Օշնաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, Օշնաղ գետակի ափին, այգեվետ հովտում։
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ոշնաղ, Ոչնաղ, Ոջնաղ, Որնջահաղ, Որնջաղ, Որնջհաղ, Որջնաղ, Որջնհաղ, Օլնաղ, Օշնագ, Օշնագի, Օշնախ, Օշնակ, Օչնաղ, Օչնաս։
Ըստ Ղևոնդ Ալիշանի և Նիկողայոս Ադոնցի գյուղը Ղազար Փարպեցու հիշատակած Որջնհաղ գյուղն է։ Ըստ Ղազար Փարպեցու այստեղ Վարդան Մամիկոնյանի մահից (451 թ.) հետո Օշնաղ ամրոցում ապաստան է գտել վերջինիս եղբայրը՝ Հմայակ Մամիկոնյանը, որը պարսիկների դեմ մղված պատերզամում այստեղ էլ զոհվել է։ Գյուղում Հմայակ Մամիկոնյանի գերեզմանի վրա մի մատուռ էր շինված, որտեղ մշտապես ուխտի էին գալիս Կարմիրք գյուղի բնակիչները։ Վահան Մամիկոնյան սպարապետը 480-484 թվականներին պարսիկների դեմ մղված կռիվների ժամանակ հաճախ քաշվում էր Տայքի այս վայրերը՝ հատկապես Որջնհաղ գյուղ։
XIX դարի վերջին ուներ թուրք և լազ բնակիչ։
Օշնաղում կար եկեղեցու ավերակներ և գերեզմանոց։ Գյուղի հյուսիս-արևմուտքում Ճորոխի լեռնային անմատչելի ափին, գտնվում էին հին Օշնաղ իշխանական ամրոցի ավերակները, դղյակների և տաճարների ավերակներ[2]։
|