Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մկրտչյան (այլ կիրառումներ)
Արթուր Ասլանի Մկրտչյան
Դրոշ
Դրոշ
Արցախի հանրապետության Գերագույն խորխրդի նախագահ
Դրոշ
Դրոշ
հունվարի 9 - ապրիլի 14, 1992
Նախորդող Լեոնարդ Պետրոսյան
Հաջորդող Գեորգի Պետրոսյան
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 16, 1959(1959-02-16)
Ծննդավայր գյուղ Ուխտաձոր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 14, 1992(1992-04-14) (33 տարեկան)
Վախճանի վայր Ստեփանակերտ, Արցախ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Արցախ Արցախ

Արթուր Ասլանի Մկրտչյան (փետրվարի 16, 1959, գյուղ Ուխտաձոր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 1992, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի փետրվարի (15)[1] 16-ին Դիզակ գավառի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ Վաղ տարիքից ցուցաբերել է բացառիկ սեր ուսման հանդեպ, եղել է գրքասեր, լրջամիտ և խելացի աշակերտ։

1976 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Այստեղ Արթուր Մկրտչյանը նեղ մասնագիտություն է ընտրել, իր ժամանակին «քաղաքական պահանջարկ» չվայելող ազգագրությունը։ Ընտրության հարցում որոշակի դեր է խաղացել հեղինակավոր ազգագրագետ Յուրի Մկրտումյանը։Մասնագիտության ընտրությունից սկսած՝ մինչև Հադրութի Պատմագիտական թանգարանում աշխատանքի անցնելը, Ա․ Մկրտչյանն ինչպես անհատական նախաձեռնությամբ, այնպես էլ ճանաչված մասնագետների կողմից կազմակերպված նպատակային գիտական արշավների կազմում, հարուստ ժողովրդագիտաական - ազգագրական նյութ է հավաքել Խորհրդային Հայաստանի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի շարք բնակավայրերում։ 1977 թվականին երկրորդ կուրսի ուսանող Արթուր Մկրտչյանն ընկերոջ՝ հնագետ Համլետ Պողոսյանի հետ մեկնում է Խաչեն, շրջագայում ու նյութեր հավաքում Ղարաբաղի տասնութ գյուղերից։ Դա գիտական նպատակներով ձեռնարկված նրա առաջին ուղևորությունն էր հայրենիք։ Այնուհետև,Ղարաբաղի նյութական մշակույթը մշտապես մնում էր նրա ուշադրության կենտրոնում։ Իսկ հետագա տարիներին Արթուր Մկրտչյանը ժողովրդագիտական նյութեր է հավաքում նաև Հայաստանի մի շարք շրջաններում՝ Թումանյանի, Արթիկի, Արտաշատի, Դվինի, Աշտարակի, Էջմիածնի, Մեղրիի, Կապանի, Գորիսի, Կարմիրի բնակավայրերից ու գյուղերից։ Նրա վրա խոր տպավորություն են թողնում Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, ավեր և կանգուն եկեղեցիները՝ Խոր Վիրապը, Գառնին, Գեղարդը և այլն։

1979 թվականին ուսանողական պրակտիկայի է Մեկնում Դոնի Ռոստով, ծանոթանում Նոր Նախիջևանի պատմամշակութային հուշարձաններին,գաղթօջախի հայության կյանքին։ Ուշագրավ է նաև նշանավոր ազգագրագետներ Ս․ Հարությունյանի (Մոսկվա), Յու․ Մկրտումյանի, ինչպես նաև Հայաստանի ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի աշխատակից, նշանավոր հայ փիլիսոփա Է․ Մարգարյանի կազմակերպած «Կենսապահովման բարեկրթությունը (կուլտուրան) և էթնոսը» նպատակային գիտարշավը, որին մասնակցում էր Արթուր Մկրտչյանը՝ «Բնակավայրեր և բնակարաններ» թեմայով։ Գիտարշավի նյութերը հետագայում տպագրվեցին առանձին գրքով, որում նշված էին մասնակից ուսանողների ազգանունները։

Ա. Մկրտչյանը ուսանողական տարիներին ի հայտ է բերում հավաքած ազգագրական նյութն իմաստավորելու, ընդհանրացնելու, նյութից բխող հիմնավոր եզրակացությունների հանգելու ունակություն։ Նրա կուրսային աշխատանքները մշտապես բարձր էին գնահատվում։ Այդ աշխատանքներից մեկը նվիրված էր Ղարաբաղի բնակավայրերի տիպաբանական ուսումնասիրությանը, որը հեղինակը հետագայում մտցրել է իր ատենախոսության մեջ։ Ա. Մկրտչյանի ավարտական դիպլոմային աշխատանքի թեման էր «Երվանդ Լալայանի ազգագրական գործունեությունը և «Ազգագրական հանդեսը»։ Դիպլոմային աշխատանքը սովորական, շարքային ուսումնասիրություն չէր։ Արթուր Մկրտչյանը գիտական լուրջ ընդհանրացումներ է կատարել Ե. Լալայանի ազգագրական գործունեության վերաբերյալ՝ նրան իրավամբ համարելով հայոց ազգագրության գիտական դպրոցի հիմնադիր։ Ավելորդ է ասել, որ դիպլոմային աշխատանքի հրապարակային պաշտպանությունն անցել է մեծ հաջողությամբ։ Արթուր Մկրտչյանը համալսարանը ավարտելուց հետո` 1981 թվականին ընդունվում է Սարդարապատի ազգագրության պետական թանգարանի գիտնական-մասնագետի պաշտոնով։ Նկատի ունենալով երիտասարդ գիտաշխատողի խոստումնալից ապագան` համապատասխան երաշխավորագրերով Ա. Մկրտչյանը 1982 թվականին մեկնում է Մոսկվա և ընդունվում ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նրա գիտական ղեկավար է նշանակվում ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ,ճանաչված ազգագրագետ Վ.Կ. Դարդանովը։ Ապագա թեկնածուական ատենախոսության թեմա է ընտրվում «Լեռնային Ղարաբաղի հայերի հասարակական կենցաղը, 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ»։

Արցախի հանրապետության փոստային նամականիշ՝ նվիրված Արթուր Մկրտչյանի հիշատակին (1993 թ.):

Մոսկվայում ուսումնառության տարիներին Արթուր Մկրտչյանը հնարավորություն ունեցավ խոր և լայն գիտելիքներ ձեռք բերել ազգագրության պատմության ու տեսության վերաբերյալ։ Սակայն ժամանակները խառն էին, հատկապես հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններն արդեն լարված էին և ասպիրանտի առաջ շատ պատասխանատու ու լուրջ խնդիր էր կանգնած. Ղարաբաղի հայության հանրային կեցության այլ էթնիկ հանրույթի հետ համակեցության, համայնքային ու ներհամայնքային կապերի ուսումնասիրությունը։ Արթուր Մկրտչյանը հաջողությամբ ավարտում է աշխատանքը, սակայն մինչ այդ արդեն պատրաստ ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի ունեցավ 1988 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում։ Երիտասարդ սզգագրագետ - գիտնականի ատենախոսությունը բարձր է գնահատվում ինչպես նրա ղեկավարի, այնպես էլ ընդդիմախոսների՝ պատմական գիտությունների դոկտոր Է. Կարապետյանի, պատմա- կան գիտությունների թեկնածու Գ. Ստարովոյտովայի (Մոսկվա) ու Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից գիտական խորհրդի անդամների կողմից։

Ատենախոսության վերաբերյալ եզրակացության մեջ Միկլուխո-Մակլայի անվան ինստիտուտի Կովկասի բաժինը եզրակացնում էր, որ. «Ատենախոսությունը որոշակի ներդրում է հայագիտության ասպարեզում», իսկ գիտական ղեկավար Վ.Կ. Գարդանովը Ա. Մկրտչյանի ավարտաճառը համարում էր էական ներդրում արցախագիտության մեջ։ «Ուզում եմ շնորհավորել ատենախոսին, - նշում էր ազգագրագետ Յու. Մկրտումյանը,- որ նա այսքան բարդ ժամանակներում, երբ Խորհրդային Միությունը ցնցված է Արցախյան հիմնախնդրով, ստեղծել է աշխատություն, որի մեջ գործնականում չի արտահայտված իր ազգային պատկանելությունը։ Մենք առնչվում ենք կատարելապես անկողմնակալ, իսկապես գիտական ուսումնասիրության հետ, գրված քաղաքացիական բարձր դիրքերից»[2]։ Եղան նաև այլ կարծիքներ` ատենախոսությունը բարձր, ըստ արժանվույն գնահատող։ Գիտական խորհուրդի անդամները միաձայն որոշում են Ա. Մկրտչյանին շնորհել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Երիտասարդ, խոստումնալից, անձնական բարեմասնություններ և քաղաքացիական արժանապատիվ կեցվածք ունեցող գիտնականի առջև գործելու ասպարեզ էր բացվում, բայց նա մինչ այդ՝ 1986 թվականին, սեփական ընտրությունը արդեն կատարել էր` ասպիրանտուրան ավարտելուց հետո մեկնելով հայրենիք ու ստանձնելով Հադրութի Պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեննի պաշտոնը։ Նա հաստատվեց Հադրութում իր ընտանիքի, կնոջ` Գոհարի ու երկու որդիների՝ Արեգի ու Սևակի հետ։ Ամուսնացել էր 1982 թվականին տակավին Սարդարապատի թանգարանում աշխատելու ժամանակ, որտեղ աշխատում էր նաև նրա ապագա կինը։

Թանգարանի տնօրենի պաշտոնը, աշխատանքի փորձը, մասնագիտության բերումով ավելի խոր ծանոթությունը ազգային վերելք ապրող ղարաբաղյան կյանքին, ժողովրդի կենցաղին ու բարոյահոգեբանական վիճակին, նպաստեցին, որպեսզի բարձիթողի վիճակում գտնվող թանգարանը նա կարճ ժամանակամիջոցում դարձնի իր կոչմանը հարիր հաստատություն։ Եվ ավելին, Հադրութի Պատմա-երկրագիտական թանգարանի պատմական, ազգագրական արժեքավոր նյութերի ցուցադրությանը զուգահեռ, կատսրում էր կրթական, մշակութային,գեղագիտական, ռազմահայրենասիրական դաստիարակության գործառույթներ։ 1988 թվականին նա գիտական ատենախոսության համար ընտրեց «Լեռնային Ղարաբաղի հայերի հասարակական կենցաղն ու հանրային հարաբերությունները» թեման։ Դա փաստորեն Արցախին վերաբերող առաջին թեման էր, որ պիտի պաշտպանվեր խորհրդային տարիներին։ Պաշտպանել է թեկնածուական թեզ, և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։

Արցախյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ծավալված Ղարաբաղյան շարժումը կլանեց Արթուր Մկրտչյանին ամբողջովին, ու նա հայտնվեց Հադրութի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում ոչ միայն որպես առաջնորդ, կազմակերպիչ-ղեկավար ու հրամանատար, այլև անմիջական մասնակից, զինվոր։ Նշենք, որ Արթուր Մկրտչյանը 1988 թվականի հունվարին Ղարաբաղից Մոսկվա մեկնած երկրորդ պատվիրակության կազմում էր։

«Մարտական խաչ»-ի ասպետները

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին։

Արթուր Մկրտչյանի պաշտոնավարության շրջանում ազատագրվեցին Ստեփանակերտը օղակող Մալիբեյլին ու Կրկժանը, Խոջալու ավանը, ինչպես նաև Հադրութի մի շարք գյուղեր։ Նա չհասցրեց տեսնել Շուշիի ազատագրումը, թեև ռազմական գործողությունների ծրագրի մշակման գործուն մասնակիցն էր։ Արթուր Մկրտչյանի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկավ Ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ և տոհմիկ, ավանդապահ ընտանիքում մեծացած, հիմնավոր հայկական կրթություն ստացած, ազգային գաղափարներով սնված երիտասարդը նետվեց այդ պայքարի հորձանուտը։ «Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- ասում էր Արթուր Մկրտչյանը[3]։

Դիվանագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի սեպտեմբերին` Ղարաբաղն անկախ հանրապետություն հռչակվելուց և նույն տարվա դեկտեմբերին` հանրաքվեի միջոցով այդ փաստը հաստատվելուց հետո, հարկ եղավ ստեղծել պետությանը անհրաժեշտ մարմիններ։ 1992 թվականի հունվարի 7-8-ին կայացած ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նիստում նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, 48 պատգամավորներից 44-ը քվեարկեցին նրա օգտին։ Իր պաշտոնավարության երեքուկես ամիսների ընթացքում Արթուր Մկրտչյանը ի հայտ բերեց պետական գործչին վայել լրջություն, հերոս Ղարաբաղի ղեկավարին բնորոշ արժանապատիվ կեցվածք, երիտասարդ հանրապետության առջև ծառացած խնդիրներն արագ ու ժամանակին լուծելու կարողություն՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու խնդիրը։ Նա դրեց այն հիմնաքարը, որի վրա բարձրացավ Լեռնային Ղարաբաղի պետականությունը։

Ի կատարումն 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեում ժողովրդի կամքի արտահայտության, 1991 թվականի դեկտեմբերի 28-ին անց են կացվել ԱՀ պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԱՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։ Քառասունչորս «կողմ» և չորս «դեմ» ձայներով Արթուր Մկրտչյանն ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ։

ԱՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լիազորությունները սահմանված էին 5 տարի ժամկետով։ Օրենսդիր մարմնի ձևավորմամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է խորհրդարանական կառավարման կարգ։ Առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր անդրանիկ նստաշրջանը գումարել է 1992 թվականի հունվարի 6-8-ը՝ ընտրելով ԱՀ Գերագույն խորհրդի նախագահին և Գերագույն խորհրդի քարտուղարին, նշանակելով ԱՀ Նախարարների խորհրդի նախագահին[4]։

Հիմնականից բացի՝ 1992 թվականի հունվարի 11-ին անց են կացվել լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչև 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։ Վերջնական արդյունքում կազմավորվել է 75 պատգամավորից բաղկացած խորհրդարան։

Արթուր Մկրտչյանի գերեզմանը Ստեփանակերտում:

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։

Արթուր Մկրտչյանի կյանքի թելը կտրվեց 1992 թ. ապրիլի 14-ին անբացատրելի հանգամանքներում։ ՀՀՇ-ն ու Արցախում նրա երդվյալ հավատարիմներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցանկալի չէին համարում Մկրտչյանի մուտքը քաղաքականություն։ Նրա նման մտավորականը պոտենցիալ վտանգ էր Արցախի հարցը իշխանության հասնելու նպատակով խաղարկող «Ղարաբաղ» կոմիտեի համար։ ՀՀՇ-ական իշխանությունների ներքին հալածանքներն ու իշխանությունը Արցախում ևս զավթելու գահակործան սպառնալիքները ՀՅԴ-ի հանդեպ հանգեցրին Արթուր Մկրտչյանի սպանությանը 1992 թվականի ապրիլի 14-ին։

2019 թվականին լրացավ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մահից հետո տպագրվել է նրա «Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում» գրքույկը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղազիյան Ալվարդ, Արթուր Մկրտչյան գիտնականի և ազգային պետական գործչի 50-ամյակը,Լրատու, 2009, էջ 141։
  2. Ղազիյան Ալվարդ, Արթուր Մկրտչյան գիտնականի և ազգային պետական գործչի 50-ամյակը,Լրատու, 2009, էջ 143
  3. https://journalist.am/archives/3648
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 20-ին.
  5. Աբրահամյան Հրանտ, Մկրտչյան Շահեն (1998). Արցախի համար զոհված դիզակցիներ. էջ 28.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։
Նախորդող
Լեոնարդ Պետրոսյան
ԱՀ ԳԽ առաջին նախագահ
Արթուր Մկրտչյան

հունվարի 9 - ապրիլի 14, 1992
Հաջորդող
Գեորգի Պետրոսյան