Ջոն Ռոսելի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1905 |
Ծննդավայր | Էսպերիա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 9, 1976 (71 տարեկան) |
Մահվան վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գանգստեր |
Ամուսին | June Lang? |
![]() |
Ջոն Ռոսելի (անգլ.՝ John Roselli, հուլիսի 4, 1905, Էսպերիա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 9, 1976, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ, ի ծնե՝ Ֆիլիպո Սակո), իտալական ծագում ունեցող ամերիկացի գանգստեր, իտալա-ամերիկյան «Չիկագոյի սինդիկատ» հանցավոր խմբավորման անդամ։ Խումբը վերահսկել է Հոլիվուդը և Լաս Վեգաս Սթրիփը։ 1960-ական թվականների սկզբին Ռոսելին Ֆիդել Կաստրոյի սպանության կասկածանքով ԿՀՎ-ի կողմից ձերբակալվել է[1]։ Նա կասկածվում է նաև ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության մեջ։
Ֆիլիպո Սակոն ծնվել է 1905 թվականի հուլիսի 4-ին Էսպերիայուի (Լացիո, Իտալիա) կոմունայում[2]՝ Վինչենցո Սակոյի և Մարիանտոնիա Պասկալե Սակոյի ընտանիքում։ 6 տարեկանում ծնողների հետ գաղթել է Բոստոն՝ Մասաչուսեթս[2]։ Ֆիլիպոյի հայրը մահացել է 1918 թվականին[3]։
1922 թվականին Մասաչուսեթսում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի մեղադրանքով[4]։ Սկզբում Նյու Յորք է փախել երեք ամիս ժամանակով[2], ապա տեղափոխվել Չիկագո, որտեղ Ֆիլիպո Սակո անունը փոխել է Ջոն Ռոսելի[4]։ Նոր անվան հիմքը Վերածննդի իտալացի քանդակագործ Կոզիմո Ռոսելիի անունն է եղել։ Ավելի ուշ դարձել է «Չիկագոյի սինդիկատ» խմբավորման անդամ և հայտնի է եղել «գեղեցիկ Ջոնի» մականունով։
Ռոսելիի՝ Լոս Անջելես տեղափոխվելու ճշգրիտ ամսաթիվը և պատճառը հայտնի չեն։ Որոշ աղբյուրներ ասում են, որ Ալ Կապոնեն կամ Ֆրենկ Նիթին նրան ուղարկել են արևմուտք, որպեսզի վերահսկեն խմբավորման գործարար շահերը։ Սակայն, Ռոսելին տեղափոխվել է Լոս Անջելես 1924 թվականին[5], նույնիսկ նախքան Կապոնեի կամ Նիթիի ղեկավարած ժամանակները։ Նա իրեն մեղավոր է ճանաչել 1924 թվականին գարեջրի մաքսանենգության մեջ[6]։ Ավելի ուշ Ռոսելին սկսել է աշխատել գանգստեր Ջեք Դրագնայի հետ։
Ռոսելին դարձել է կինոպրոդյուսեր Բրայան Ֆոյի մտերիմ ընկերը, որը նրան կինոբիզնես է բերել որպես պրոդյուսեր։ 1940-ական թվականներին Ռոսելին մասնակցել է կինոարդյունաբերությունից գումարներ շորթելու բազմամիլիոնանոց արշավին։
1942 թվականին Ռոսելին մեղադրվել է դաշնային խոշոր դրամաշորթության մեջ Ջորջ Բրաունի՝ «բեմի թատերական աշխատողների միջազգային միության» նախկին նախագահի, և Վիլի Բիոֆի հետ միասին։ Նույն թվականին՝ ավելի ուշ, Ռոսելին ծառայության է անցել ԱՄՆ-ի բանակում, որտեղ անցկացրել է երեք տարի[7]։ Հենց կալանավայրում Ռոսելին դատապարտվել է 1943 թվականին հոլիվուդյան գործիչներից գումար շորթելու համար՝ բանտային պատիժ կրելով մինչև 1947 թվականը[7]։
1950-ական թվականների կեսերին Ռոսելին ուշադրությունը կենտրոնացրել է Նևադա նահանգի վրա՝ Հոլիվուդից մինչև Լաս Վեգաս։ 1956 թվականին Ռոսելին դարձել է Չիկագոյի և Լոս Անջելեսի մաֆիայի գլխավոր ներկայացուցիչը Լաս Վեգասում։ Նրա խնդիրն է եղել Չիկագոյի մաֆիոզ ղեկավարներին ապահովել խաղատների աճող եկամուտներից մասնաբաժին ստանալու համար։ Սակայն, ըստ ՀԴԲ Լոս Անջելեսի բաժանմունքի տվյալների, Ռոսելին աշխատել է որպես կինոպրոդյուսեր «Մոնոգրամ» ստուդիայում[3]։
Կուբայական հեղափոխությունից հետո՝ 1959 թվականի հունվարին, Ֆիդել Կաստրոն փակել է խաղատները, որոնք գործել են Կուբայում և փորձել է ավազակներին վտարել երկրից[8]։
2007 թվականին հրապարակված ընտանեկան թանկարժեք իրերի մասին փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան մաֆիայի անդամները մասնակից են եղել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին սպանելու ԿՀՎ-ի փորձերին[9]։ Փաստաթղթերը ցույց են տվել, որ 1960 թվականի սեպտեմբերին Լաս Վեգասում ԿՀՎ-ն ձերբակալել է Ռոբերտ Մայուին՝ ՀԴԲ-ի նախկին գործակալ և Հովարդ Հյուզի օգնականին։ Նա դիմել էր Ռոսելիին՝ միջազգային կորպորացիաների շահերը ներկայացնելու պատրվակով։ Նրանք ցանկացել են Կաստրոյի մահը՝ պարտված մոլախաղերի պատճառով[9]։ Ռոսելին, Մայամիին մաֆիայի պարագլուխներ Սեմ Ջանկանային և Սանտո Տրաֆիկանտե կրտսերին է ներկայացրել։ ԿՀՎ-ից մատակարարելով 6 թունավոր հաբեր՝ Ջանականը և Թրաֆիկանտեն անհաջող կերպով փորձել են ստիպել մարդկանց թունավորել Կաստրոյի սնունդը[9]։ 1961 թվականի ապրիլին Կոչինոս ծովախորշում իրականացված գործողության պատճառով հետագա փորձերը շուտով չեղարկվել են[9][10]։
1963 թվականին երգիչը՝ Ֆրենկ Սինատրան, հովանավորել է Ռոսելիին Լոս Անջելեսի «Friars Club» բացառիկ ակումբին անդամակցելու համար։ Այն բանից հետո, երբ նրան ընդունել են, Ռոսելին հայտնաբերել է քարտի խարդախություն, որը ղեկավարել է Լաս Վեգասի իր ընկերներից մեկը՝ Մորիս Ֆրիդմանը և խնդրել իր բաժինը։ Քարտային խաբեությունը վերջապես հայտնաբերվել է 1967 թվականի հուլիսին ՀԴԲ գործակալների կողմից, որոնք հետևում էին Ռոսելիին[3]։ Տասնյակ հարուստ մարդիկ, այդ թվում միլիոնատեր՝ Հարրի Կարլը, դերասանուհի Դեբի Ռեյնոլդսի և դերասան Զեպո Մարքսի ամուսինը, կորցրել են միլիոնավոր դոլարներ։ Հրանտ Քուփերն այդ գործով ներկայացրել է որոշ մեղադրյալների, այդ թվում՝ Ռոսելին։ Ի վերջո, Ռոսելին դատապարտվել է և տուգանվել 55 հազար դոլարով։ Դատավարության ընթացքում փաստաբանի սեղանին հայտնաբերվել են մեծ ժյուրիի նիստերի գաղտնի արձանագրությունները։ Ի վերջո, Կուպերն իրեն մեղավոր է ճանաչել փաստաթղթերը պահելու մեջ[11]։
1960-ական թվականներին ԱՄՆ ներգաղթի և հպատակագրման ծառայությունը նույնպես փորձել է արտաքսել Ռոսելին, բայց դա չի հաջողվել[2]։
1975 թվականի հունիսի 24-ին և սեպտեմբերի 22-ին Ռոսելին ցուցմունք է տվել ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի առջև՝ Այդահո նահանգից սենատոր Ֆրենկ Չերչի գլխավորությամբ, Կաստրոյին սպանելու ԿՀՎ-ի ծրագրի՝ «Մանգուստ» գործողության մասին։ Ռոսելիի ցուցմունք տալուց քիչ առաջ անհայտ անձը գնդակահարել է Ջանկանին Իլինոյսին իր տան նկուղում։ Դա տեղի է ունեցել Ջանկանայի՝ կոմիտեի առաջ ցուցմունք տալու օրվանից մի քանի օր առաջ։ Ջանկանայի սպանությունը, ենթադրաբար, դրդել է Ռոսելին ընդմիշտ հեռանալ Լոս Անջելեսից և Լաս Վեգասից՝ բնակություն հաստատելով Մայամիում, Ֆլորիդա նահանգում։
1976 թվականի ապրիլի 23-ին Ռոսելիին կանչել են կոմիտե՝ նախագահ Քենեդու սպանության մասին ցուցմունք տալու համար[3]։ Քենեդու սպանության գործով առաջին ցուցմունքը տալուց երեք ամիս անց կոմիտեն Ռոսելիին հետ կանչելու հրաման է տվել։ Սակայն հուլիսի 28-ին Ռոսելին անհետ կորել էր[12]։ Օգոստոսի 3-ին սենատոր Հովարդ Բեյքերը ՀԴԲ-ին խնդրել է հետաքննել Ռոսելիի անհետացման գործը[3]։
1976 թվականի օգոստոսի 9-ին Ռոզելիի քայքայվող մարմինը գտել են 55-գալոնանոց պողպատյա վառելիքի բաքում, որը լողալիս է եղել Ֆլորիդա նահանգի Մայամիի մոտ գտնվող Դամֆաունդլինգ ծոցում[13]։ Նա մահացել է շնչահեղձությունից[13]։ Դաշնային քննիչները ենթադրել են, որ նրան, հավանաբար, սպանել են Չիկագոյի գանգստերները՝ Լաս Վեգասի խաղային մաֆիայում անարդար մասնաբաժին ունենալու համար[13]։
Ռոսելիի մահից հետո լրագրողներ Ջեք Անդերսոնը և Լես Ուիթենը հրապարակել են առաջնորդող հոդված, որում ասվել է, որ Ռոսելին իր գործընկերներին հայտնել է, որ այն անձինք, որոնց նա հավաքագրել է Կաստրոյի սպանության համար, մասնակցել են նաև նախագահ Ջոն Քենեդու սպանությանը[14]։
Բիլ Բոնանոն՝ Կոզա Նոստրայի խմբավորման ղեկավար Ջոզեֆ Բոնանոյի որդին, 1999 թվականի իր «Bound by Honor: A Mafioso's Story» հուշերում պնդել է, որ իր հայրը քննարկել է Քենեդու սպանությունը Ռոսելիի հետ և նրան ներգրավել այդ գործի մեջ՝ որպես գլխավոր մարդասպան[15][16]։ Բոնանոյի խոսքով՝ Ռոսելին Քենեդու վրա կրակել է Վյազով փողոցի կոյուղուց։ 2006 թվականին «Discovery Channel» հեռուստաալիքը եթեր է հեռարձակել «Conspiracy Files:JFK» անվանմամբ ժամային հեռուստատեսային վավերագրական ֆիլմը[15][17]։ Հիմնվելով Լամար Ուոլդրոնի «Վերջնական զոհաբերություն» գրքում պարունակվող տեղեկատվության վրա՝ ծրագիրը պնդել է, որ Ռոսելին պատասխանատու է եղել Աբրահամ Բոլդենի հարձակման համար, որը ձերբակալվել է Ուորեն հանձնաժողովի առջև ներկայանալուց մեկ օր առաջ[17]։ 2010 թվականին «Playboy» ամսագիրը հրապարակել է Հիլ Լևինի հոդվածը, որում ասվել է, որ Ռոսելին նույնպես ներգրավված է եղել Ռոբերտ Ֆլամլիի և Ջեյմս Ֆայլսի սպանության մեջ[18]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռոսելի» հոդվածին։ |
|