Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1879 |
Ծննդավայր | Câineni, Վիլչա, Ռումինիա |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1969 (90 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և muralist |
Ամուսին | Ֆրեդերիկ Շտորկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Cecilia Storck Botez? |
Cecilia Cuțescu-Storck Վիքիպահեստում |
Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ (ռումիներեն՝ Cecilia Cuțescu-Storck, մարտի 14, 1879, Câineni, Վիլչա, Ռումինիա - հոկտեմբերի 29, 1969, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի նկարչուհի, արվեստի հայտնի գործիչ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ռումինիայի ժողովրդական նկարիչ[1]։ Եղել է ֆեմինիզմի խթանողներից՝ նպաստելով «Կին նկարիչների և քանդակագործների ասոցիացիայի» (Օլգա Գրեյսանուի և Նինա Արբորեի հետ) և «Ֆեմինիստական գեղարվեստական շրջանակի» ստեղծմանը։
Սեսիլյայի մոտ գեղանկարչության նկատմամբ տաղանդը դրսևորվել է դեռևս մանկության տարիներին։ Նկարել սովորել է Բուխարեստի Կենտրոնական արվեստի դպրոցում։ 1897 թվականին ընդունվել է Մյունխենի գեղանկարչության կանանց ակադեմիա, որտեղ սովորել է պրոֆեսորներ Ֆեհրի և Շմիդտի մոտ։ 1899 թվականին մեկնել է Փարիզ և ընդունվել Ժյուլիանի ակադեմիա, սովորել Ժան Պոլ Լորանի և Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանի դասարաններում։ Սեսիլյա Կուչեսկու-Շտորկն իր կտավները ցուցադրել է Փարիզի աշնանային սալոններում։ 1906 թվականին Փարիզի Էսսելի (Hessèle) պատկերասրահում տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Բուխարեստում Սեսիլյա Կուչեսկու-Շտորկը առաջին անգամ իր աշխատանքներն այլ նկարիչների հետ միասին ցուցադրել է Tinerimea artistă խմբի ցուցահանդեսում՝ Կոնստանդին Բրանկուզիի մասնակցությամբ։
1906 թվականին նկարիչը վերջնականապես տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ ծանոթացել է գերմանական ծագումով ռումինացի հայտնի քանդակագործ Ֆրեդերիկ Շտորկի հետ, և նրանք ամուսնացել են։ Ամուսնությունից Ֆրեդերիկը (Ֆրից) և Սեսիլյան ունեցել են երկու դուստր` Գաբրիելան (հետագայում` ճարտարապետ) և Սեսիլյան (հետագայում կերամիկայի քանդակագործ)։ Սեսիլյա Կուչեսկու-Շտորկը հիմնականում հայտնի է իր մոնումենտալ, որմնանկարային կոմպոզիցիաներով և զարդանկարներով։ Նկարել է նաև բնանկարներ, դիմանկարներ և ժանրային կտավներ։ 1916 թվականին դարձել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիայի նկարչության պրոֆեսոր՝ այդպիսով դառնալով առաջին կին արվեստագետ պրոֆեսորը Եվրոպայում։ Նրա ամենահայտնի գործերից է 1933 թվականին Բուխարեստի էկոնոմիկայի ակադեմիայում ստեղծված Ռումինիայի առևտրի պատմության գեղանկարչական որմնանկարները։ 1924 թվականին և 1928 թվականին Սեսիլյա Կուչեսկու-Շտորկը ներկայացրել է Ռումինիան Վենետիկի բիենալեում։ 1937 թվականին նա ընտրվել է Ռումինիայի կերպարվեստի միության նախագահ։ 1943 թվականին նկարչուհին հրապարակել է Fresca unei vieți ինքնակենսագրական ուսումնասիրությունը։
2010 թվականի հունիսին Բուխարեստի Տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիայի ռեկտոր Գեորգե Ռոչայի և Կիյնենի քաղաքապետ Իոն Նիկոլաեի նախաձեռնությամբ Ռյուլ Վադուլուի գյուղում տեղադրվեց հուշատախտակ[2]։
Ֆրեդերիկ և Սեսիլյա Կուցեսկու-Շտորկների անվան ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է Բուխարեստում և նվիրված է նկարչին ու նրա ամուսնուն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ» հոդվածին։ |
|