Օմոն Ռա ռուս.՝ Омон Ра | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն և անգլերեն |
Գրվել է | 1991 |
Հրատարակչություն | Տեքստ |
Հրատարակվել է | 1992 |
Հաջորդ | Միջատների կյանքը |
«Օմոն Ռա» (ռուս.՝ «Омо́н Ра»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի առաջին վեպն է, որը գրվել է 1991 թվականին։ Դա խորհրդային դարաշրջանի դաստիարակչական վեպերի կիսածաղրերգություն է և ժանրով մոտ է թրիլլերին։ Հատկանշական է մանրամասների նկատմամբ ուշադրությունը, որը վերջում կազմում է մեկ ընդհանուր պատկեր։
Անունը ակնարկ է հին եգիպտական արևի աստված Ամոն-Ռային, որը, ըստ առասպելի, մայրամուտից մինչև արևածագ գետնի տակ պայքարում է խավարի ուժերի հետ։
Սյուժեի հիմքում ընկած է խորհրդային տիեզերագնացների նախապատրաստումը դեպի Լուսին թռիչքին։ Նրանցից մեկը գրքի գլխավոր հերոսն է՝ Օմոն Կրիվոմազովը (Ռան հին եգիպտական աստծո անունով ազդակոչն է, որն օգտագործել է գլխավոր հերոսը)։ Գիրքը նվիրված է «Տիեզերքի խորհրդային հերոսներին», բայց ոչ թե մեծ, պաշտոնապես մեծարվող տիեզերագնացներին, այլ «խորհրդային գաղտնի տիեզերքի» բոլորին անհայտ սովորական շարքային տիեզերագնացներին[1][2]։
Վեպը պատմում է նաև բուն թռիչքի և տիեզերագնացության «մերկացման» մասին։ Շարադրանքի գրոտեսկային բնույթն առաջին էջերից շեշտվում է ակնհայտ անախրոնիզմով. վեպը գրվել է 1991 թվականին, խորհրդային մասնակցությունը լուսնային սխրագործություններին սկիզբ է առել 1960-ականների երկրորդ կեսին - 1970-ականների սկզբին, իսկ «ՕՄՈՆ» հապավումը (ռուս.՝ ОМОН՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ), ըստ որի գլխավոր հերոսին կոչել է նրա միլիցիոներ հայրը, հայտնվել է միայն 1988 թվականի վերջին։
Սյուժեում հիշատակվում է Զարայսկի Մարեսևի անվան թռիչքային ուսումնարանը, որտեղ կուրսանտներին, ընդունվելուց հետո հանուն Հայրենիքի անդամահատում են ոտքերը, իսկ հետո նրանց սովորեցնում են պարել կալինկա (քանի որ ինքնաթիռներ չկան)։ Ուսումնարանի ղեկավարն ասում է, որ Հայրենիքին իր ոտքը նվիրել կարող է յուրաքանչյուրը, դա հասարակ բան է, «իսկ դու փորձիր կյա՛նքդ տալ»։ Գրքում հիշատակվում է նաև Ալեքսանդր Մատրոսովի անվան հետևակի ուսումնարանը, որտեղ ավարտական քննություններն ուղեկցվում են գնդացրային կրակահերթերով, և Պավել Կորչագինի անվան բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը, որի շրջանավարտները կաթվածահար և կույր հաշմանդամներ էին[2]։
Ըստ գրքի անմիջական թեմայի՝ հիպերբոլիկ առոգանությամբ ծաղրվում են «խորհրդային տիեզերագնացության թաքնված գաղտնիքները»։ Մասնավորապես, պարզվում է, որ մահապարտ տիեզերագնացները ավտոմատ կառավարման բլոկի փոխարեն գաղտնի տեղադրվում են P7 կրող հրթիռների առաջին աստիճանի չափազանց նեղ խցիկներում, որպեսզի թափ հավաքելու ժամանակ ձեռքով անջատեն աստիճանները, և «Լուսնագնացում»` Լուսնի վրա ձեռքով վարելու համար, իսկ խորհրդային տիեզերագնացությունը՝ անձնակազմով և առանց, բացի այդ, նաև իրական չէ. բոլոր «թռիչքները» տեղի են ունենում Մոսկվայում՝ ինչ-որ տեղ գետնի տակ։
Գրքի գաղափարը հատվում է բեմադրված թռիչքները («Այծեղջյուր-1») կամ գետնի տակ («Տիեզերական մեծ ճանապարհորդություն»[3]) բացահայտող և տիեզերագնացության անհաջողությունները թաքցնող («Առաջինները Լուսնի վրա», «Ապոլոն 18») ռուսական և արտասահմանյան կինեմատոգրաֆիական որոշ գործերի հետ, ինչպես նաև «լուսնային դավադրության» տեսության հետ։
1993 թվականին Վիկտոր Պելևինի «Օմոն Ռա» վեպն արժանացել է գրական երկու մրցանակի՝ «Ինտերպրեսկոն» և «Բրոնզե խխունջ»։ Երկու մրցանակներն էլ շնորհվել են «Միջին ձև» անվանակարգում[4]։
Առաջին անգամ (ամսագրային տարբերակով) տպագրվել է «Զնամյա» ամսագրում 1992 թվականին[5]։ «Լուսնագնաց» անվանումով հատվածը լույս է տեսել «Զնանիե - սիլա» ամսագրում 1991 թվականին[6] և հեղինակային առաջին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուում։
|