"La mamma" | |
---|---|
Song | |
Ժանր | Շանսոն |
«La Mamma» («Մաման»), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրի՝ 1962-ին ֆրանսացի բանաստեղծ Ռոպեր Կալլի բանաստեղծութեան խօսքերով յօրինած եւ կատարած հիթային երգ[1]:
«La Mamma» երգը սիրուած մօր մասին է, որուն կեանքին վերջին ժամերուն սատարելու կու գան հարազատներն ու մտերիմները։
Ֆրանս Կալլ՝ երգի բնագիրին հեղինակ Ռոպեր Կալլի դուստրը, կը պատմէ.[2] «Կը յիշեմ՝ փոքրիկ աղջիկ էի, երբ համերգի ժամանակ Շարլ Ազնաւուրի հետ կատարեցի «La Mamma» այնչափ յուզիչ երգը: Ինծի այնպէս մը կը թուէր, թէ այդ պահուն քովս էին երգի բանաստեղծական բնագիրին հեղինակ հայրս եւ անոր մայրիկը՝ իմ սիրելի տատիկս, որ իր ապրած կեանքով, իր հոգիին ջերմութեամբ եւ իր մահով ներշնչած էր հօրս՝ գրելու այդ բանաստեղծութիւնը»:
Շարլ Ազնաւուր "La mamma"-ն առաջին անգամ կատարած եւ ձայնագրած է 1962-ին՝ իր երգերու 1963-ին հրապարակուելիք ալպոմին համար: Երգը առանձինը առաջին անգամ հրապարակուած է 1963-ի սկիզբը, Les Compagnons de la chanson երաժշտախումբի կատարմամբ, որ ֆրանսական հիթ-շքերթին մէջ զբաղեցուցած է 80-րդ տեղը[3]: Բայց շուտով (Փետրուար 1964-ին) հրապարակուած է Ազնաւուրի կատարման տարբերակը, որ շատ կարճ ժամանակամիջոցի մէջ զբաղեցուցած է առաջին տեղը եւ երկար ժամանակ պահպանած այդ բարձր տեղը հիթ-շքերթին մէջ: "La mamma"-ի ազնաւուրեան կատարումը 1964-ին առաջնակարգ տեղեր գրաւած է նաեւ Պելճիքայի , Իտալիոյ եւ այլ երկիրներու մէջ: Անիկա դարձած է Շարլ Ազնաւուրի առաջին երգը, որուն վաճառքի ցուցանիշը հատած է մէկ միլիոն օրինակի սահմանագիծը[4]:
(La Mamma երգի ազնաւուրեան կատարման՝ տարբեր երկիրներու 1963-1965 թթ. հիթ-շքերթներուն մէջ զբաղեցուցած տեղերը )
Երկիրը | Զբաղեցուցած տեղը[5] |
---|---|
Աւստրիա | 15 |
Պրազիլ | 4 |
Սպանիա | 1 |
Ֆինլանտա | 15 |
Ֆրանսա | 1 |
Յունաստան | 12 |
Իտալիա | 11 |
Ուրուկուէյ | 4 |
Վալոնիա | 2 |