Օլբրայթ-Նոքս պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Բուֆֆալո[2] |
Ղեկավարության նստավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Հասցե | 1285 Elmwood Avenue |
Հիմնադրվել է | 1890 և 1905 |
Հիմնադիր | Միլլարդ Ֆիլմոր[4], John J. Albright?[4] և Seymour H. Knox II?[4] |
Տնօրեն | Janne Gallen-Kallela-Sirén?[5] |
Կայք | albrightknox.org(անգլ.) |
Օլբրայթ-Նոքս պատկերասրահ (անգլ.՝ Albright–Knox Art Gallery), պատկերասրահ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Տեղակայված է Էլվուդ պողոտայի 1285 հասցեում։ Պատկերասրահում ներկայացված է իմպրեսիոնիստների, պոստիմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների լայն հավաքածու։ 1971 թվականի մայիսի 27-ին պատկերասրահի շենքն ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչի ցանկում (NRHP Reference # 71000538(չաշխատող հղում))[6]:
Օլբրայթ-Նոքս պատկերասրահի հենք հանդիսացող Բուֆֆալոյի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1862 թվականին։ Այն ԱՄՆ արվեստի ամենահին հասարակական հաստատություններից մեկն է։ 1890 թվականին գործարար և բարերար Ջոն Օլբրայթն ակադեմիայի համար սկսեց կառուցել Օլբրայթ պատկերասրահը։ Շենքը նախագծեց տեղացի անվանի ճարտարապետ Էդուարդ Բրոդհեդ Գրինը։ Ի սկզբանե նախատեսվել էր այն օգտագործվել որպես 1901 թվականի Համաամերիկյան ցուցահանդեսի գեղարվեստի տաղավար, սակայն շինարարական աշխատանքների ձգձգման պատճառով մինչև 1905 թվականը շենքը մնաց անավարտ[7]։
1962 թվականին Սեյմուր Նոքս Կրտսերի և նրա ընտանիքի, ինչպես նաև շատ նվիրատուների աջակցությամբ պատկերասրահին ավելացվեց լրացուցիչ մաս։ Կառույցն անվանափոխվեց Օլբրայթ-Նոքս պատկերասրահ։ Պատկերասրահի նոր շենքը նախագծեց Skidmore, Owings & Merrill ճարտարապետական ընկերության ճարտարապետ Գորդոն Բունշաֆթը, ում հայտնի գործերից է Նյու Յորքի Lever House-ը։
Ընդլայնման առաջին քննարկումը թանգարանն սկսել է 2001 թվականին։ 2012 թվականին պատկերասրահի կառավարման խորհուրդը հանձնարարեց Snøhetta ճարտարապետական ընկերությանը ստեղծել պատկերասրահի հետագա ընդլայնման նախագիծ[8]։
1978 թվականին Վենետիկի 28-րդ բիենալեին մասնակցելու համար ԱՄՆ-ից ընտրվեց Օլբրայթ-Նոքս պատկերասրահը Ռիչարդ Դիբերկոռնի աշխատանքով։ 1988 թվականին թանգարանը կրկին արժանացավ Միացյալ Նահանգները Վենետիկում ներկայացնելու պատվին, թանգարանի համադրող Մայքլ Գ. Օփինգը առաջարկեց ներկայացնել մեդիա նկարիչ Ջենի Հոլցերին[9]։
Երկար տարիներ պատկերասրահը ձեռք է բերել միայն առանցքային արվեստի գործեր[10]։ Հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջանների գործեր. իմպրեսիոնիստական, պոսիմպրեսիոնիստական ոճերի աշխատանքներ կարելի է տեսնել 19-րդ դարի նկարիչներ Պոլ Գոգենի և Վինսենթ վան Գոգի մոտ։
Վաղ 20-րդ դարի հեղափոխական ոճերից, ինչպիսիք են կուբիզմը, սյուրռեալիզմը, կոնստրուկտիվիզմը, ներկայացված են Պաբլո Պիկասոյի, Ժորժ Բրաքի, Ժան Մեցենժեի, Ալբերտ Գլեզի, Անրի Մատիսի, Անդրե Դերենի, Խոան Միրոյի, Պիտ Մոնդրիանի, Ալեքսանդր Ռոդչենկոյի աշխատանքները։ Քանի որ Սեյմուր Հ. Նոքսի և պատկերասրահի նախկին տնօրեն Գորդոն Մ. Սմիթի շնորհիվ թանգարանը խորությամբ ունի աբստրակտ էքսպրեսիոնիզմի հավաքածու[11]։
Աբստրակտ էքսպրեսիոնիզմի, փոփ արտի, 1970-ական թվականների արվեստի տարրեր ներկայացնող արվեստագետներից ներկայացված են Արշիլ Գորկին, Ջեքսոն Պոլլոք, Քլիֆֆորդ Սթիլը, Էնդի Ուորհոլ։ Պատկերասրահն ունի նաև ամերիկյան և եվրոպական արվեստի հետպատերազմյա նմուշներ[12]. հավաքածուում ներկայացված են արվեստագետներ՝ Կիկի Սմիթը, Ալան Գրահամը, Գեորգ Բազելիցը, Ջոն Կոնելը, Պեր Կիրկեբին։ 1988 թվականին, պատկերասրահի հիմնադրման 125-ամյակի առթիվ, պատկերասրահը ձեռք է բերել Անսելմ Կիֆերի «Die Milchstrasse (Ծիր Կաթին)» (1985-1987) մեծամասշտաբ կտավը[13]։
Օլբրայթ-Նոքս պատկերասրահի ցուցադրական հատվածը հնարավորություն է տալիս ներկայացնել 6740 նմուշներից միայն 200-ը[8]։
Օլբրայթ-Նոքս պատկերասրահի 6,500 աշխատանքներից ներկայացված են մի քանի նշանակալի գեղանկարներ[14]՝
Անուն | Նկարիչ | Տարի | Ծանոթագրություն |
Հյուրանոցի լոբբի | Մաքս Բեքման | 1950 | |
Երաժշտություն և գրականություն | Ուիլյամ Հարնեթ | 1878 | |
La Maison de la Crau (Հին ջրաղաց) | Վինսենթ վան Գոգ | 1888 | |
Ինքնադիմանկար կապիկի հետ | Ֆրիդա Կալո | 1938 | |
La Jeune bonne (Աղախինը) | Ամեդեո Մոդիլիանի | 1918 | |
Մերկ ֆիգուր | Պաբլո Պիկասո | 1909-1910 | |
La Toilette | Պաբլո Պիկասո | 1906 | |
Chemin de haulage à argenteuil (tow path at argenteus) | Կլոդ Մոնե | 1875 | |
Հանդիպում | Ջեքսոն Պոլլոք | 1952 | |
Նարնջագույն և դեղին | Մարկ Ռոթկո | 1956 | |
Կով | Էնդի Ուորհոլ | 1976 |
Պատկերասրահի հավաքածուի առավել ուշագրավ քանդակներից են՝
Անուն | Քանդակագործ | Տարի | Պատկեր |
Այբուբեն | Ֆլեչեր Բենթոն | N/A | |
Մեծ կարմիր | Ջեյմս Ռոսատի | 1971 | |
Bond | Ալեքսանդր Լիբերման | 1969 | |
Չժանգոտվող պողպատ, ալյումին, մոնոխրոմ I, ստեղծված է ապրելու ամենուր,. այստեղ տանը | Նենսի Ռուբինս | 2011 | |
Ծխախոտ | Թոնի Սմիթ | 1961 | |
Երեք ադամանդներից առաջինը | Անտոնի Միլկովսկի | 1967 | |
Ուղղորդված I | Լիման Կիպ | 1962 | |
Կարմա | Դո-Հո Սու | 2010 | |
E.C. Column | Քենեթ Սնելսոն | 1969-1981 | |
Հարթ նորմա | Լիման Կիպ | 1969 | |
Չորս հնարավորություն | Քենեթ Սնելսոն | 1982 | |
Դեպի կապույտ | Շայնե Դարք | 2005 | |
Լաուրա | Յաոմե Պլենսա | 2012 | |
Նայի՛ր ու տե՛ս | Ջիմ Հոջես | 2005 | |
Գիշատիչ աղջիկը | Կասի Ռիորդան Միլարդ | 2014 | |
Կուտակված կառուցվածք | Լիամ Գիլիկ | 2005 | |
Ճիչը | Իսամու Նոգուտի | 1962 | |
Աշխարհը գլխիվայր շրջել #4 | Անիշ Կապուր | 1998 |
2007 թվականին Օլբրայթ-Նոքս պատկերասրահը թանգարանի հավաքածուից հանեց հռոմեական ժամանակաշրջանի Արտեմիսն ու արու եղջերուն բրոնզե քանդակը, որը 2007 թվականի հունիսի 7-ին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի բորսայում վաճառվեց 28.6 միլիոն դոլարով[15]։ Ըստ Սոթբիսի՝ սա անտիկի իրի կամ քանդակի համար երբևէ վճարված ամենաբարձր արժեքն էր։ Քանդակը եվրոպացի մասնավոր հավաքորդի անունից գնեց լոնդոնցի դիլեր Ջուզեպպե Էսկենացին[16]։
Այս վաճառքից հետո հանրության ուշադրությունը սևեռվեց թանգարանի վրա։ 2007 թվականի փետրվարին, երբ թանգարանից հանվող (Deaccessioning) նմուշների ցանկը հասանելի դարձավ հանրությանը, պատկերասրահի տնօրեն Լուիս Գրաչոսն անտիկ քանդակը սահմանեց որպես հաստատության պատմական «ժամանակակից արվեստի ձեռքբերման և ցուցադրման» «առանցքային առաքելությունից» դուրս գտնվող։ Այս սահմանումից հետո քննադատները երկմտեցին՝ արդյոք ապահով են Ուիլյամ Հոգարթի «Կնոջ վերջին խաղագումարը», Ջոշուա Ռեյնոլդսի Cupid as a Link Boy ստեղծագործությունները։ Գյուստավ Կուրբեի, Օնորե Դոմիեի, Ժակ Լուի Դավիդի և Էժեն Դելակրուայի աշխատանքները պատկերասրահն ավելի վաղ էր գնել[17]։
Թանգարանից նմուշ հանելու որոշումը կայացվել է թանգարանի տնօրենների խորհրդի քվեարկությամբ, վավերացվել է բոլոր անդամների կողմից՝ ըստ Ամերիկյան թանգարանների միության ուղեցույցի[18]։ Վաճառքից հետո հարց բարձրացվեց՝ ինչպես թանգարանները կարող են պահպանել իրենց կարևորությունը՝ գտնվելով տնտեսապես անկայուն մարզերում, ունենալով սահմանափակ ռեսուրսներ ձեռքբերման գործընթացների կազմակերպման համար[19]։
2013 թվականից պատկերասրահը ղեկավարում է Յանի Սիրենը, ով սկանդինավյան տարածաշրջանից ամերիկյան արվեստի պատկերասրահ ղեկավարող առաջին տնօրենն է[20]։
Տնօրենների ամբողջական ցանկ՝
2007 թվականին պատկերասրահի նվիրատվությունները կազմել են 58 միլիոն դոլար, տարեկան 1.1 միլիոն դոլար տրամադրվել է ձեռքբերումներին[10]։ 2007 թվականին 200 արվեստի գործերի վաճառքի գումարն ավելացվել է 22 միլիոն դոլար ձեռքբերումների գումարին, և թանգարանն ի վիճակի է եղել տարեկան նոր արվեստի գործերի վրա ծախսել 5 միլիոն դոլար[21]։ 2013 թվականին պատկերասրահը թանգարանի խորհրդի անդամ, Բուֆֆալոյի արվեստի հովանավոր Պեգգի Պիրս Էլֆվինից ստացել է 11 միլիոն դոլար ժառանգություն, որը թանգարանի պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունն է[22]։
Պատկերասրահը բաց է երեքշաբթիից կիրակի օրերին, ժամը՝ 10.00-17.00: Յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին՝ ժամը 10.00-22.00, M&T բանկի աջակցությամբ մշտական հավաքածուի ցուցադրությունն այդ օրն անվճար է[23]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլբրայթ-Նոքս պատկերասրահ» հոդվածին։ |
|