Ֆրանսուա դը Բելֆորե ֆր.՝ François de Belleforest | |
---|---|
Ծնվել է | նոյեմբեր 1530[1] |
Ծննդավայր | Սամատան |
Մահացել է | հունվարի 1 (11), 1583[2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, բանաստեղծ և պատմաբան |
François de Belleforest Վիքիպահեստում |
Ֆրանսուա դը Բելֆորե (ֆր.՝ François de Belleforest նոյեմբեր 1530[1], Սամատան - հունվարի 1 (11), 1583[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]), ֆրանսիացի գրող, 16-րդ դարի պոետ և թարգմանիչ։
Ֆրանսուա դե Բելֆորեն ծնվել է աղքատ ընտանիքում։ Երբ յոթ տարեկան էր, հայրը զոհվել է պատերազմում։ Որոշ ժամանակ ապրել է Մարգարիտ Նավառացու արքունիքում, հետո մեկնել է Թուլուզ և Բորդո, որտեղ հանդիպել է պատմաբան և հումանիստ Ջորջ Բյուկենենին։ Այնուհետև ժամանել է Փարիզ, որտեղ ծանոթացել է ֆրանսիական երիտասարդ գրական սերնդի ներկայացուցիչների՝«Պլեադա» միավորման անդամների հետ, ինչպիսիք են Պիեռ Ռոնսարը, Ժան Անտուան դե Բայիֆը, Ժան Դորան, Ռեմի Բելոն, Անտուան դյու Վերդեն և Օդեթ դե Տուրնեբը։
1568 թվականին Ֆրանսուան դարձել է Ֆրանսիայի թագավոր Հենրի 3-րդի պատմագիրը, սակայն պատմության շարադրանքում թույլ է տվել մի շարք սխալներ և շուտով կորցրել աշխատանքը։ Զբաղվել է գրավաճառությամբ և լցրել Փարիզը իր բազմաթիվ ստեղծագործություններով։
Բելֆորեն գրել է բազմաթիվ թեմաներով՝ տիեզերագիտության, բարոյականության, գրականության և պատմության մասին։ Նրա ֆրանսերեն թարգմանությունների թվում են այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Մատտեո Բանդելլոն, Բոկաչչոն, Անտոնիո դե Գևարան, Ֆրանչեսկո Գվիչարդինին, Պոլիդոր Վերգիլիուսը, Կիպրիանոսը, Սեբաստիան Մյունստերը, Ախիլ Տատիյը, Ցիցերոնը, Դեմոսթենեսը և այլք։
Ֆրանսուա դե Բելֆորեն ֆրանսիական առաջին հովվական վեպի՝ «La Pyrénée» (կամ «La Pastorale amoureuse», 1571 թվական) հեղինակն է։ Նրա «Grandes Annales»-ը բանավիճական աշխատանք է, որտեղ վիճում է լատինական գրականության գիտակ Ֆրանսուա Օտմանի հետ։ Նրա աշխատանքների ընդհանուր թիվը շուրջ 50 հատոր է։
Նրա առավել հաջող աշխատանքը, ամենայն հավանականությամբ, Մատտեո Բանդելլոյի որոշ նովելների թարգմանությունն ու հարմարեցումն է՝ «Ողբերգական պատմություններ» անվամբ։ Այդ պատմություններից մեկը կարող էր աղբյուր դառնալ Շեքսպիրի «Համլետի» համար[4]։ 16-րդ դարում Ֆրանսուա դե Բելֆորեն նկարագրել է Էլսինոր քաղաքի թագավորական ամրոցը, որտեղ ծավալվել են Դանիայի արքայազնի՝ Շեքսպիրյան Համլետի ողբերգական իրադարձությունները։ Դրանց մասին հեղինակն իր հերթին կարդացել է Սաքսոն Գրամատիկուսի՝ 12-րդ դարի ժամանակագրության մեջ[5]։
1575 թվականին Ֆրանսուա դե Բելֆորեն առաջինն է օգտագործել է Մոնրեալ անունը՝ գրելով.
«Բնակավայրի կենտրոնում է գտնվում մի գյուղ կամ արքայական քաղաք, որը հարակից է մի լեռան, քաղաք, որը քրիստոնյաներն անվանում էին Մոնրեալ»։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա դը Բելֆորե» հոդվածին։ |
|