Ավետիս Տերունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 9, 1909 |
Ծննդավայր | Ալեքսանդրուպոլիս, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 23, 1991 (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող և լուսանկարիչ |
![]() |
Արթուր Տերունյան (ի ծնե՝ Ավետիս Պողոս Տերունյան, ապրիլի 9, 1909, Ալեքսանդրուպոլիս, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 23, 1991, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ լրագրող և գրող։ Գրել է Ջոն Ռոյ Քարլսոն՝ ինչպես նաև բազմաթիվ այլ ծածկանունների տակ։ Նրա հոդվածները լույս էին տեսնում «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթում և «Ֆորչըն» պարբերականում[1]։ Առավել հայտնի է իր հեղինակած «Under Cover» գրքով (1943 թ․)[1]։
Ավետիս Պողոս Տերունյանը ծնվել է Օսմանյան կայսրության Էդիրնեի նահանգի Դեդեաղաչ գյուղում (այժմ՝ Ալեքսանդրուպոլիս, Հունաստան)։ Բալկանյան պատերազմների և Առաջին աշխարհամարտի քաոսային տարիներին Տերունյանները մի քանի անգամ տեղափոխվել են, ապրել են Թուրքիայում և Սոֆիայում, ապա 1926 թվականին արտագաղթել են Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Յորք նահանգի Մինեոլա գյուղում։ Ավետիս (Արթուր) Տերունյանն ավարտել է Նյու Յորքի համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը[1]։
1938-ից մինչև 1943 թվականը Տերունյանը գաղտնի ներթափանցել է ԱՄՆ-ում գործող տարբեր ծայրահեղական և ֆաշիստական կազմակերպություններ՝ վերջիններիս գործունեությունը հայտնաբերելու նպատակով։ Այս փորձի հիման վրա գրել է «Under Cover: My Four Years in the Nazi Underworld of America» («Ծպտված․ Իմ չորս տարիները Ամերիկայի նացիստական ստորերկրյա աշխարհում») գիրքը Ջոն Ռոյ Քարլսոն կեղծանվան տակ։
1948 թվականին շրջել է Պաղեստինում, Եգիպտոսում, Լիբանանում և Սիրիայում Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ։ 1951 թվականին լույս է տեսել նրա «Cairo to Damascus» («Կահիրեից Դամասկոս», կրկին Ջոն Ռոյ Քարլսոն կեղծանվամբ) գիրքն՝ Առաջավոր Արևելքում իր ճանապարհորդությունների և նորանկախ Իսրայել պետության մասին։
1955 թվականին անգլերեն է թարգմանել և հրատարակել Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլևս» աշխատությունը[2]։
Մահացել է 1991 թվականի ապրիլի 23-ին՝ Նյու Յորք քաղաքում[1]։ Կնոջ՝ Մարի Նազարյանի հետ ուներ որդի՝ Ռոբերտ և դուստր՝ Էլիզ[1]։ Կրտսեր եղբայրը՝ Սթիվեն Տերունյանը Նյու Յորքի ներկայացուցիչ է եղել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում, ավելի ուշ՝ Նյու Յորք նահանգի գերագույն դատարանի դատավոր[1]։