Անրի Ֆոսիյոն Henri Focillon | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1881[1][2][3][…] Դիժոն, Կոտ դ’Օր, Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 3, 1943[1][2][3][…] (61 տարեկան) Նյու Հեյվեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | արվեստագետ, համալսարանի դասախոս և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[4], Փարիզի համալսարան և Լիոնի համալսարան |
Անդամակցություն | Գրահրատարակչության ազգային կոմիտե և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][5] |
Հայտնի աշակերտներ | Louis Grodecki? |
Հայր | Վիկտոր Լուի Ֆոսիլոն |
Henri Focillon Վիքիպահեստում |
Անրի Ֆոսիյոն (ֆր.՝ Henri Focillon, սեպտեմբերի 7, 1881[1][2][3][…], Դիժոն, Կոտ դ’Օր, Ֆրանսիա - մարտի 3, 1943[1][2][3][…], Նյու Հեյվեն), ֆրանսիացի արվեստաբան։
Ծնվել է Դիժոն քաղաքում փորագրիչ Լուի Վիկտոր Ֆոսիյոնի ընտանիքում։ Ֆոսիյոնը բանասիրություն է ուսանում Փարիզի Էկոլ Նորմալ Սյուպերիոր հաստատությունում, այնուհետև Բուրժ և Շարտր քաղաքներում, իսկ 1913 թ.-ից, շուրջ տասը տարի, աշխատում է որպես Լիոնի պատկերասրահի տնօրեն և միաժամանակ դասավանդում է արվեստի պատմություն։
Նրա առաջին ուսումնասիրությունները նվիրված են դասական արվեստին, մասնավորապես արձանագրություններին («Աֆրիկայի լատիներեն արձանագրությունները», 1904 թ.)։ Նա աշխատություններ է գրել Բենվենուտո Չելլինիի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Կալլոյի, Ալբրեխտ Դյուրերի, Ռեմբրանդտի, Տիեպոլոյի մասին։ Հետագայում Ֆոսիյոնը իր ուշադրությունը բևեռում է Արևելքի արվեստին («Հոկուսայ», 1914 թ., «Բուդդհայական արվեստ», 1921 թ.)։ Նրան հատկապես հետաքրքրում են արևելյան և արևմտյան արվեստների կապերը։ Այս բոլոր աշխատությունները, որոնց կոնցեպտուալ հիմնավորումը պետք է դառնար «Ձևերի կյանքը», կազմում են միաձույլ և ամբողջական տեսություն։
1918 թ.-ին Ֆոսիյոնը Փարիզի համալսարանում պաշտպանում է իր դոկտորական թեզը Պիրանզիի մասին, որը տպագրվել է նույն թվականին, 1930 թ.-ին՝ «Էստամպի վերպետները» աշխատությունները։ 1924 թ.-ին ստանում է պրոֆեսորի կոչում և դասավանդում Սորբոնի համալսարանում միջնադարյան հնագիտություն՝ ստանձնելով նախկինում Էմիլ Մալի ղեկավարած այդ հռչակավոր ամբիոնը։ 1925 թ.-ին դառնում է նույն համալսարանի նորաստեղծ Միջին դարերի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ կրթում է ֆրանսիացի գիտնականների մի ամբողջ սերունդ։
1931 թ.-ին Ֆոսիյոնը Պոլ Վալերիի հետ ներկայացնում է Ֆրանսիան Ազգերի Լիգայի գրականության և արվեստի մշտական կոմիտեում։ 1938 թ.-ին նա որպես արվեստի պատմության պրոֆեսոր դասավանդում է նաև Կոլլեժ դը Ֆրանսում։ Լույս է տեսնում Ֆոսիյոնի թերևս ամենահայտնի գիրքը՝ «Արևմուտքի արվեստը» (1937 թ.), որում հեղինակը հետազոտում է ռոմանական և գոթական ոճերի զարգացման պատմությունը։ Այս ծավալուն աշխատությունների հետ մեկտեղ Ֆոսիյոնը գրում է նաև բազմաթիվ հոդվածներ, գրախոսականներ, քննադատություններ արվեստի և գրականության ամենատարբեր հարցերի շուրջ։ 1938 թ.-ի հոկտեմբերին նա տեղափոխվում է Յեյլի համալսարան (Նյու Հեյվեն)։ 1940 թ.-ին դառնում է Վաշինգտոնի Դումբարտոն Օուքս հետազոտական կենտրոնի առաջին թղթակից անդամ գիտնականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչընդոտում է Ֆրանսիա վերադառնալուն, և նա մնում է ԱՄՆ-ում, որը դառնում է Ֆոսիյոնի երկրորդ հայրենիքը։ Այստեղ էլ կնքում է մահկանացուն[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Ֆոսիյոն» հոդվածին։ |
|