Ֆրանսիս Քուրքջյան Francis Kurkdjian | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | ISIPCA? (1993) |
Մասնագիտություն | օծանելիքագործ |
Աշխատանք | «Maison Francis Kurkdjian» օծանելիքների հիմնադիր |
Աշխատավայր | Maison Francis Kurkdjian? |
Պարգևներ և մրցանակներ | Ֆրանսուա Կոտի անվան մրցանակի դափնեկիր, Պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակ, Արվեստի և գրականության շքանշան |
Կայք | franciskurkdjian.com |
Ֆրանսիս Քուրքջյան (ֆր.՝ Francis Kurkdjian, մայիսի 14, 1969, Փարիզ), ֆրանսահայ օծանելիքագործ, «Francis Kurkdjian» օծանելիքի տան հիմնադիր, գործարար։
Ֆրանսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում[1]։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում։ Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթողենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։ Հայրը եղել է ինֆորմատիկայի բնագավառի ինժեներ։ Հոր հորեղբայրը եղել է երաժիշտ Արա Պարթևյանը[2]։ Քուրքջյանը փոքրուց հետաքրքրվում էր արվեստով և երազում էր հայտնվել բեմում։ Փարիզի օպերային դպրոցի քննությունն անհաջող հանձնելուց հետո նրան հետաքրքրեց օծանելիքագործությունը։ 1990 թվականին նա մեկնեց Վերսալ և ստացավ մասնագիտական կրթություն։ Փորցառություն անցնելուց հետո աստիճանաբար մասնագիտանում է։ 25 տարեկանում ստեղծեց իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով[3]։ «Le Mâle»-ի ստեղծման համար մոտ քսան բաղադրիչ է ստեղծվել, այդ թվում օշինդր, անանուխ, նարդոս, հիլ, դարչին, նարինջ, սանդալի յուղ, վանիլ և այլն[4]։ Այդ օծանելիքի սրվակն անձամբ ձևավորել է Ժան Պոլ Գոտյեն։ Օծանելիքի խորհրդանիշը ֆրանսիական նավատորմի նավաստին է։ Ֆրանսիսը 1999 թվականին կոսմետիկ պարագաներ արտադրող «Elizabeth Arden» ընկերության համար ստեղծել է «Green Tea» բուրմունքը, իսկ «Burberry» ընկերության համար՝«My Burberry» բուրմունքը[5]։ Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։ 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից[6]։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։ Քուրքջյանը ստեղծում է նաև բույր, մեկ օրինակով, պատվիրատուի համար։ Համագործակցել է Papier d'Arménie (Հայկական թուղթ) ընկերության հետ[7]։