Ֆրեդի Պրինց | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1954[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 29, 1977 (22 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Ազդվել է | Լենի Բրյուս, Ջորջ Քարլին, Ռիչարդ Փրայոր, Չիչ Մարին և Բիլ Քոսբի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին | Kathy Prinze? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ֆրեդի Պրինց կրտսեր[2] |
![]() |
Ֆրեդի Ջեյմս Պրինց (անգլ.՝ Freddie Prinze, ծննդ. անունը` Ֆրեդերիկ Կարլ Պրուցել, հունիսի 22, 1954[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 29, 1977, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սթենդափ-կոմիկ, դերասան և սցենարիստ։ Ֆրեդի Պրինցը NBC հեռուստաալիքի «Chico and the Man» կոչվող սիթքոմի աստղն էր 1974 թվականից մինչև 1977 թվականի ինքնասպանությունը։
Ամերիկացի դերասան Ֆրեդի Պրինց Կրտսերի հայրն է։
Ծնվել է Նյու Յորքում[3]` Էդվարդ Կարլ և Մարիա Գրանիելա Պրուցելների ընտանիքում։ Մայրը պուերտոռիկացի էր, իսկ հայրը գերմանացի ներգաղթյալ էր[4], որն ԱՄՆ էր ժամանել 1934 թվականին։ Պրինցը մեծացել է Վաշինգտոն-Հայթս շրջանում[5]։ Մանկության տարիներին մայրը նրան տարել է բալետային խմբակ։ Առանց ծնողներին ասելու Պրինցը հաջողությամբ անցել է Լա Գուարդիայի արվեստի դպրոցի լսումների փուլը, որտեղ նա հայտնաբերել է իր կատակերգական տաղանդը` զվարճացնելով բազմությանը տղամարդկանց զուգարանում։ Այնուհետև նա թողել է դպրոցը, որպեսզի դառնա սթենդափ-կոմիկ։
Ֆրեդի Պրինցն աշխատել է Նյու Յորքի մի քանի կատակերգական ակումբներում, որտեղ նա հանդիսատեսին ներկայացել է որպես հունգարացի (մասամբ` հունգարացի, մասամբ` պուերտոռիկացի), չնայած նրան, որ մայրը պուերտոռիկացի էր, իսկ հայրը` գերմանացի։ Պրինցի որդին` Ֆրեդի Պրինց Կրտսերը, բազմիցս հայտարարել է, որ իր հայրը կիսով չափ գերմանացի էր, կիսով չափ պուերտոռիկացի։ Դա հաստատվում է նաև մարդահամարի տվյալներով, ինչպես նաև Պրուցել ընտանիքի ընտանեկան հաշիվներով։ Հանուն իր խոստումնալից կատակերգական կարիերայի նա փոխել է ազգանունը Պրուցելից Պրինցի։ Նա ընտրել է այդ անունը, քանի որ ըստ նրա ընկերոջ` Դավիթ Բրեների` Պրինցն ի սկզբանե ցանկացել է հայտնի լինել որպես կոմեդիայի արքա, բայց քանի որ Ալան Քինգն արդեն ուներ նման անուն և մականուն, Ֆրեդին որոշել է դառնալ կատակերգության արքայազն։
1973 թվականին Պրինցն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում Tonite ֆիլմի վերջին դրվագներից մեկում։ 1973 թվականի դեկտեմբերին «The Tonight Show Starring Johnny Carson»-ում հեռուստատեսությամբ հայտնվելուց հետո տեղի ունեցավ բեկում։ Պրինցն առաջին երիտասարդ կոմիկն էր, որին հրավիրել էին խոսելու Կարսոնի հետ նրա առաջին ելույթի ժամանակ։ Պրինցն այս շոուում հայտնվել է մի քանի անգամ ևս։ Նա նաև հայտնվել է «The Midnight Special»-ի հատուկ թողարկման ժամանակ, որպեսզի այնտեղ ելույթ ունենա։
1974 թվականի սեպտեմբերից մինչև մահը` 1977 թվականի հունվարը, Պրինցը նկարահանվել է Ֆրանսիսկո Չիկո Ռոդրիգեսի դերում NBC հեռուստաալիքի «Chico and the Man» հեռուստասերիալում։ Շոուն ակնթարթորեն հիթ դարձավ։ Նա նաև ելույթ է ունեցել The Dean Martin Celebrity Roast շոուում։ 1975 թվականին նա թողարկել է կատակերգական ալբոմ, որը ձայնագրվել է Չիկագոյում միստր Քելիի մոտ` «Looking Good» անվամբ, որը թևավոր արտահայտություն էր ֆիլմից։ 1976 թվականին նա նկարահանվել է The Million Dollar Rip-Off հեռուստատեսային ֆիլմում։ Պրինցը վոկալային տաղանդ ուներ։ Իր մահից մոտ չորս ամիս առաջ նա NBC-ի հետ կնքել է 6 մլն դոլարի հնգամյա պայմանագիր։
1975 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրեդի Պրինցն ամուսնացել է Քեթրին Էլեյն Կոհրանի հետ, 1976 թվականի մարտի 8-ին զույգը որդի է ունեցել` Ֆրեդի Պրինց Կրտսերը։ 1976 թվականի նոյեմբերի 16-ին Պրինցը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Մի քանի շաբաթ անց նրա կինն ամուսնալուծվել է։ Պրինցը նաև ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր դերասանուհի Պեմ Գրիերի հետ 1973 թվականին հանդիպելուց հետո[6]։ Գրիերը հիշում է իրենց հարաբերությունների մասին իր ինքնակենսագրական հուշագրությունների տասնիններորդ գլխում` «Իմ կյանքը երեք գործողություններում»[7]։ Գրիերից բաժանվելուց հետո Պրինցը որոշ ժամանակ հանդիպել է դերասանուհի Լոնեթ Մաքքիի հետ 1976 թվականին[8]։ Նա երգիչ Թոնի Օռլանդոյի շատ մտերիմ ընկերն էր[9]։ Սկսելով ավելի շատ գումար վաստակել` Պրինցը սկսեց մարտարվեստի դասեր վերցնել Ռոբերտ Ուոլից[10]` Բրյուս Լիի աշակերտից, որը նկարահանվել է «Վիշապի մուտքը» և «Վիշապի ուղին» ֆիլմերում։ Ուոլը դարձավ Պրինցի նորածին որդու կնքահայրը[11]։
Պրինցը տառապել է դեպրեսիայից, որն ուժեղացել է մի քանի շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ նրա կինը որոշել է ամուսնալուծվել։ 1977 թվականի հունվարի 28-ի գիշերը` իր նախկին կնոջ հետ հեռախոսազրույցից հետո, Պրինցին այցելել է իր բիզնես մենեջերը` Մարվին Սնայդերը։ Սնայդերի ներկայությամբ Պրինցն ատրճանակը դրել է գլխին և ինքնասպան եղել[12]։ Նրան շտապ տեղափոխել են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոն և շտապ վիրահատությունից հետո միացրել են կենսապահովման համակարգին։ Նրա ընտանիքը տվել է իր համաձայնությունն անջատել նրան կենսապահովման սարքից. հունվարի 29-ին` ժամը 13։ 00-ին, նա մահացել է[13]։ Նա հրաժեշտի հեռախոսազանգեր է կատարել` ուղղված ընտանիքի բազմաթիվ անդամներին և ընկերներին իր մահվան գիշերը, ինչպես նաև գրություն է թողել, որում հայտնել է, որ որոշել է ինքնասպան լինել[14][15]։ 1977 թվականին նրա մահը ճանաչվել է որպես ինքնասպանություն։ Սակայն 1983 թվականին նրա մոր կողմից հարուցված քաղաքացիական գործով երդվյալ ատենակալները եկել են այն եզրակացության, որ նրա մահը պայմանավորված էր դեղերով և պատահական էր, ինչը թույլ է տվել նրա ընտանիքին զգալի փոխհատուցում ստանալ կյանքի ապահովագրության համար[16]։
Պրինցը հուղարկավորվել է Լոս Անջելեսի Հոլիվուդ Հիլզի գերեզմանատանը` Ֆորեստ Լոուն հուշայգում իր հոր` Էդվարդ Կարլ Պրուտցելի կողքին։ Նրա որդին` Ֆրեդի Պրինց Կրտսերը, որի մեկ տարին դեռ չէր լրացել, երբ հայրը մահացավ, հրապարակավ չի խոսել իր հոր մահվան մասին, մինչև որ նա քննարկել է այն ռեժիսոր Քևին Փոլաքի «Misery Loves Comedy» (2015) վավերագրական ֆիլմում[17]։
Ֆրեդի Պրինցի մայրը գիրք է գրել իր որդու մասին` The Freddie Prinze Story, որը լույս է տեսել 1978 թվականին։ 1979 թվականի սեպտեմբերին թողարկվել է Can You Hear the Laughter? The Story of Freddie Prinze հեռուստատեսային կենսագրական ֆիլմը։ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին բացվել է Պրինցի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում[18][19]։ Դերասան և կատակերգու Ջորջ Լոպեսը խոստովանել է, որ ինքն է աստղը գնել Պրինցի համար[20]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Պրինց» հոդվածին։ |
|