Օսվալդե Լյուատ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Գարուա, Կամերուն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, լուսանկարիչ, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Q2870208? և Une Affaire de nègres? |
Կայք | osvaldelewat.com |
![]() |
Օսվալդե Լյուատ (ֆր՝. Osvalde Lewat սեպտեմբերի 17, 1976[1], Գարուա, Կամերուն), կամերունցի կինոռեժիսոր, ժուռնալիստ, լուսանկարիչ, որին ճանաչում են բերել հատկապես հասարակական-քաղաքական թեմաներով իր նկարահանած փաստավավերագրական կինոնկարները։
Օսվալդե Լյուատը ծնվել է 1977 թվականին Կամերունի Գարուա (ըստ որոշ աղբյուրների՝ Յաունդե) քաղաքում)[2]։ Հայրը ֆրանսիական խոշոր ձեռնարկատիրական ընկերությունների Pechiney խմբի՝ ալյումինի արդյունահանությամբ զբաղվող մասնաճյուղերից մեկի տնօրենն էր։ Օսվալդեն հասակ է առել Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, ուր տեղափոխվել էր նրանց ընտանիքը։ Աղջիկը դեռ վաղ հասակից հետաքրքրություն է դրսևորել լուսանկարչության նկատմամբ, Polaroid-ով լուսանկարել ընտանիքի անդամներին ամենաբազմազան դիրքերով ու տեսքով։ Պատանեկան կրքով տարվել է նաև ընթերցանությամբ ու կինոդիտումով։
Դպրոցն ավարտելուց հետո ուսումնասիրել է լրագրային գործ, որոշ ժամանակ աշխատել Cameroon Tribune թերթի խմբագրությունում[2] , բայց շարքային լրագրողի մասնագիտության սահմանափակումները, խմբագրի հաճախ անհարկի պահանջները հիասթափեցրել են նրան, և նա նախընտրել է փաստավավերագրական ֆիլմեր նկարահանողի ու լուսանկարչի ազատությունը[3]։ Մասնագիտական դասընթացներ է անցել Փարիզում՝ գիտության և գրականության գիտահետազոտական համալսարանի մասնաճյուղը համարվող Femis-ում, այնուհետև՝ Մոնրեալի National Institute of Image and Sound (INIS) ինստիտուտում։ Դեռ ուսանելու ընթացքում՝ 2000 թվականին կանադական Տորոնտո քաղաքում նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ The Calumet of Hope-ը, որտեղ ցավով ներկայացնում է, թե ինչպես են մարգինալացվում, հասարակությունից խորթացվում Ամերիկայի բնիկները՝ հնդկացիները։ Այս կինոնկարը Մոնրեալի 2003 թվականի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Մարդու իրավունքներ» անվանակարգում[4]։
Հաջորդը Beyond the trouble («Տառապանքից այն կողմ» կամ «Մոռացված մարդը») կինոնկարն էր (2003 թ.)՝ կամերունցի մի մարդու մասին, ում ոչ ծանր մի հանցանքի համար դատապարտել էին չորս տարվա ազատազրկման, բայց ժամկետը լրանալուց հետո «մոռացել» էին ազատ արձակել, և նա բանտում անց էր կացրել ամբողջ երեսուներեք տարի[4]։
2005 թվականին նկարահանված Un Amour Pendant La Guerre («Սեր՝ պատերազմի ժամանակ») ֆիլմում Կոնգոյի առաջին պատերազմի (1996 թ.) նյութի հիման վրա հրապարակախոսական սրությամբ արծարծված են պատերազմի ընթացքում տեղի ունեցող կանանց զանգվածային բռնաբարությունների, այդ հարցում իշխանությունների դրսևորած հանցավոր անտարբերության, բռնության ենթարկված, զոհ դարձած կանանց հոգեկան ծանր ապրումների հիմնախնդիրները։ Այս կինոնկարը նույնպես արժանացել է Մոնրեալի կինոփառատոնի մրցանակին[5]։
2008 թվականին Լյուատը նկարահանել է իր առաջին լիամետրաժ փատավավերագրական կինոնկարը՝ Une affaire de nègres («Սև գործ») խորագրով։ Ֆիլմը պատմում է կամերունյան ոստիկանության ռազմականացված հատուկ միավորման մասին, որը Դուալայում մոլեգնող ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում, հանցագործների հետ մեկտեղ, հազարից ավելի անմեղ մարդիկ է անպատիժ կերպով սպանել, և իշխանությունների ու հասարակության մի մասի կողմից դա ձևակերպվել է իբրև «կողմնակիորեն պատճառված վնաս, որից հնարավոր չէր խուսափել»[2] Այս ֆիլմը ցուցադրվել է Մոնրեալի և Կաննի կինոփառատոներում, ներկայացվել Muhr AsiaAfrica մրցանակի[2]::
Լյուատի լավագույն աշխատանքներից է համարվում 2012 թվականին BBC-ի պատվերով Հուգո Բերկլիի հետ համատեղ նկարահանած Land Rush («Հողի մոլուցք») կինոնկարը, որտեղ հետազոտվում են Սաուդյան Արաբիայի և Չինաստանի խոշոր գործարարների կողմից Մալիում մեծ հողատարածքների գնումներն ու հսկա ագրոֆիրմաների ստեղծումը, արծարծվում են մասնավոր հողատիրությանը, իմպերիալիզմին, մեր օրերում որոշ տարածաշրջաններում տիրապետող աղքատությանը, բնակչության սնունդապահովվածությանը առնչվող սուր հիմնախնդիրներ։ Այս ֆիլմը 2012 թվականին արժանացել է Peabody մրցանակի[6][7]։
Օսվալդե Լյուատի՝ որպես տաղանդավոր կինոգործչի համբավին գումարվել է վարպետ լուսանկարչի համբավը. նրա լուսանկարչական աշխատանքներից շատերը նույնպես ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում (Փարիզում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում), մրցանակների, պարգևների արժանացել։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսվալդե Լյուատ» հոդվածին։ |
|