«Պինգվին Պորորո» (հանգըլ՝ 뽀롱뽀롱 뽀로로, անգլ.՝ Pororo the Little Penguin), հարավկորեական համակարգչային անիմացիոն սերիալ[1]։ Մուլտսերիալի առաջին սեզոնը հեռարձակվել է 2003 թվականին։
Մուլտֆիլմը նաև լայն տարածում է գտել աշխարհում։ 2010 թվականին մուլտֆիլմը առաջին անգամ հեռարձակվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, մուլտսերիալը թարգմանվել է 30 լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, նիդերլանդերեն[2], ֆրանսերեն[3]
, ռուսերեն[4], ճապոներեն և այլն)։
Սերիալի գործողությունները զարգանում են Պորորոյի և նրա ընկերների շուրջը, ովքեր ապրում են ձյունով պատված գյուղում և հաճախ են կանգնում խնդիրների առաջ։ Յուրաքանչյուր դրվագում տիրապետում են բարոյական և պրակտիկ դասերի։ Ինչ որ տեղ, հեռու-հեռու մի վայրում, որի մասին մարդիկ նույնիսկ չեն լսել, կա անտառ, որն ամբողջովին ծածկված է ձյունով ու սառույցով։ Այդ անտառի ամենա խորքում թաքնված է մի գյուղակ, որում ապրում են փոքրիկ կենդանիներ։ Արևն այնտեղ ամենից լավ է շողում, իսկ քամին այնքան էլ սառը չէ։ Գյուղի բնակիչները շատ հետաքրքրասեր և չարաճճի պինգվին Պորորոն, բարեհոգի սպիտակ արջ Պոբին, խելացի և հետաքրքրասեր խարտյաշ աղվեսիկ Էդդին, ամաչկոտ և համեստ փոքրիկ կուղբ Լուպին և Կրոնգն են, Պորորոյի փոքրիկ ընկերը։ Նրանք բոլորն ունեն շատ տարբեր բնավորություններ և հետաքրքրություններ։ Երբեմն կենդանիները վիճում են, բայց սովորաբար նրանք միասին ուրախ են անցկացնում ժամանակը։ Իսկ կարևորը, նրանք բոլորը հոգ են տանում իրենց ընկերության համար և միշտ ուրախ են օգնել միմյանց[5][6]։
- Պորորոն մի պինգվին է, ով սերիալի գլխավոր հերոսն է։ Իր չարաճճիության պատճառով նա հաճախ իր ընկերների հետ տարբեր արկածների մեջ է ընկնում` փորձելով թռչել և օյիններ խաղալ իր ընկերների գլխին։ Պորորոն ապրում էր սոճուց պատրաստված տան մեջ, դինոզավր Կրոնգի հետ[7]։ Առաջին եթերաշրջանում միայն օդաչուի գլխարկ էր դնում։ Երրորդ եթերաշրջանից սկսած նա ինչպես բոլոր հերոսները` հագնում է կոստյում։
- Կրոնգը դինոզավր է (արտաքինով նման է կոկորդիլոսի), ով ապրում է Պորորոյի հետ։ Նա, որպես կանոն, Պորորոյի հետ միասին միշտ ընկնում է փորձանքի մեջ։ Առաջին եթերաշրջանում նա չի կարողանում խոսել (նա միայն կարողանում էր արտասանել իր անունը), բայց հետագա եթերաշրջաններում նա կարողանում էր ասել Պորորոյի անունը և մի քանի պարզ բառեր։ Հաճախ ընկնում է տարօրինակ իրավիճակների մեջ։ Հետաքրքիր է, որ միայն նրան են իրական երազներ երևում։ Երրորդ եթերաշրջանում հագած է այնպիսի կոստյում, ինչպիսին Պորորոյինն է, բայց` մի քիչ վառ։
- Էդդին աղվեսիկ-գյուտարար է, ով սիրում է փորձեր անել։ Հաճախ չարաճճիություններ է անում։ Նա սիրունիկ պոչիկ ունի։ Նրա հայտնագործություններից են ռոբոտները, գնացքները, մեքենաները, թռչող սարքեր։ Հիմնականում, այդ հայտնագործությունները ճիշտ չեն աշխատում և ստեղծում են տարբեր խնդիրներ նրանց համար, ով ներքաշված է նրա փորձերի մեջ։ Երրորդ եթերաշրջանում նա հագած է վարպետի զգեստ, իսկ անցյալում նա առանց հագուստի էր, ինչպես Պորորոն, Կրոնգը, Լուպին։ Երկրորդ եթերաշրջանում, ինչպես բոլոր հերոսները, նրա մոտ հայտնվում են աչքերի նոր պատկերներ, բայց մնում են նաև հները։
- Պոբին բևեռային արջ է։ Պոբին բոլոր կերպարներից ամենամեծն է և շատ մեղմ բնավորություն ունի։ Նա հետաքրքրվում է ձկնորսությամբ և լուսանկարչությամբ։ Առաջին եթերաշրջանում նա առանց հագուստի էր, երկրորդ եթերաշրջանում հագնում է մի կոմբենիզոն, իսկ երրորդ եթերաշրջանում նա հագած է արջի թաթի պատկերով շապիկ և ժամանակակից ջինս։
- Լուպին կուղբ է։ Կարողանում է լավ պատրաստել։ Չորրորդ եթերաշրջանի սերիաներից մեկում, պատրաստելու կարողությունը փոխարինում է սպորտային հմտություններով, որից հետո նմանվում է Պետտիին։ Առաջին և երկրորդ եթերաշրջաններում առանց հագուստի էր։ Երրորդ եթերաշրջանից վարդագույն զգեստ է հագած։
- Պետտին պինգվին է։ Հայտնվում է երկրորդ եթերշրջանից։ Պետտին շատ վատ է ուտելիք պատրաստում, բայց սպորտի ոլորտում գերազանցում է բոլորին։ Մի քանի սերիաներում նրան այցելում է Կանաչ վիշապը։ Նա սարսափելի վախենում է սարդերից։ Պետտին ապրում է մի տան մեջ, որը պատրաստվել է նրա ընկերների կողմից։
- Հարրին կոլիբրի է։ Հայտնվում է երկրորդ եթերաշրջանից։ Հարրին ցանկանում էր լինել ամառային կղզիներում, բայց սխալմամբ եկել է Պորորոյի և նրա ընկերների մոտ։ Հարրին սիրում է երգել, բայց նրա երգը սովորաբար դուր չի գալիս նրա ընկերներին։ Նա ապրում է մի փոքրիկ տան մեջ, որը գտնվում է Պոբիի տանը։
- Պոպո և Պիպի մեդուզանման այլմոլորակայիններ, ովքեր հաճախ միասին ճախրում են։ Պիպին մանուշակագույն է և քույրն է, իսկ Պոպոն` կապույտ, և նա եղբայրն է։ Նրանք ապրում են մեծ թռչող ափսեում։ Նրանք եկել են Պիպո մոլորակից երրորդ եթերաշրջանում։ Եվ «Նվեր Լուպիին» սերիայում թռչում են տուն, որտեղ ապրում են այլ գույների ու չափերի մեդուզաներ։
- Ռոդին երկաթյա ռոբոտ է, պատրաստված Էդդիի կողմից։ Հայտնվում է երրորդ եթերաշրջանից։ Չի կարողանում ուտել և խմել, ինչի պատճառով չի կարողանում միանգամից ընդհանուր հետաքրքրություններ գտնել կենդանիների հետ։ Արտաքինից հիշեցնում է կատու կամ աղվես։
- Տոնգ-Տոնգը վիշապ կախարդ է։ Ապրում է հեռու հրաբխի մեջ, որը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում։ Նա կախարդական ուժ ունի, և շատ հաճախ նրա կախարդանքը տհաճ հետևանքներ է ունենում Պորորոյի և նրա ընկերների համար։ Նա կարող է կախարդանքի շնորհիվ փոխակերպվել մեծ վիշապի, որպեսզի թռչի մեծ տարածություններ, բայց հաճախ դժվարություններ է ունենում վայրէջք կատարելիս։ Առաջին անգամ Պորորոն և Կրոնգը նրա մոտ են եկել անսպասելիորեն և Կրոնգը գողացել է Տոնգ-Տոնգի խնձորը։ Հեքիաթում կախարդ է (բարի և չեզոք)։
- Տուտուն խոսացող կարմիր մեքենա է։ Հայտնվում է չորրորդ եթերաշրջանից։ Ըստ պատմության` Տուտուին պատրաստել է ծեր գիտնականը։ Տուտուն գնացել էր աշխարհը տեսնելու և մոլորվել էր, ընկել Պորորոյի և նրա ընկերների սառցե կղզին։
- Նյաուն չարաճճի կատու է։ Հայտնվում է երրորդ եթերաշրջանում և ապրում է Տոնգ-Տոնգի տանը, հետո տեղափոխվում է Պետտի մոտ։
- Disney ստուդիան ցանկանում էր ձեռք բերել մուլտսերալի իրավունքը, սակայն մերժում է ստացել[8]։
- Խոսակցություններ կան այն մասին, որ Պորորոն դիտարկվում է որպես 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանի թեկնածու[8][9]։