Ֆաթիմա Ահմեդ Իբրահիմ | |
---|---|
Ծնվել է | 1932[1] |
Ծննդավայր | Օմդուրման, Խարթում, Սուդան կամ Խարթում, Սուդան[2] |
Մահացել է | օգոստոսի 12, 2017[1] |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | իրավապաշտպան, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, գրող և լրագրող |
Ամուսին | Alshafi Ahmed Elshikh?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Սուդանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆաթիմա Ահմեդ Իբրահիմ (անգլ.՝ Fatima Ahmed Ibrahim, արաբ․՝ فاطمة أحمد إبراهيم, 1932[1], Օմդուրման, Խարթում, Սուդան և Խարթում, Սուդան[2] - օգոստոսի 12, 2017[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][4]), սուդանցի գրող, իրավապաշտպան, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ, կոմունիստ և սոցիալական առաջնորդ[5]։ 1991-1994 թվականներին եղել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի նախագահ։
Իբրահիմը ծնվել է գաղութային անգլո-եգիպտական Սուդանի ժամանակներում` 1933 թվականին[6] Խարթումում` կրթված ընտանիքում։ Նրա պապը եղել է Սուդանի` տղաների համար նախատեսված առաջին դպրոցի տնօրենը, ինչպես նաև իր տարածքում գտնվող մզկիթի իմամը։ Ֆաթիմայի հայրը ավարտել է Գորդոնի անվան հուշահամալիրի քոլեջը և աշխատել է որպես ուսուցիչ պետական դպրոցում, որտեղից նրան աշխատանքից հեռացրել են զուտ անգլերենով դասեր չվարելու համար[7]։ Ֆաթիմայի մայրը դպրոց հաճախող աղջիկների առաջին սերնդից էր։
Դեռ այն ժամանակ, երբ սովորում էր Օմդուրմանի աղջիկների միջնակարգ դպրոցում, նա պաշտպանում էր կանանց իրավունքները։ Նա հրատարակել է Elra’edda (الرائدة, «Պիոներկա») անվանումով պատի թերթ և սկսել է կեղծանվամբ հանդես գալ թերթերում[7]։ Ֆաթիման կազմակերպել է կանանց առաջին գործադուլը Սուդանում, երբ նրա դպրոցի ղեկավարությունը որոշել է չեղարկել բնագիտության դասերը և դրանք փոխարինել «ընտանեկան գիտության» դասերով։
1947 թվականին նա հիմնադրել է Կանանց ինտելեկտուալ ասոցիացիա, իսկ 1952 թվականին մասնակցել է Սուդանի կանանց միության ստեղծմանը (արաբ․՝ الاتحاد النسائي السوداني), որի առաջին նախագահն է դարձել[8], և աշխատել է գործադիր կոմիտեում Ֆաթիմա Թալիբի և Խալիդա Զահիրի հետ[9]։
Սուդանի կանանց միության օրակարգը, 1954 թվականի կանոնադրության փոփոխության համաձայն, կենտրոնացած էր համընդհանուր ընտրական իրավունքի վրա (կանանց ձայնի իրավունք և բոլոր օրենսդրական, քաղաքական ու վարչական հաստատություններում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք), ուշադրություն է դարձվել նաև սոցիալ-տնտեսական ու մշակութային իրավունքներին (աշխատավարձի պարագայում տղամարդկանց հետ հավասարության հասնելուն և կրթության հասանելիությանը, կանանց շրջանում անգրագիտության դեմ պայքարին)։ 1955 թվականին Ֆաթիման դարձել է Սուդանի կանանց միության «Սավաթ ալ Մարաա» («Կանանց ձայն») հանդեսի գլխավոր խմբագիրը, որը հետագայում կարևոր դեր է խաղացել Իբրահիմ Աբուդի ռեժիմի տապալման գործում։
1954-ին Ֆաթիման անդամագրվել է Սուդանի կոմունիստական կուսակցությանը և կարճ ժամանակ անց դարձել Կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ (Սուդանի կոմկուսը սուդանական առաջին կուսակցությունն էր, որը 1946 թվականից ի վեր կանանց ներքին կազմակերպություն ուներ)։ 1956-1957 թվականներին Ֆաթիման կրկին գլխավորել է Կանանց միությունը։ 1965 թվականին նա ընտրվել է խորհրդարանի անդամ` դառնալով Սուդանի պատմության մեջ առաջին կին պատգամավորը[5]։ Սադիկ ալ Մահդիի նախաձեռնությամբ Սուդանի խորհրդարանից ժողովրդավարական ճանապարհով ընտրված Կոմունիստական կուսակցության անդամներին անօրինականորեն բացառելու պատճառով առաջացած սահմանադրական ճգնաժամը առաջացրել է տարաձայնություններ Սուդանի կոմկուսի և Ումմա ազգային կուսակցության միջև։
1969 թվականին, երբ կոմունիստների կողմից աջակցություն գտած ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Ջաֆար Մուհամեդ ալ Նիմեյրին, Սուդանի կանանց միության գործունեությունն ընդլայնվեց, և կանայք մի շարք իրավունքներ նվաճեցին տարբեր ոլորտներում։ Կոմունիստական կուսակցության և Ջաֆար ալ Նիմեյրիի մեղրամիսն ավարտվեց պառակտմամբ, որը 1971 թվականի հուլիսին հանգեցրեց հեղաշրջման և հակահեղաշրջման։ Վերադառնալով իշխանության` Նիմեյրին մահապատժի ենթարկեց կոմունիստ առաջնորդներին, այդ թվում` Շաֆիա Ահմեդ աշ Շեյխին, որը արհմիության առաջնորդն էր և Ֆաթիմայի ամուսինը։ Ինքը` Ֆաթիման, մի քանի տարի գտնվում էր տնային կալանքի տակ, այնուհետև բազմիցս կալանավորվել է Նիմեյրիի ռեժիմի օրոք։
1990 թվականին Ֆաթիման լքել է Սուդանը Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիրի ռազմական հեղաշրջումից հետո և արտաքսման ժամանակ միացել է ընդդիմությանը` որպես Սուդանի կանանց արգելված միության նախագահ։ 1991 թվականին Ֆաթիման ընտրվել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի նախագահ։ Նա Սուդան է վերադարձել կառավարության ու ընդդիմության միջև որոշ հաշտեցումից հետո` 2005 թվականին, և նույնիսկ դարձել է Կոմունիստական կուսակցության պատգամավոր։
Նա հեռացել է կուսակցության քաղաքական ղեկավարությունից 2011 թվականին[5] մահացել Է Լոնդոնում 2017 թվականի օգոստոսի 12-ին 84 տարեկանում[10], իսկ նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Խարթումում օգոստոսի 16-ին[11]։
Նրա եղբայր Սալահ Ահմեդ Իբրահիմը նույնպես հայտնի էր գրական և քաղաքական գործունեությամբ[7]։
|