Հանցագործների բանակը (բնօրինակ անվանումը՝ L'armée du crime), 2009 թվականին Սերժ Լը Պերոնի պատմվածքի հիման վրա վերջինիս գրած սցենարով կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի նկարահանած ֆրանսիական ռազմական դրամա։ Գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Վիրժինի Լեդուայենը, Սիմոն Աբգարյանը, Ռոբինսոն Սթևենենը, Հորացիու Մալաելեն։
Փարիզում գերմանական օկուպացիայի ժամանակ առաջանում են դիմադրության շարժումներ, այդ թվում՝ ներգաղթյալների կողմից։ Վտարանդի հայ Միսաք Մանուշյանը պատրաստ է միանալ դիմադրության շարժմանը, բայց չի ցանկանում սպանել գերմանացիներին. մարդ սպանելը նրա համար էթիկական խնդիր է։ Սակայն հանգամանքները ստիպում են նրան վերջ դնել երկմտանքին և վճռականորեն նետվել պայքարի։ Նրա ղեկավարությամբ 23 անդամից բաղկացած խումբը[6] ավելի լավ ռազմավարություն է մշակում հակաֆաշիստական գործողությունների պլանավորման և իրականացման համար և վերածվում է նացիստների մեջ ահ ու սարսափ սփռող «հանցագործների բանակի»[7], որը Փարիզում գործող շուրջ 100 դիմադրության մարտիկներից կազմված ցանցի մի մասն էր և 1943 թվականին իրականացրել է զինված դիմադրության գործողությունների մեծ մասը։ Ֆիլմը ներկայացնում է այս խմբի պատմությունը նրա կազմավորումից մինչև ձերբակալությունը, գերմանական ռազմական տրիբունալի դատավարությունը և 1944 թվականին մահապատժի ենթարկելը։
Փորձելով մեղմել այդ մահապատիժների կապակցությամբ առաջացած հանրային զայրույթը և վարկաբեկել դիմադրության մասնակիցներին՝ գերմանացի զավթիչների հետ համագործակցող Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմը պատրաստել և ցրել է հազարավոր պաստառներ, որոնք կարմիր ֆոնի պատճառով կոչվել են L'Affiche rouge և պարունակել են Մանուշյանի և նրա խմբի մի շարք անդամների լուսանկարներն ու նրանց գործած «հանցանքները», որ իրականում սխրանքներ էին։ Պաստառի հեղինակները փորձել են ներգաղթյալներին ներկայացնել որպես կոմունիստ դավաճանների, ահաբեկիչների, հանցագործների, սակայն իրենց ակնկալածի հակառակ արձագանքն են ստացել. մարդիկ պաստառների վրա գրել են Morts pour La France (Զոհվել են հանուն Ֆրանսիայի), որպես հարգանքի տուրք՝ ծաղիկներ են դրել[8]։
Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված Միսաք Մանուշյանը կազմակերպել է պայքարը և ինքն էլ անձամբ մարտնչել հրեաների ցեղասպանություն իրագործող գերմանացի ֆաշիստների դեմ (ի դեպ, նրա ջոկատի անդամների մեջ մեծ էր հրեաների թիվը)։