Ֆուտբոլը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում

Փիլիպոս II-ի անունը կրող մարզադաշտի ներքին համայնապատկերը

Ֆուտբոլը Մակեդոնիայի Հանրապետությունում, Մակեդոնիայի Հանրապետության ամենահայտնի սպորտաձևը[1][2]։ Պետությունը ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) անդամ դարձել է 1994 թվականին։ Ազգային հավաքականը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում ցուցաբերել է մի քանի ուշագրավ արդյունքներ։ Դրանցից առավել հայտնիներն են 2002 թվականի հոկտեմբերին Անգլիայի հավաքականի դեմ հանդիպումը, որի ժամանակ հարավային սլավոններն ու անգլիացիները երկուական գնդակ են փոխանակում։ Արդյունքում՝ հանդիպումն ավարտվում է «2-2» հաշվով։ Երկու տարի անց՝ 2004 թվականի նույն ամսին, Մակեդոնիայի հավաքականը քաղաքամայր Սկոպյեում հյուրընկալում է Նիդերլանդների հավաքականին, որի արդյունքում ևս խաղն ավարտվում է «2-2» հաշվով։ Ամստերդամում տեղի ունեցած պատասխան խաղը գոլազուրկ է լինում՝ «0-0»։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին Անգլիայի հավաքականը Մանչեսթերում տեղի ունեցած խաղում պարտություն է կրում։ 2007 թվականի նոյեմբերի 17-ին մակեդոնացիները հաղթում են խորվաթներին «2-0» հաշվով։ Հարավսլավիայի հավաքականի իրավահաջորդ հանդիսացող Մակեդոնիայի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1993 թվականի հոկտեմբերի 13-ին՝ «1-4» հաշվով հաղթելով Սլովենիայի ընտրանուն։ Խոշորագույն հաղթանակը գրանցել է 1996 թվականին՝ սեփական հարկի տակ «1-11» հաշվով ջախջախելով նոր ձևավորված Լիխտենշտայնի հավաքականին։ Սլավոնական հավաքականի խոշորագույն պարտությունները թվով հինգն են։ 1995 թվականին Բելգիայի, իսկ 2001-ին՝ Սլովակիայի և Հունգարիայի հավաքականներին հաջողվում է 5 անպատասխան գնդակ ուղարկել մակեդոնացիների դարպասը։ Նմանօրինակ վերջին միջադեպը գրանցվել է 2005 թվականի հունիսի 8-ին, երբ չեխերը 6 գնդակ են ուղարկում մրցակցի դարպասը՝ փոխարենն ընդունելով միայն մեկը («6-1»): Մակեդոնիայի հավաքականի տնային մարզադաշտը Փիլիպոս II-ի անունը կրող արենան է, որը խոշորագույն սպորտային համալիրն է հանրապետության տարածքում։ Հավաքականի ՖԻՖԱ կոդը՝ MKD։

Մակեդոնիայի Հանրապետության Ֆուտբոլի Ֆեդերացիայի առանցքային խնդիրներից է ակումբային ֆուտբոլի զարգացումը պետության տարածքում։ Մակեդոնական ֆուտբոլային ակումբները հանդես են գալիս ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայում, Սուպեր գավաթում, ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում և այլ հեղինակավոր մրցություններում։ Մակեդոնական ամենանշանավոր ֆուտբոլային ակումբներից են Սկոպյեի «Վարդար»-ը և «Ռաբոտնիչկի»-ն, Տետովոյի «Շկենդիա»-ն, Բիտոլայի «Պելիստեր»-ը և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մակեդոնացիների և նրանց նախասիրությունների մասին». Everyculture.com. 1991 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  2. «101 Facts on Macedonia». EURM. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]