Կառլո Պեդրետտի իտալ.՝ Carlo Pedretti | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1928[1] |
Ծննդավայր | Կազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 5, 2018[2][1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լամպորեկիո, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Carlo Pedretti Վիքիպահեստում |
Կառլո Պեդրետտի (իտալ.՝ Carlo Pedretti, հունվարի 6, 1928[1], Կազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 5, 2018[2][1], Լամպորեկիո, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա), իտալական արվեստի պատմության մասնագետ, Լեոնարդո դա Վինչիի կյանքին և ստեղծագործությանը նվիրված բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ։
Կառլո Պեդրետին ծնվել է 1928 թվականի հունվարի 6-ին Կազալեկիո դի Ռենոյում (Բոլոնիայի գավառ, Էմիլիա Ռոմանիա մարզ)։ Լեոնարդո դա Վինչիի կյանքով և աշխատանքով Կառլոն հետաքրքրվել է մանկուց, 13 տարեկան հասակում, ընդօրինակելով Լեոնարդոյին, նա սովորել է գրել ձախ ձեռքով և կարդալ հայելային տեքստ։ Կառլո Պեդրետիի առաջին հրապարակումները Լեոնարդո դա Վինչիի մասին թվագրվում են 1944 թվականին, երբ նա 16 տարեկան էր։ 1952 թվականի սկզբին Միլանի Corriere della Sera թերթը Պեդրետիի մասին իր նյութը վերնագրել է «23 տարեկանում նա ամեն ինչ գիտի Լեոնարդոյի մասին»[3]։
1960 թվականից Կառլո Պեդրետին աշխատել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում որպես պրոֆեսոր, նրա մասնագիտացումը եղել է Իտալիայի արվեստի պատմությունը։ Դասավանդելուց բացի, նա ղեկավարել է Արմանդ Համմերի կենտրոնը՝ Լեոնարդո դա Վինչիի ժառանգության ուսումնասիրության համար։ 1993 թվականից Պեդրետին պրոֆեսոր-էմերիտ էր[4]։
Տասնամյակներ շարունակ Կառլո Պեդրետին համարվում էր Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործության առաջատար մասնագետը։ Հեղինակ է 50-ից ավելի գրքերի և 700 հոդվածների ու նշումների, որոնք տպագրվել են տարբեր լեզուներով։ 1980-ականներին հայտնի արվեստի պատմաբան Քենեթ Քլարկը Պեդրետիի մասին գրել է, թե «նա անկասկած, մեր ժամանակների Լեոնարդոյի ամենամեծ գիտակն է»[3]։
1985 թվականին Պեդրետին հաստատել է «Ձին և ձիավորը» մոմե արձանիկի իսկությունը, որը, հնարավոր է, մոդել է եղել 1503-1511 թվականներին Միլանի ֆրանսիացի նահանգապետ և Լեոնարդոյի հովանավոր Շառլ Դ'Ամբուազի հուշարձանի համար։ Միևնույն ժամանակ Պեդրետին կասկած է հայտնել «Աշխարհի փրկիչը» կտավի՝ Լեոնարդոյի վրձնին պատկանելու վերաբերյալ, որը 2017 թվականի նոյեմբերին Christie's-ի աճուրդում վաճառվել էր ռեկորդային բարձր գնով ՝ 400 միլիոն ԱՄՆ դոլար[5]։
1971 թվականին Պեդրետտիի վաստակը Իտալիայում նշվել է «մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար» ոսկե մեդալով, իսկ 1972 թվականին նրա ներդրումն արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի մեջբերմանը։ Պարգևատրվել է նաև «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով՝ հեծելազորի աստիճան (1972 թվական), սպայի աստիճան (2010 թվական)։ Նրան շնորհվել են Ֆերարայի համալսարանի (1991 թվական), Ուրբինի համալսարանի (1998 թվական), Միլանի Կաթոլիկ համալսարանի (1999 թվական), ինչպես նաև կան-Նորմանդիայի համալսարանի (2002 թվական) պատվավոր աստիճաններ։ Նա Սան Մինիատոյի Euteleti ակադեմիայի, Ուրբինոյի Ռաֆայելի ակադեմիայի և Մոդենայի գիտությունների, գրականության և արվեստի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ 2001 թվականին Պեդրետիին շնորհվել է Արեցոյի պատվավոր քաղաքացու, իսկ 2008 թվականին՝ Վինչիի (այն քաղաքը, որտեղ ծնվել է Լեոնարդոն) պատվավոր քաղաքացու կոչում։ Հետագայում նա դարձել է նաև Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի (2010 թվական), Ֆրանսիական Ռոմորանտեն կոմունայի (2010 թվական), ինչպես նաև իտալական Լամպորեկիո (2011 թվական) և Պենաբիլի (2015 թվական) կոմունաների պատվավոր քաղաքացի։
2013 թվականից Կառլո Պեդրետին ապրում էր Լամպորեկիոյի վիլլայում (Պիստոյա նահանգ, Տոսկանա շրջան)։ Այնտեղ էլ նա մահացել է 2018 թվականի հունվարի 5-ին՝ մինչև իր 90-ամյակը մեկ օր չապրելով[6]։