Կլոոգա (էստ․՝ Klooga) | |
---|---|
Կլոոգա համակենտրոնական ճամբարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան | |
Տեսակ | համակենտրոնացման ճամբար |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Կլոոգա |
Վայր | Կլոոգա |
Ղեկավար կազմակերպություն | ՍՍ |
Կառուցման սկիզբ | 1943 |
Սկսել է աշխատել | 1943 թվականի սեպտեմբեր |
Փակվել է | 1944 թվականի սեպտեմբեր |
Կարգավիճակ | ավերված |
Իրադարձություններ | Հոլոքոստ |
Կլոոգա (էստ․՝ Klooga), համակենտրոնացման ճամբար կամ այսպես կոչված «աշխատանքային ճամբար», որը կառուցել են նացիստները օկուպացրած Էստոնիայի տարածքում՝ Կլոոգա գյուղական ավանի հարևանությամբ՝ մայրաքաղաք Տալլինից 38 կմ արևմուտք։
Կլոոգա համակենտրոնացման ճամբարը ձևավորվել ու սկսել է գործել 1943 թվականի սեպտեմբերից մինչև խորհրդային բանակի կողմից Էստոնիայի ազատագրումը՝ 1944 թվականը։ Այն Էստոնիայի տարածքում գոյություն ունեցող 20 ճամբարների համակարգի մեջ էր մտնում, որոնցից գլխավորը Վայվառան էր։
Կլոոգայի ներքին պաշտպանությունն իրականացնում էին 287-րդ էստոնական ոստիկանական գումարտակը[1]։
Ճամբարով են անցել շատ ֆինն ինգերմանլանդցիներ, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի մարզից տեղափոխվում էին Էստոնիայի տարածքով դեպի Ֆինլանդիա[2][3][4]։
1943-1944 թվականներին ճամբար տեղափոխվեցին մի քանի հազար հրեաներ Կաունասի գետտոյից, Վիլնյուսից և Լատվիայի Սալասպիլս համակենտրոնացման ճամբարից։ Կալանավորներին հիմնականում օգտագործում էին տորֆի վերամշակման կենտրոնում, շինարարությունում և արտադրությունում։ Բացառիկ դեպքերում կալանավորներին հաջողվում էր դուրս գալ ճամբարի սահմաններից, որպեսզի պարենմթերք կարողանան հարակից գյուղակների բնակիչներից սնունդ վերցնել։ 1944 թվականի սեպտեմբերի 19-ին Կարմիր բանակը, վերմախտի համար անսպասելի, հասավ ընդհուպ Կլոոգա։ Այդ ամենի արդյունքում հրաման տրվեց գնդակահարել բոլոր 2000 կալանավորներին։
Հրեաներին կոտորելու օրը նրանց քշեցին Կլոոգայի մոտակա երկաթուղային կայարան, որտեղ նախօրեին բերվել էին գերաններ։ Կալանավորներին հրամայվեց վերցնել մեկական գերան ու տեղափոխել դեպի գնդակահարման վայր։ Կոտորածն իրականացնելուց հետո մարմիններն այրեցին այդ գերաններով։
Համաձայն Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերի, այդ նախճիրն իրականացրել են Շվարցե մահվան ճամբարի ունտերշարֆյուրերն ու նույնի ղեկավար հաուպտշարֆյուրեր Մաքս Դալմանը[5]։
Սակայն ցայսօր էլ անհայտ է մնացել, թե կոնկրետ ովքեր են իրականացրել կոտորածը՝ ՍՍ-ի անդամները, ՍՍ-ի 20-րդ էստոնական դիվիզիայի անդամները, թե 287-րդ էստոնական ոստիկանական գումարտակը։ Ապացուցվել է այն հանգամանքը, որ վերջինս ակտիվորեն մասնակցել է կալանավորների հավաքագրմանը, պահակությանը, նույնիսկ կրակելու վայր ուղեկցմանը։ Գերմանացիները ճամբարը լքեցին 1944 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը։ Էստոնացի պահակախմբայինները փախուստի դիմեցին ավելի ուշ։ Նրանցից ոմանք ավելի ուշ բռնվեցին և դատապարտվեցին ազատազրկության։ Մոտավորապես 80 կալանավորներին հաջողվեց ողջ մնալ Կլոոգայում, քանի որ նրանք թաքնվել էին նկուղներում և տանիքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոոգա (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։ |