Օյգեն Հուբեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն՝ | դատավոր, իրավաբան, փաստաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 13, 1849[1] |
Ծննդավայր | Օբերշտամհայմ |
Վախճանի օր | ապրիլի 23, 1923[2][3][4] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռն |
Թաղված | Բրեմգարտենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Օյգեն Հուբեր (գերմ.՝ Eugen Huber, հուլիսի 13, 1849[1], Օբերշտամհայմ - ապրիլի 23, 1923[2][3][4], Բեռն), շվեյցարացի քաղաքական գործիչ (Շվեյցարիայի ռադիկալ դեմոկրատական կուսակցություն) և իրավաբան։ Առավել հայտնի է որպես Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի հեղինակ[5][6]։
Հուբերը ծնվել է բժշկի ընտանիքում և իրավունք է ուսումնասիրել Ցյուրիխի համալսարանում։ 1872 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան «Շվեյցարիայում Ժառանգության իրավունքի զարգացումը Շվեյցարիայում Հռոմեական կայսրությունից Շվեյցարիայի Համադաշնության անջատումից հետո» աշխատության համար։ 1873 թվականին Հուբերը դարձել է Neue Zürcher Zeitung (Ցյուրիխյան նոր թերթ) խմբագրի օգնական, այնուհետև՝ Դաշնային ժողովի աշխատանքների մասնագիտացված թղթակից, իսկ 1876 թվականին՝ 27 տարեկան հասակում, նշանակվել է գլխավոր խմբագիր։ Սակայն Ռադիկալ դեմոկրատական կուսակցության հետ ունեցած հայացքների տարբերության պատճառով 1877 թվականին Տրոգեն քաղաքում (Ապենցել Աուսերռոդեն կանտոն) դարձել է դատավոր։ 1881 թվականից աշխատել է Բազելի համալսարանում որպես շվեյցարական պետական և մասնավոր իրավունքի և շվեյցարական իրավունքի պատմության պրոֆեսոր։ 1888 թվականից եղել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է օրենսդրության պատմություն, մասնավոր իրավունք, առևտրային իրավունք, եկեղեցական իրավունք և իրավունքի փիլիսոփայություն։ 1902 թվականին խորհրդարանական ընտրություններում Հուբերն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ մինչև 1911 թվականը ներկայացրել է 6-րդ ընտրատարածքը (Բեռն-Միտելլանդ)։
1876 թվականից մինչև 1910 թվականը ամուսնացած է եղել Լինա Վայսերտի (1851-1910) հետ[7][8]։
Հուբերը մահացել է 1923 թվականի ապրիլի 23-ին Բեռնում, 73 տարեկան հասակում։ Թաղված է Բրեմգարտենի գերեզմանատանը։
Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում աշխատելու ընթացքում Հուբերը հավաքել է առանձին կանտոնների մասնավոր իրավունքը մեկ միասնական քառահատոր ժողովածուի մեջ։ 1892 թվականին դաշնային խորհրդից առաջարկ է ստացել Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի նախագիծը մշակելու վերաբերյալ։ Դրա համար աշխատանքի է անցել Բեռնի համալսարանի շվեյցարական և գերմանական իրավունքի ամբիոնում։ Հուբերն ավարտել է նախագիծը 1904 թվականին։ 1905 թվականից մինչև 1907 թվականը շարունակված խորհրդարանական քննարկումներից հետո 1907 թվականի դեկտեմբերի 10-ին օրենսգիրքը միաձայն ընդունվել է Դաշնային խորհրդի կողմից և ուժի մեջ մտել 1912 թվականի հունվարի 1-ից։
Հուբերի Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգիրքը համարվել է Եվրոպայի ամենաժամանակակից օրենսգիրքը և հանդիսացել եվրոպական և կանտոնային իրավունքի սինթեզ։ Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի ազդեցությունը տարածվել է երկրի սահմաններից դուրս։ 1926 թվականին Քեմալ Աթաթուրքը այն ընդունել է որպես հիմք Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի մշակման համար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյգեն Հուբեր» հոդվածին։ |
|