Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | academy of fine arts?, արխիվ և hospital? |
Հիմնադրված է | 1784[1] |
Երկիր | Իտալիա[2] |
Տեղագրություն | Ֆլորենցիա[2] |
Հասցե | Via Ricasoli 66, 50122 Firenze[2] |
Կայք | accademia.firenze.it(իտալ.) |
Accademia di Belle Arti (Florence) Վիքիպահեստում |
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա (իտալ.՝ Accademia di Belle Arti di Firenze), գեղարվեստի ակադեմիա Ֆլորենցիայում, Տոսկանա, կենտրոնական Իտալիա։ Աշխարհի ամենահին և հեղինակավոր արվեստի դպրոցների մեկն է։
1563 թվականին Վերածննդի ժամանակաշրջանում հիմնադրվել է որպես գիլդիա։ Ակադեմիայի պատմությունը կապված է Միքելանջելոյի, Բենվենուտո Չելինիի և Ֆլորենցիայի պատմության այլ խոշոր գործիչների հետ։
Դպրոցում դասավանդում են այցելու արվեստագետներ, պրոֆեսիոնալ նկարիչներ։ Ինչպես Իտալիայում գործող այլ պետական արվեստի ակադեմիաներ, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան 1999 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 508 որոշմամբ ստացել է ինքնուրույն համալսարանի կարգավիճակ[3] և գտնվում է Իտալիայի կրթության և հետազոտության նախարարության (իտալ.՝ Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca) ենթակայության ներքո[4]։
Ակադեմիայի պատկերասրահում է գտնվում Միքելանջելոյի Դավիթ մարմարե արձանի բնօրինակը։
Accademia e Compagnia delle Arti del Disegno կամ «Արվեստի և նկարչության ակադեմիան և ընկերությունը» հիմնադրվել է 1563 թվականի հունվարի 13-ին Տոսկանայի դուքս Կոզիմո I-ի աջակցությամբ և երեք մաներիստ նկարիչների կողմից՝ Ջորջո Վազարի, Անյոլո Բրոնզինո, Բարտոլոմեո Ամմանատի[5]։ Բաղկացած է եղել երկու մասից. ընկերությունը գիլդիա էր աշխատող նկարիչների համար, ակադեմիան՝ Կոզիմոյի պալատի առավել անվանի գեղարվեստական անձանց համար էր, իսկ գեղարվեստական արտադրանքը վերահսկվում էր Տոսկանայում[5]։ Ի սկզբանե ակադեմիան գտնվել է Սանտիսիմա-Աննունցիատա բազիլիկում[6]։
Ակադեմիայի անդամներ են եղել Միքելանջելոն, Լացցարո Դոնատին, Ֆրանչեսկո դա Սանգալոն, Անյոլո Բրոնզինոն, Բենվենուտո Չելինին, Ջորջո Վազարին, Բարտոլոմեո Ամմաննատին։ Ակադեմիայում գերիշխում էին արական սեռի անդամները։ Արտեմիզիա Ջենտիլեսկին ակադեմիայի առաջին կին անդամն է եղել, Անգելիկա Կաուֆմանն ակադեմիայի անդամ է դարձել 1762 թվականին[7]։
1784 թվականին Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ի հրամանով Ֆլորենցիայի գեղարվեստի բոլոր դպրոցները պետք է ենթարկվեին Ֆլորենցիայի ակադեմիային (Accademia di Belle Arti): Ակադեմիան տեղափոխվեց Ռիկասոլի փողոցում (via Ricasoli) գտնվող նախկին մենաստանի շենք, որտեղ էլ այժմ գործում է[8]։ Ակադեմիային կից բացվեց պատկերասրահ, որտեղ ուսանողները կարող էին ծանոթանալ հին վարպետների ստեղծագործական աշխատանքներին։ Գեղարվեստական կրթության մեջ ընդգրկված էր նաև երաժշտական կրթությունն ու արվեստի վերականգնման աշխատանքները։ 1849 թվականին Ֆլորենցիայի կոնսերվատորիան առանձնացավ ակադեմիայի կազմից։
Ակադեմիայի պատկերասրահը հիմնադրվել է 1784 թվականին Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ի կողմից։ 1873 թվականից պատկերասրահում է գտնվում Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը։ Պատկերասրահում ներկայացված են նաև 15-16-րդ դարերի Ֆլորենցիական գեղանկարներ, ռուսական սրբապատկերների հավաքածու։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |
|