Ֆոտոֆոն, հեռահաղորդակցության սարք, որը թույլ է տալիս խոսքի փոխանցումը լույսի ճառագայթի միջոցով։ Այն հորինել և գործարկել են Ալեքսանդր Գրեհեմ Բելը և նրա օգնական Չարլզ Սամներ Թեյնթերը 1880 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնի 1325 L փողոցում գտնվող Բելի լաբորատորիայում[1][2]։ Հետագայում նրանք երկուսն էլ դարձել են Վոլտայի լաբորատոր ասոցիացիայի լիարժեք գործընկերներ, որը ստեղծել և ֆինանսավորել է Բելը։
1880 թվականի հունիսի 3-ին Բելի օգնականը Ֆրանկլինի դպրոցի տանիքից անլար ձայնային հեռախոսային հաղորդագրություն է փոխանցել դեպի Բելի լաբորատորիայի պատուհան՝ մոտ 213 մետր (մոտ 700 ֆտ) հեռավորության վրա[3][4][5][6]։
Բելը ֆոտոֆոնը համարել է իր ամենակարևոր գյուտը։ Միայն Բելի անունով տրված 18 արտոնագրերից, որոնցից 12-ը նա կիսել է իր գործընկերների հետ, չորսը ֆոտոֆոնի վերաբերյալ են, որը Բելն անվանել է իր «ամենամեծ ձեռքբերումը»՝ իր մահից կարճ ժամանակ առաջ լրագրողին ասելով, որ ֆոտոֆոնը «ամենամեծ ձեռքբերումն է». գյուտ, որը [ես] երբևէ արել եմ, ավելի մեծ, քան հեռախոսը»[7][8]։
Ֆոտոֆոնը նախորդել է օպտիկամանրաթելային կապի համակարգերին, որոնք 1980-ականներից սկսած են համաշխարհային տարածում ստացել[9][10][11]։ Ֆոտոֆոնի հիմնական արտոնագիրը ( U.S. patent 235,199 Ազդանշանային և հաղորդակցման ապարատ, որը կոչվում է Ֆոտոֆոն ) տրվել է 1880 թվականի դեկտեմբերին[6]` շատ տասնամյակներ առաջ այն բանից, երբ դրա սկզբունքները գործնական կիրառություն կգտնեին։
Ֆոտոֆոնը նման է ժամանակակից հեռախոսի, բացառությամբ, որ այն օգտագործում է մոդուլացված լույսը (էլեկտրամագնիսական ալիքների օպտիկական, hիմնականում` ինֆրակարմիր դիապազոնը) որպես անլար փոխանցման միջոց, մինչդեռ հեռախոսը հենվում էր մոդուլացված էլեկտրականության վրա, որը տեղափոխվում է հաղորդիչ զույգ մետաղալարով միացումով[12]։
Հետևաբար, արտացոլված լույսի ճառագայթի պայծառությունը, որը նկատվում է ընդունիչի գտնվելու վայրից, տատանվում է ըստ օդի ճնշման ձայնային հաճախականության տատանումների, ըստ այն ձայնային ալիքների, որոնք ազդում են հայելու վրա։
Ի սկզբանե, ֆոտոֆոնի ընդունիչը նույնպես ոչ էլեկտրոնային է եղել` օգտագործելով ֆոտոակուստիկ էֆեկտը։ Բելը պարզել է, որ շատ նյութեր կարող են օգտագործվել որպես ուղիղ լույսը ձայնի փոխարկելու միջոց։ Այդ առումով տեխնիկական ածխաջրածինը (անգլ.՝ Carbon black) հիանալի է դրսևորել իրեն։ Արևի լույսի լիովին մոդուլավորված ճառագայթը` որպես ազդանշան օգտագործելիս, փորձնական ընդունիչի կոնստրուկցիաներից մեկը, որի համար օգտագործվում էր միայն լամպի սև նստվածքը, արտաբերում էր մի հնչյուն, որը Բելը նկարագրել է որպես սարքին միացված ականջի համար «ցավալիորեն բարձր»[13]։
Իր վերջնական էլեկտրոնային ձևով ֆոտոֆոնի ընդունիչն օգտագործում է պարզ սելենի բջիջների ֆոտոդետեկտոր` տեղադրված պարաբոլիկ հայելու կիզակետում[6]։ Բջջի էլեկտրական դիմադրությունը (մոտ 100-300 օհմ միջակայքում) փոխվում է իր վրա ընկնող լույսին հակադարձ համեմատական, այսինքն՝ նրա դիմադրությունն ավելի բարձր է թույլ լուսավորության դեպքում, ավելի ցածր` վառ լուսավորության դեպքում։ Սովորական հեռախոսի սխեմայում սելենի բջիջն է փոխարինել ածխածնայինին, որը նույնպես փոփոխական դիմադրության սարք է` բաղկացած հաջորդաբար միացված մարտկոցից, էլեկտրամագնիսական ականջակալից և փոփոխական դիմադրությունից։ Սելենը մոդուլացնում է շղթայի միջով անցնող հոսանքը, և հոսանքը ականջակալի միջոցով նորից վերածվում է օդի ճնշման տատանումների՝ ձայնի։
1880 թվականի օգոստոսին Գիտության առաջխաղացման աջակցության ամերիկյան ասոցիացիային ուղղված իր ելույթում Բելը 1878 թվականի աշնանը Լոնդոնից պարոն Է.Ս. Բրաունին հիշատակել է լույսի միջոցով խոսքի փոխանցման առաջին ցուցադրության համար[6][14]։
Քանի որ սարքն օգտագործում է ճառագայթային էներգիա, ֆրանսիացի գիտնական Էռնեստ Մերկադյեն առաջարկել է, որ գյուտը չպետք է անվանվի «ֆոտոֆոն», այլ «ռադիոֆոն», քանի որ դրա հայելիներն արտացոլում են Արեգակի ճառագայթային էներգիան բազմաթիվ շերտերով, ներառյալ անտեսանելի ինֆրակարմիր շերտը[15]։ Բելը որոշ ժամանակ օգտագործել է այդ անվանումը, սակայն այն չպետք է շփոթել ավելի ուշ «ռադիոհեռախոս» գյուտի հետ, որն օգտագործում էր ռադիոալիքներ[16]։
Իր հարսնացու Մեյբել Հաբարդի հետ Եվրոպայում մեղրամիսն անցկացնելու ժամանակ Բելը կարդացել է սելենի նոր հայտնաբերված հատկության մասին, որը լույսի ազդեցության դեպքում ունենում է փոփոխական դիմադրություն։ Հատկության մասին գրել էր Ռոբերտ Սաբինն իր հոդվածի մեջ, որը հրապարակվել է Nature ամսագրում 1878 թվականի ապրիլի 25-ին։ Իր փորձերի ժամանակ Սաբինն օգտագործել է չափիչ՝ տեսնելու լույսի ազդեցությունը, որը գործում է սելենի վրա, որը միացված էր մարտկոցին։ Բելը եզրակացրել է, որ եթե նույն շղթային ավելացնի հեռախոսի ընդունիչ, ապա նա կկարողանա լսել այն, ինչ Սաբինը կարող էր տեսնել միայն[17]։
Բելի նախկին գործընկեր Թոմաս Ուոթսոնը ամբողջվին զբաղված էր Բոստոնում (Մասաչուսեթս) նորաստեղծ Bell Telephone ընկերության արտադրության ղեկավարման աշխատանքներով։ Եվ Բելը` Վաշինգտոնում իր նոր 1325 L փողոցի վրա գտնվող «Վոլտա» լաբորատորիայում աշխատելու համար, շաբաթական 15 դոլարով վարձել է գիտական գործիքներ արտադրող գործարար Չարլզ Սամներ Թեյնթերին, ով նախկինում մասնակցել էր 1874 թվականին Վեներայի անցման[18] ԱՄՆ-ից ուսումնասիրման արշավախմբին[19]։
1880 թվականի փետրվարի 19-ին նրանց հաջողվել է ֆունկցիոնալ ֆոտոֆոն ստեղծել իրենց նոր լաբորատորիայում՝ մի շարք մետաղական ցանցեր կցելով դիաֆրագմային, ընդ որում, լույսի ճառագայթը ընդհատվում էր ցանցերի շարժումով՝ ի պատասխան արտաբերած հնչյունների։ Երբ մոդուլացված լույսի ճառագայթը ընկնում էր սելենային ընդունիչի վրա, Բելը, իր ականջակալներով, կարողանում էր հստակ լսել Թեյնթերին, որը երգում էր «Հին լավ ժամանակներ» (Auld Lang Syne) շոտլանդական երգը[20]։
1880 թվականի ապրիլի 1-ին Վաշինգտոնում փորձի ժամանակ Բելն ու Թեյնթերը հաղորդակցվել են մոտ 79 մետր (259 ֆուտ) հեռավորության վրա։ Հետո մի քանի ամիս անց՝ հունիսի 21-ին, նրանց հաջողվել է հստակ հաղորդակցվել մոտ 213 մետր հեռավորության վրա (մոտ 700 ֆուտ), օգտագործելով պարզ արևի լույսը որպես լույսի աղբյուր, գործնական էլեկտրական լուսավորությունը միայն նոր էր ներմուծվել (1879) ԱՄՆ Էդիսոնի կողմից։
Իրենց վերջին փորձերի ընթացքում հաղորդիչն արևի լույսն անդրադարձնում էր շատ բարակ հայելու մակերևույթից, որը տեղադրված էր խոսելու խողովակի ծայրին։ Բառերն արտասանելիս հայելին սկսում էր տատանվել ուռուցիկ և գոգավոր դառնալով՝ փոխելով դրա մակերեսից դեպի ընդունիչ արտացոլվող լույսի քանակը։ Թեյնթերը, ով գտնվում էր Ֆրանկլինի դպրոցի տանիքում, խոսում էր Բելի հետ, ով իր լաբորատորիայում լսում էր և Թեյնթերին պատասխանում՝ աշխուժորեն թափահարելով գլխարկը պատուհանից, ըստ նախապես պայմանավորվածության[5]։
Ընդունիչը պարաբոլիկ հայելի է, ռեֆլեկտոր, որի կիզակետում սելենի բջիջներ են։ Սա` Ֆրանկլինի դպրոցի տանիքից մինչև Բելի «1325 L» փողոցի լաբորատորիա անցնող, աշխարհի առաջին պաշտոնական անլար հեռախոսային կապն է (իրենց լաբորատորիայից հեռու), այսպիսով ֆոտոֆոնը դարձնելով աշխարհի ամենավաղ հայտնի ձայնային անլար հեռախոսային համակարգը` առաջին խոսակցական ռադիոալիքների հաղորդումներից առնվազն 19 տարի առաջ։
Բելն ու Թեյնթերը շարունակել են իրենց հետազոտությունը` ստեղծելով գրաֆոֆոնը (1886)։ Այդ ընթացքում նրանք մշակել են օպտիկական հեռախոսակապի լույսի ճառագայթների մոդուլյացիայի և դեմոդուլյացիայի համար մոտ 50 տարբեր եղանակներ[21]։
Հեռախոսն ինքնին դեռևս նորություն էր, իսկ ռադիոն տասնամյակներ հեռու էր կոմերցիոն դառնալուց։ Ֆոտոֆոնի ֆուտուրիստական հաղորդակցման ձևի նկատմամբ սոցիալական դիմադրություններից է 1880 թվականի օգոստոսին Նյու Յորք Թայմսի մեկնաբանությունը[22].
![]() |
Սովորական մարդը ... մի փոքր դժվարությամբ կհասկանա, թե ինչպես պետք է օգտագործվեն արևի ճառագայթները։ Արդյո՞ք պրոֆեսոր Բելը մտադիր է միացնել Բոստոնը և Քեմբրիջը ... հեռագրասյուների վրա կախված արևի ճառագայթների գծով, և եթե այո, ապա ինչ տրամագծով պետք է լինեն արևի ճառագայթները…[և] անհրաժեշտ կլինի՞ դրանք մեկուսացնել եղանակից... մինչև (հանրությունը) չգտնվի մի մարդ, որը փողոցներով կանցնի թիվ 12 արևի ճառագայթների կծիկը ուսին, և դրանք սյունից սյուն կախելով, ընդհանուր զգացողություն կառաջանա, որ պրոֆեսոր Բելի ֆոտոֆոնի մեջ ինչ-որ բան կա, որը հսկայական ճնշում է գործադրում մարդկային դյուրահավատության վրա։ - Նյու Յորք Թայմս, 1880
|
![]() |
Այնուամենայնիվ, 1880 թվականի փետրվարյան իրենց առաջընթացի ժամանակ Բելը անչափ հպարտ էր այդ ձեռքբերումով, այն աստիճան, որ նա ցանկանում էր իր նոր` երկրորդ դստերն անվանել «Ֆոտոֆոն», որը նրբորեն մերժեց նրա կինը՝ Մեյբել Բելը (նրանք փոխարենն ընտրեցին «Մարիան»` «Դեյզի» մականունով)[23]։ Բելը փոքր-ինչ ոգևորված գրել է հորը[4][24].
![]() |
Ես լսել եմ հոդաբաշխ խոսք արևի լույսի ներքո։ Ես լսել եմ, թե ինչպես է արևի ճառագայթը ծիծաղում, հազում և երգում։ ...Ես կարողացել եմ լսել ստվերը և նույնիսկ ականջով ընկալել են ամպի անցնելը արևի սկավառակի վրայով։ Դուք Ֆոտոֆոնի պապն եք, և ես ուզում եմ կիսվել իմ հաջողության ուրախությամբ։ - Ալեքսանդր Գրեհեմ Բելը իր հորը Ալեքսանդր Մելվիլ Բելին գրած նամակում, թվագրված 1880 թվականի փետրվարի 26-ին
|
![]() |
Բելը ֆոտոֆոնի մտավոր սեփականության իրավունքները փոխանցել է ամերիկյան հեռախոսագծերի Bell Telephone Company- ին 1880 թվականի մայիսին[24]։ Թեև Բելը հույս ուներ, որ իր նոր ֆոտոֆոնը կարող է օգտագործվել ծովում գտնվող նավերի համար, ինչպես նաև ազատել հեռախոսագծերի առատությունից, որոնք ծաղկում էին քաղաքային բանուկ բուլվարների երկայնքով, նրա սարքը չկարողացավ պաշտպանել դրա փոխանցումները արտաքին միջավայրի ազդեցություններից, ինչպիսիք են ամպերը, մառախուղը, անձրև, ձյուն և այլն, որոնք հեշտությամբ կարող են խաթարել լույսի փոխանցումը[25]։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են եղանակը և լույսի բացակայությունը, խանգարող հանգամանք են հանդիսացել Բելի գյուտի կիրառման գործում[26]։
Շատ չանցած նրա գյուտի լաբորատորիաները Bell System- ում շարունակել են կատարելագործել ֆոտոֆոնը՝ հուսալով, որ այն կարող է լրացնել կամ փոխարինել թանկարժեք սովորական հեռախոսագծերը։ Դրա ամենավաղ ոչ փորձարարական կիրառումը եղել է ռազմական կապի համակարգերում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի հիմնական առավելությունն այն էր, որ լույսի վրա հիմնված փոխանցումները չէին կարող կալանվել թշնամու կողմից։
Բելը խորհել է ֆոտոֆոնի հնարավոր գիտական կիրառության մասին արհեստական լույսի աղբյուրների, աստղերի և արևային բծերի սպեկտրային վերլուծության մեջ։ Հետագայում նա նաև ենթադրություններ է արել դրա հնարավոր ապագա կիրառությունների մասին, թեև նա չի էլ ակնկալել ո՛չ լազերային, ո՛չ օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության հնարավոր լինելը[24]։
Թեև Bell Telephone ընկերության հետազոտողները որոշ աստիճանական բարելավումներ կատարել են Բելի և Թեյնթերի սխեմայում, այնուամենայնիվ Մարկոնիի ռադիոհաղորդումները սկսել են զգալիորեն գերազանցել ֆոտոֆոնի առավելագույն տիրույթը` դեռևս 1897 թվականին[7], և ֆոտոֆոնի հետագա զարգացումը հիմնականում դադարեցվել է մինչև 20-րդ դարի վերջը, երբ սկսվել են գերմանա-ավստրիական փորձարկումները։
Գերմանացի ֆիզիկոս Էռնստ Ռումերը ենթադրել է, որ իր բարելավված սելենի բջիջների բարձր զգայունությունը, զուգորդված պրոֆեսոր Հ.Թ. Սայմոնի «խոսող աղեղի» գերազանց ընդունման հնարավորությունների հետ, ֆոտոֆոնը կիրառելի կդարձնի ավելի երկար ազդանշանային հեռավորությունների վրա։
Ռումերը մի շարք փորձարարական հաղորդումներ է իրականացրել Հավել գետի (Էլբա գետի աջ վտակ) երկայնքով և Վանզե լճի վրա 1901-1902 թվականներին։ Նա հայտնել է, որ եղանակային լավ պայմաններում հաջողվել է հասնել մինչև 15 կիլոմետր (9 մղոն) հեռավորության[28]` նույն հաջողությամբ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ Նա շարունակել է իր փորձերը Բեռլինում մինչև 1904 թվականը, գերմանական նավատորմի հետ համատեղ, որը մատակարարում էր բարձր հզորությամբ լուսարձակներ՝ փոխանցման տուփերում օգտագործելու համար[29]։
Գերմանական Siemens & Halske ընկերությունը մեծացրել է ֆոտոֆոնի հեռահար տիրույթը՝ օգտագործելով հոսանքով մոդուլացված ածխածնա-աղեղային լամպեր, որոնք ապահովել են մոտավորապես 8 կմ (5,0 մղոն) օգտակար հեռահարություն։ Նրանք արտադրել են սարքեր գերմանական նավատորմի կոմերցիոն օգտագործման համար, որոնք հետագայում լրացուցիչ հարմարեցվել են ձայնային մոդուլացմամբ նավի լուսարձակների օգտագործման համար` իրենց հեռահարությունը հասցնելով 11 կմ (6,8 մղոն)։
Բրիտանական ծովակալության հետազոտությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հանգեցրել է թրթռացող հայելային մոդուլատորի ստեղծմանը 1916 թվականին։ 1917 թվականին ընդունիչի համար նախկինում կիրառվող սելենի բջիջները փոխարինվել են ավելի զգայուն մոլիբդենիտի բջիջներով, որոնք նույնպես ավելի մեծ զգայունություն ունեն ինֆրակարմիր ճառագայթման նկատմամբ[6]։ Միացյալ Նահանգների և Գերմանիայի կառավարությունները նույնպես աշխատել են Բելլի համակարգի տեխնիկական բարելավման վրա[30]։
1935 թվականին գերմանական Carl Zeiss ընկերությունը սկսել է արտադրել ինֆրակարմիր ֆոտոֆոններ գերմանական ցամաքային զորքերի տանկային գումարտակների համար՝ օգտագործելով վոլֆրամի լամպեր ինֆրակարմիր ֆիլտրերով, որոնք մոդուլացվել են թրթռացող հայելիների կամ պրիզմայի միջոցով։ Սրանք նաև օգտագործել են ընդունիչներ` օգտագործելով կապարի սուլֆիդային դետեկտորային բջիջներ և ուժեղացուցիչներ և օպտիմալ պայմաններում դրանց հեռահարությունը բարձրացնելով մինչև 14 կիլոմետրի (8,7 մղոն)։ Ճապոնական և իտալական բանակները նույնպես փորձել են զարգացնել լուսաալիքային հեռահաղորդակցությունը մինչև 1945 թվականը[6]։
Մի քանի ռազմական լաբորատորիաներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, շարունակել են հետազոտության և զարգացման ջանքերը ֆոտոֆոնի վրա մինչև 1950-ական թվականները՝ փորձարկելով 500-ից մինչև 2000 Վտ հզորությամբ բարձր ճնշման գոլորշու և սնդիկի աղեղային լամպեր[6]։
1947 թվականի մարտի 3-ին՝ Ալեքսանդր Գրեհեմ Բելի ծննդյան հարյուրամյակին, Ամերիկայի Հեռախոսային պիոներներ կամավորների ցանցը պատմական ցուցանակ է տեղադրել շենքերից մեկի՝ Ֆրանկլինի դպրոցի պատին, որը Բելն ու Սամներ Թեյնթերն օգտագործել էին զգալի հեռավորության վրա իրենց առաջին պաշտոնական ցուցադրության համար։ Թեյնթերն ի սկզբանե կանգնել էր դպրոցի շենքի տանիքին և կապվել Բելի հետ, որն իր լաբորատորիայի պատուհանի մոտ էր։
1980 թվականի փետրվարի 19-ին, ուղիղ 100 տարի հետո, երբ Բելի և Թեյնթերի առաջին ֆոտոֆոնի փոխանցումը կատարվել էր իրենց լաբորատորիայում, Սմիթսոնյան ինստիտուտի, Ազգային աշխարհագրական կազմակերպության և AT&T-ի Բելլի լաբորատորիայի աշխատակիցները հավաքվել են Վաշինգտոնում, «1325 L» փողոցի վրա Բելի նախկին Վոլտա լաբորատորիայի վայրում, իրադարձության ոգեկոչման համար[11][31]։
Ֆոտոֆոնի հարյուրամյակ ոգեկոչումն առաջին անգամ առաջարկել է էլեկտրոնիկայի հետազոտող և գրող Ֆորեսթ Մ. Միմսը, որն առաջարկել է այն դոկտոր Մելվիլ Բել Գրոսվենորին՝ գյուտարարի թոռանը՝ Ազգային աշխարհագրական կազմակերպության իր գրասենյակ այցելության ժամանակ։ Ավելի ուշ պատմական խմբավորումը նշել է ֆոտոֆոնի առաջին հաջող լաբորատոր փոխանցման հարյուրամյակը՝ օգտագործելով Միմսի ձեռքով պատրաստված ցուցադրական ֆոտոֆոն, որը գործում էր Բելի և Թեյնթերի մոդելի նման[21][Ն 1]:
Միմսը նաև կառուցել և տրամադրել է մի զույգ ժամանակակից ձեռքի մարտկոցով աշխատող LED հաղորդիչներ, որոնք միացված են 100 յարդ (91 մ) օպտիկական մանրաթելով։ Բելի լաբորատորիայից Ռիչարդ Գունդլախը և Սմիթսոնյան ինստիտուտից Էլիոթ Սիվովիչը ոգեկոչման ժամանակ օգտագործել են այդ սարքը՝ ցուցադրելով ֆոտոֆոնի ժամանակակից ժառանգներից մեկը։ Ազգային աշխարհագրական կազմակերպությունը նաև հատուկ կրթական ցուցադրություն է կազմակերպել իր Հետզոտողի սրահում՝ լուսաբանելով ֆոտոֆոնի գյուտը Սմիթսոնյան ինստիտուտից փոխառված բնօրինակ իրերով[32]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոտոֆոն» հոդվածին։ |
|