Ալեքսանդր Ծատուրյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Ալեքսանդր Հովսեփի Աստվածատրյան |
Ծնվել է | մարտի 28, 1865[1][2] |
Ծննդավայր | Զաքաթալա, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | մարտի 31, 1917[1][2] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Խոջիվանք |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և լեզվաբան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | բանաստեղծություն և քնարապատմողական |
Ալեքսանդր Ծատուրյան Վիքիքաղվածքում | |
Ալեքսանդր Ծատուրյան Վիքիդարանում | |
![]() |
Ալեքսանդր Հովսեփի Ծատուրյան (մարտի 28, 1865[1][2], Զաքաթալա, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 31, 1917[1][2], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881 թ) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881 թվականի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1888 թվականին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը` փականագործի մասնագիտությամբ, սակայն հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885 թվականին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։ Ծատուրյանը վերադառնում է Թիֆլիս և շարունակում է աշխատակցել «Աղբյուրին»։
Մինչև 1902 թվականը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888 թվականից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»-ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»-ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902 թվականին դարձել է Մոսկվայի գրական-գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն[3]։
1891 թվականին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898 թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)[4]։
Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» (1896-1898) շարքը։
1901 թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ Վ.Սուրենյանցի նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։
Ծատուրյանը մասնակցել է Յուրի Վեսելովսկու և Մինաս Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1905 թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով), 1906 թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Կոնստանտին Բալմոնտը, Ե․ Պոլոնսկին, Բորիս Սադովսկին։
Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Ա. Տեր-Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։
Ալեքսանդր Ծատուրյանը մահացել է 1917 թվականի մարտի 31-ին Թիֆլիսում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը։
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 119)։ ![]() |
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ծատուրյան» հոդվածին։ |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ծատուրյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ծատուրյան» հոդվածին։ |
|