Էմիլի Շանկս Emily Shanks | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1857 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 13, 1936 (78 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | ժանրային նկարչություն |
Ներշնչվել է | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1] |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Emily Shanks Վիքիպահեստում |
Էմիլի Յակովլևնա Շանկս (անգլ.՝ Emily Shanks, ռուս.՝ Эмилия Я́влевна Шанкс, օգոստոսի 1, 1857, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1936, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիական ծագմամբ նկարչուհի, առաջին կին-գեղանկարիչը, որ դարձել է Ռուսաստանի Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2][3]։
Էմիլի Շանկսը ծնվել է 1857 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում՝ բրիտանացի ձեռնարկատեր Ջեյմս Ստյուարտ Շանկսի ընտանիքում։ Վերջինս Մոսկվայում գտնվող ոսկերչական խանութի սեփականատեր էր, ինչպես նաև «Շանկսի և Բոլինի անգլիական խանութի» հիմնադիրը, որը Մոսկվայի ամենապերճաշուք խանութներից մեկն էր[4] Կուզնեցկի կամրջի վրա[5]։ Ջեյմս Ստյուրատ Շանկսի ութ երեխաներից երկուսը՝ Էմիլին ու նրա կրտսեր քույրը՝ Մարիա (Մերի) Յակովլևնա Շանկսը (1866—?), դարձել են նկարիչներ։ Մարիան նկարազարդել է Լև Տոլստոյի ստեղծագործությունները։
1882 թվականից Էմիլի Շանկսը՝ որպես ազատ ունկնդիր, սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վլադիմիր Մակովսկուն ու Իլարիոն Պրյանիշնիկովին Վասիլի Պոլենովի արվեստանոցում[6]։ Ուսումնարանն ավարտել է 1890 թվականին՝ ստանալով դասային նկարչի կոչում։ «Դայակի նամակը» (ռուս.՝ «Письмо няни») նկարի համար պարգևատրվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի արծաթե մեծ մեդալով։
Էմիլի Շանկսը 1891 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին։ Մասնակցել է ընկերության XIX-XXII, XXV-XXX, XXXII, XXXV-XXXVIII, XL, XLI ցուցահանդեսներին։ 1894 թվականին «Թանաքի հետք» (ռուս.՝ «Чернильное пятно») կտավի համար ընդգրկվել է Ընկերության կազմում՝ դառնալով նման պատվի արժանացած երկու կին նկարիչներից առաջինը[2][7]։
Մասնակցել է 1896 թվականին Նիժնի Նովգորոդում անցկացված Համառուսական արդյունաբերական ու նկարչական ցուցահանդեսին, Մոսկվայի Գեղարվեստը սիրողների միության ցուցահանդեսներին (1900–1901), Մոսկվայի Լեմերսյեի թանգարանի ցուցադրություններին (1909–1912)։ 1913 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (1916, 1918)[8]։
Էմիլի Շանկսի կենցաղանկարչության առանձնահատկություններից է կտավում երեխայի անպայման ներկայությունը՝ «Ավագ եղբայրը» (ռուս.՝ «Старший брат»), «Դժվար խնդիր» (ռուս.՝ «Трудная задача»), «Սիրելի տիկնիկը» (ռուս.՝ «Любимая кукла»), «Դաստիարակչուհու աշխատանքի ընդունումը» (ռուս.՝ «Наём гувернантки»), «Օճառի պղպջակներ» (ռուս.՝ «Мыльные пузыри»), «Հյուրը ինստիտուտում» (ռուս.՝ «Гостья в институте»)[9]: «Նորեկը դպրոցում» (ռուս.՝ «Новенькая в школе») կտավն իր հավաքածուի համար գնել է Պավել Տրետյակովը 1892 թվականին[10]։
Էմիլի Շանկսը մահացել է 1936 թվականի հունվարի 13-ին Լոնդոնում[8]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմիլի Շանկս կատեգորիայում։ |