Օփիոիդային ընկալիչներ կամ ափիոնային ընկալիչներ (անգլ.՝ opioid receptors, ռուս.՝ опиоидные рецепторы), նյարդային համակարգի ընկալիչների (ռեցեպտորներ) տեսակ, որոնք վերաբերում են G-սպիտակուցի հետ փոխկապակցված ընկալիչների խմբին[1][2][3]։ Օրգանիզմում դրանց հիմնական գործառույթը ցավային զգացողությունների կարգավորումն է։ Ներկայումս տարբերում են օփիոիդային ընկալիչների 4 հիմնական խմբեր՝ μ- (մյու), δ- (դելտա), κ- (կապպա) և նոցիցեպտինային (ORL1) ընկալիչներ։ Դրանք կապվում են ինչպես էնդոգեն (օրգանիզմի կողմից արտադրվող), այնպես էլ էկզոգեն (օրգանիզմ մտնող) օփիոիդային լիգանդներին։ Օփիոիդային ընկալիչները տարածված են գլխուղեղում, ողնուղեղում, ինչպես նաև մարսողական համակարգում և այլ օրգաններում։
1960-ական թվականների կեսերին գիտնականները, վերլուծելով դեղագիտական հետազոտությունների արդյունքները, սկսեցին ենթադրել, որ օփիոիդները, հավանաբար, ազդում են կոնկրետ ընկալիչների (ռեցեպտորների) վրա[4]։ Առաջին անգամ հետազոտությունների ընթացքում ընկալիչները որոշվեցին որպես սպեցիֆիկ մոլեկուլներ, երբ հայտնի դարձավ, որ ռադիոիզոտոպներով նշանավորված օփիոիդները կապվում են գլխուղեղի ենթաբջջային ֆրակցիաների հետ։ Առաջին նմանատիպ հետազոտությունը հրապարակվեց 1971 թվականին՝ օգտագործելով ³H-լևորֆանոլ և դրա անտագոնիստ (ներհակորդ) նալոքսոն[5]։ 1973 թվականին Քենդիս Պերտը և Սողոմոն Սնայդերը հրապարակեցին օփիոիդային ընկալիչների՝ ³H-նալոքսոնի օգտագործմամբ առաջին մանրամասն ռադիոիզոտոպային հետազոտության արդյունքները[6]։ Այդ հետազոտությունը համարվում է օփիոիդային ընկալիչների առաջին ճշգրիտ հայտնաբերումը, չնայած դրանից հետո նույն թվականին իրականացվեցին նմանատիպ ևս 2 հետազոտություններ[7][8]։ 1976 թվականին շների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկան եզրահանգման, որ գույություն ունեն օփիոիդային ընկալիչների մի քանի տեսակներ[9]։ Դրանց գոյության հաստատման համար կատարվեցին օփիոիդային ընկալիչների զտված սպիտակուցների առանձնացման փորձեր[10], սակայն դրանք արդյունք չտվեցին[11]։ 1990-ականների սկզբին մոլեկուլակենսաբանական հետազոտությունները պարզեցին օփիոիդային ընկալիչների կառուցվածքը և գործողության մեխանիզմը։ Որպես օփիոիդային ընկալիչների ընտանիքի ներկայացուցիչներ՝ առանձնացվեցին կոմպլեմենտար ԴՆԹ-ի 4 տեսակներ[12]։ Դրանցից 3-ը համապատասխանում են μ-, δ- և κ-ընկալիչներին, իսկ չորրորդը՝ ընկալիչների նոր տիպին՝ ORL-1 (անգլ.՝ opioid-receptor-like 1), որը ևս վերաբերում է օփիոիդայինին, չնայած չունի մեծ կապ ափիոնային լիգանդների հետ[13]։
Ընկալիչների զտումը հետագայում ապացուցեց նրանց գոյության փաստը։ Օփիոիդային ընկալիչի զտման առաջին փորձը կատարվել է քլորնալտրեքսամին կոչվող օփիոիդային ընկալիչի անտագոնիստի ազդեցությամբ, որը կապվում էր օփիոիդային ընկալիչի հետ[14]։ Հետագայում Կարուզոն զտեց առնետի գլխուղեղի թաղանթից լվացող նյութերով էքստրակցված բաղադրիչը, որը հարստացված էր 3H-քլորնալտրեքսամինով[15]։
Օփիոիդային ընկալիչների ակտիվացման ժամանակ ինհիբացվում է ադենիլատցիկլազ, որը կարևոր դեր է խաղում երկրորդային միջնորդ ցիկլիկ ադենոզինմիաֆոսֆատի սինթեզման գործում, ինչպես նաև կարավորում է իոնային անցուղիները։ Նախասինապսային նեյրոնում պոտենցիալակախյալ կալցիումային անցուղիների փակումը հանգեցնում է դրդող նեյրոմիջնորդանյութերի (ինչպիսին է գլուտամինաթթուն) արտադրության կրճատմանը, իսկ ահա հետսինապսային նեյրոնում կալիումային անցուղիների ակտիվացումը հանգեցնում է թաղանթի գերբևեռացմանը, ինչը նվազեցնում է նեյրոնի զգայունությունը դրդող նեյրոմիջնորդանյութերի նկատմամբ[16][17]։
Ներկա պահին տարբերում են օփիոիդային ընկալիչների չորս հիմնական տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է մի քանի ենթադասերի[18]։
Ընկալիչ | Ենթադաս | Տեղակայում[19][20] | Ֆունկցիաներ[19][20] |
---|---|---|---|
մյու (μ) MOP |
μ1, μ2, μ3 |
|
μ1։
μ2։
μ3։
|
դելտա (δ) DOP |
δ1, δ2 |
|
|
կապպա (κ) KOP |
κ1, κ2, κ3 |
|
|
Նոցիցեպտինային ընկալիչ NOP (ORL1) |
- |
|
Ցավազրկման երևույթը դիտվում է μ-, δ- և κ-ընկալիչների խթանման դեպքում։ Բացի այդ, μ-ընկալիչների խթանիչներն առաջացնում են շնչառության ճնշվածություն և թողնում սեդատիվ (հանգստացնող) ազդեցություն, իսկ κ-ընկալիչների խթանիչները թողնում են հոգեմետ ազդեցություն։ Բազմաթիվ օփիոիդային ցավազրկողների ազդեցությունը պայմանավորված է μ-ընկալիչների խթանմամբ[21]։
Օփիոիդային ընկալիչներն անվանվել են այն լիգանդի առաջին տառից ելնելով, որի հետ առաջին անգամ հայտնաբերվել է դրանց կապը։ Այսպես, մորֆինն առաջին նյութն է, որի մոտ հայտնաբերվել է μ-ընկալիչներին կապվելու ունակություն, իսկ κ-ընկալիչներն անվանվել են կետոցիկլազոցինի հետ կապվելու ունակության հայտնաբերման արդյունքում[22]։ Էնկեֆալինի հետ բարձր կապվածությամբ օժտված ընկալիչը հայտնաբերվել է մկների սերմնահանող ուղիներում և անվանվել δ-ընկալիչ[23]։ Հետագայում հայտնաբերվեց մեկ այլ օփիոիդային ընկալիչ, որը կլոնավորվեց՝ հիմվելով կոմպլեմենտար ԴՆԹ-ի հետ համանմանության վրա։ Այդ ընկալիչը հայտնի է որպես նոցիցեպտինային (ORL1) ընկալիչ։
Ենթադրվում է, որ մարդու օրգանիզմում առկա են նաև օփիոիդային այլ ընկալիչներ, որոնց գոյությունը, սակայն, դեռևս ապացուցված չէ։
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)