Թադևոս Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1917[1][2] Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1989[2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | * Տնտեսական աշխարհագրության ներածություն * Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա * Հայաստանի պատմական աշխարհագրություն * Հայաստանի տեղանուններ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն[1] և Հայաստանի աշխարհագրություն[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1962) |
Ինչով է հայտնի | Երևանի պատմությունը (1500—1800 թթ.) Պատմական Հայաստանի քաղաքները |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Tadevos Hakobyan Վիքիպահեստում |
Թադևոս Խաչատուրի Հակոբյան (հունիսի 15, 1917[1][2], Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 15, 1989[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), պատմաբան-աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ղեկավարել է Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը, եղել է աշխարհագրական ֆակուլտետի դեկան։ Մեծ ավանդ ունի Հայաստանի պատմական աշխարհագրության, պատմական քարտեզագրության, աշխարհագրության պատմության և Հայաստանի քաղաքների պատմության ուսումնասիրության բնագավառում։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բուհական ու դպրոցական դասագրքերի։
Թադևոս Հակոբյանը ծնվել է 1917 թ. հունիսի 15-ին, Լեռնաձոր գյուղում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն, ապա՝ Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ)։
1940 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը։ 1942-1943 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմի» ռազմական գործողություններին։ 1962 թվականից եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ 1955-1957 և 1963–1965 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան։
Վախճանվել է 1989 թ. հոկտեմբերի 16-ին։ Իր հիշատակին 2013 թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է լսարան[3]։
Թադևոս Հակոբյանի աշխատությունների ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից։ Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը[4]։ Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով)[5]։
Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ Անիին (1985)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։
Թադևոս Հակոբյանը Հովհաննես Բարսեղյանի և Ստեփան Մելիք-Բախշյանի հետ համատեղ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց կոթողային բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»)[6]։ Սույն աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է[7]։ 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է Պողոսյան մրցանակի[8]։ Մինչ այդ՝ 1960 թ., լույս էր տեսել Ստեփանոս Օրբելյանի մասին Թադևոս Հակոբյանի աշխատությունը, 1966 թվականին՝ նրա հեղինակած Սյունիքի թագավորությունը երկը։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Հակոբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Հակոբյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 71)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |