Այվան Հերման Ֆրյոբեի հետ․ ամուսինն ու Օլգայի հայրը խորը հետաքրքրություն էին տածում ավիացիայի և լուսանկարչության հանդեպ։ Այվանը Ցյուրիխի Տոնհալլե նվագախմբի ֆլեյտահարն է եղել 1908 թվականից ի վեր, սակայն նրա դիրիժորական գործունեությունը զույգին տեղափոխել է Բրաունշվայգ, իսկ 1910 թվականի վերջին՝ Բեռլին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Բեռլինից հետ են տեղափոխվել Ցյուրիխ, որտեղ Օլգան «Կլոր սեղան» անունով գրական սալոն ուներ։ 1915 թվականի մայիսին նրանք զույգ դուստրեր են ունեցել, որից կարճ ժամանակ անց՝ 1915 թվականի սեպտեմբերին Այվանը մահացել է ինքնաթիռի վթարից Վիեննայի մերձակայքում[7]։
1920 թվականին Օլգան ու իր հայրը այցելել են Ասկոնայում գտնվող Մոնտե Վերիտա առողջարան, իսկ մի քանի տարի անց հայրը գնել է մոտակայքում գտնվող Կասա Գաբրիելա հնագույն ագարակատունը, որտեղ էլ Օլգան անցկացրել է իր կյանքի մնացած մասը։ Նա սկսել է հնդկական փիլիսոփայություն ու մեդիտացիա ուսումնասիրել և հետաքրքրվել թեոսոֆիայով։ Նրա ընկերների թվում էին գերմանացի բանաստեղծ Լյուդվիգ Դերլեթը, հոգեբան Կառլ Յունգը, դարմշտադտցի կոմս Հերման ֆոն Կայզերլինգը և այլք։
1928 թվականին, դեռևս կոնկրետ գաղափար մտքում չունենալով, Օլգան իր տան մոտ խորհրդակցությունների սենյակ է կառուցել։ Կառլ Յունգն առաջարկել է այդ նիստերի դահլիճն օգտագործել որպես «Արևելքի և Արևմուտքի հանդիպման վայր»[8]։ Սա ծնունդ է տվել մտավորականների «Էրանոս» ամենամյա հանդիպմանը, որն այսօր էլ շարունակում է հնարավորություն ընձեռել տարբեր ոլորտների գիտնականներին հանդիպել և կիսվել սպիրիտուալիզմի վերաբերյալ իրենց հետազոտություններով և գաղափարներով։ «Էրանոս» անունն առաջարկել է աստվածաբան Ռուդոլֆ Օտտոն, որի դավանանքի մարդակենտրոն հայեցակարգը խոր ազդեցություն է ունեցել «Էրանոսի» ծագման և զարգացման վրա։ Կառլ Յունգը նույնպես զգալի մասնակցություն է ունեցել «Էրանոսի» համաժողովների կազմակերպման գործում, որոնք որոշակի արքետիպերի վրա են կենտրոնացել։
1930-ական և 1940-ական թվականներին արքետիպերի շարունակական հետազոտությունն Օլգային տեղափոխել է Եվրոպայի և Ամերիկայի խոշոր գրադարաններ, այդ թվում՝ Վատիկանի գրադարան, Բրիտանական թանգարան, Նյու Յորքի Մորգանի գրադարան և թանգարան, Ֆրանսիայի ազգային գրադարանը Փարիզում և Աթենքի Ազգային հնագիտական թանգարան։ Նրա բազմազան և ինտենսիվ ուսումնասիրությունները հիմք են հանդիսացել ստեղծելու ավելի քան վեց հազար պատկեր պարունակող Արխետիպային սիմվոլիզմի հետազոտությունների արխիվը, որը տարիներ ի վեր օժանդակել է «Էրանոսի» շատ դասախոսների և այլ գիտնականների հետազոտություններին։
Օլգա Ֆրյոբե-Կապտեյնը մահացել է 1962 թվականին Կասա Գաբրիելայի իր տանը։