Յան Պարանդովսկի լեհ.՝ Jan Parandowski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1978[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող և դասական բանասեր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Լվովի համալսարան |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ և Związek Zawodowy Literatów Polskich? |
Պարգևներ | |
Jan Parandowski Վիքիպահեստում |
Յան Պարանդովսկի (լեհ.՝ Jan Parandowski, 11 մայիսի, 1895, Լվով - 26 սեպտեմբերի, 1978, Վարշավա), լեհ գրող, էսսեիստ, թարգմանիչ։ 1933-1978 թվականներին (ընդմիջումով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) եղել է Լեհաստանի ՊԵՆ ակումբի նախագահը։
Յան Պարանդովսկին ծնվել է 1895 թվականի մայիսի 11-ին Լվով քաղաքում։ Սովորել է Յան Դլուգոշի չորրորդ դասական գիմնազիայում, որն ավարտելուց հետո՝ 1913 թվականին, ընդունվել է Լվովի համալսարան։ Ուսանողական տարիներին մասնակցել է Եվրոպայի տարածքում անցկացվող բազմաթիվ պեղումների։ Կրթությունի կիսատ է թողել սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի ժամանակ նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դասավանդել է Վորոնեժի ու Սարատովի դպրոցներում։ Ռուսաստանում Յան Պարանդովսկին ամուսնացել է գրող Աուրելիա Վիլեժինսկայի հետ[6]։ Հետագայում նրանք ամուսնալուծվել են[7]։
1920 թվականին շարունակում է կրթությունը և 1923 թվականին ստանում դասական բանասիրության ու հնագիտության մագիստրոսի կոչում։ 1924 թվականից մինչև 1926 թվականը Յան Պարանդովսկին ճանապարհորդում է Եվրոպայում՝ լինելով Հունաստանում, Ֆրանսիայում ու Իտալիայում։ 1930-1931 թվականներին Յան Պարանդովսկին եղել է «Պամենտնիկ Վարշավսկի» գրական-գիտական ամսագրի խմբագիրներից մեկը։ 1930 թվականին նա դառնում է Լեհաստանի ՊԵՆ ակումբի անդամ, իսկ 1933 թվականին՝ նույն ակումբի նախագահ։ 1945-1946 թվականներին նա դասավանդել է Լյուբլյանայի համալսարանում։ 1948 թվականին Յան Պարանդովսկին դարձել է Վարշավայի գիտական ընկերության անդամ։
1958 թվականին Յան Պարանդովսկին Վարշավայում կազմակերպում է Թարգմանիչների միջազգային կոնֆերանս, իսկ 1962 թվականին նա դառնում է Միջազգային ՊԵՆ կազմակերպության փոխնախագահը։ 1964 թվականին Յան Պարանդովսկին արժանանում է Լեհաստանի պետական մրցանակի։ 1976 թվականին Լյուբլյանայի Կաթոլիկական համալսարանի կողմից նրան շնորհվում է քրիստոնեական փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։
Յան Պարանդովսկին մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 26-ին Վարշավայում։
1988 թվականին սահմանվել է Յան Պարանդովսկու անվան մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Լեհաստանի ՊԵՆ ակումբի կողմից պատմական թեմատիկայով ստեղծագործող գրողներին։
1913 թվականին լույս է տեսել Յան Պարանդովսկու առաջին լուրջ հոդվածը Ժան Ժակ Ռուսոյի մասին։ Հետագայում Պարանդովսկին տարվել է անտիկ մշակույթով, և նրա հոդվածների, էսսեների ու պատմվածքների մեծ մասը նվիրված են հենց այդ թեմային։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Առասպելաբանություն» գրքի շնորհիվ։ 1933 թվականին հրատարակվել է նրա «Օլիմպիական սկավառակ» գիրքը։ Յան Պարանդովսկու արձակ ստեղծագործությունների շարքում առանձնանում է «Երկինքը կրակի մեջ» ինքնակենսագրական վեպը։ Պատերազմից հետո նա հրատարակել է ևս մի քանի ստեղծագործություններ, որոնց թվում էին Պետրարկայի մասին գիրքը (1956) ու մանկության մասին պատմվածքների «Արևային ժամացույցներ» (1953) ժողովածուն։ Պարանդովսկին թարգմանել է նաև Հուլիոս Կեսարի «Քաղաքացիական պատերազմի մասին» (1951), Լոնգոսի «Դափնիս և Քլոե» (1948), Հոմերոսի «Ոդիսական» (1953) երկերը։ Սակայն նրա ամենահայտնի աշխատությունը «Բառի ալքիմիա» գիրքը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Պարանդովսկի» հոդվածին։ |
|