Ֆորնարինա | |
---|---|
Ծնվել է | 1500 |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | 1522 |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Մասնագիտություն | բնորդ |
Աշխատավայր | Ռաֆայել Սանտի |
Margarita Luti Վիքիպահեստում |
Ֆորնարինա (իտալ.՝ La Fornarina, «Հացավաճառուհի») (15-րդ դար - 16-րդ դարի առաջին կեսեր), Ռաֆայելի կիսալեգենդային սիրեցյալը և բնորդուհին, որի իրական անունը, ինչպես ենթադրվում է, եղել է Մարգերիտա Լուտի (իտալ.՝ Margherita Luti), իսկ իր Ֆորնարինա մականվան համար պարտական է իր հացագործ հորը (իտալ.՝ fornarino).
Ֆորնարինայի մասին դասական առասպելի տարրերի մեծամասնությունը ձևավորվել է 18-19-րդ դարերում։ Նրա գոյության մասին հավաստի վկայությունները դեռևս հետազոտության առարկա են։
Ինչպես համաձայնում են արվեստագետների մեծամասնությունը[1], Ֆորնարինան պատկերված է Ռաֆայելի երկու հռչակավոր նկարներում՝ «Ֆորնարինա» (1518-1519) և «Դոննա Վելատա» (1514-1515): Նշվում է, որ նա ամենայն հավանականությամբ «Սիքստինյան Տիրամոր» նախատիպն է, ինչպես նաև Ռաֆայելի հռոմեական շրջանի մի քանի կանացի կերպարների։
Նրա կյանքի պատմության հիմնական տարբերակն ասում է, որ Ֆորնարինան սիենացի հացթուխ Ֆրանչեսկո Լյուտիի աղջիկն է, որոնք ապրում էին Հռոմում Տրաստևերե շրջանի Գովյերնո Վեկյոյում[Ն 1]: Ինչպես պատմում են կիսալեգենդար պատմությունները, աղջիկը նկարչի հռոմեական սերն էր, որը նրան հանդիպել է պատահական, սիրահարվել է, գնեց նրան հորից 3000 ոսկով և նրա համար վարձեց վիլլա[Ն 2]
Ֆորնարինան եղավ նրա սիրեցյալը և բնորդուհին 12 տարիների ընթացքում՝ մինչ նկարչի մահը։ Իրեն սիրած Ռաֆայելի հանդեպ հավատարմությամբ աչքի չի ընկել։ Մասնավորապես նշվում է, որ նա դարձել է Ագոստինո Կիջիի սիրուհին, որի համար Ռաֆայելը նկարել է Ֆարնեզինա վիլլան, ինչպես նաև ուշադրություն էր դարձնում նկարչի աշակերտների վրա։ Աղբյուրները ցույց են տալիս, որ երբ պապական սուրհանդակը հասել է մահացող Ռաֆայելի մահճին, հոգևորականը պահանջեց, որպեսզի հեկեկացող աղջկան հեռացնեն սենյակից, քանի որ պապական ողջերթի խոսքը նրա ներկայությամբ հաղորդելը համարում է անհարիր։
37-ամյա Ռաֆայելի վաղահաս մահից հետո (ըստ բամբասանքների՝ նա վատացել է նրա անկողնում) կտակով ստանալով հսկայական կարողություն՝ այնուամենայնիվ նա շարունակել է անառակ կյանքը և ինչպես պնդում են, դարձել է Հռոմի ամենահռչակավոր կուրտիզանուհիներից մեկը։
Ռաֆայելի և Ֆորնարինայի մասին լեգենդի երկրորդ տարբերակում նշվում է, որ նա եղել է Ռաֆայելի միակ իրական մաքուր սերը, նրանց փոխադարձ զգացմունքը չուներ հավասարը, և վերոնշյալ ամեն ինչ հնարանք է։
Պավել Մուրատովը նշում է, որ Ռաֆայելի մահից հետո նա բռնությամբ ձեռնադրվել է մենաստանում, որտեղ էլ շուտով մահացել է[4], չնայած կարող էր և հեռանալ։ Ֆորներինայի իրական անունը հաստատվել է Անտոնիո Վալերիի հետազոտություններով, որը հայտնաբերել է այն ֆլորենցիական գրադարանի ձեռագրերից մեկում և մի մենաստանի միանձնուհիների ցուցակում, որտեղ նա իրեն նշել է որպես Ռաֆայելի այրի։
Ֆորնարինայի անվամբ ավանդաբար նշում են երկու դիմանկար, որոնք նկարվել են Ռաֆայելի աշակերտներ Սեբաստիանո դել Պիոմբոյի ւ Ջուլիո Ռոմանոյի կողմից։ Մի քանի դարերի ընթացքում դրանք վերագրվում էին վարպետին, և միայն ավելի ուշ հաստատվեց իրական հեղինակը։ Ռոմանի հեղինակած դիմանկարի ավելի ուշ տարբերակում բնորդուհու մերկ մարմնին «հագցված էր» կապույտ զգեստ, և միայն 20-րդ դարում մաքրման արդյունքում դրան վերադարձրեցին սկզբնական վիճակին։
Ռաֆայելյան «Ֆորնարինա»-ի պատճեններ են «Ֆորնարինա Բորգեզե» (La Fornarina Borghese)՝ նկարված 1530 թվականին և «Լա Ֆորնարինա կամ Վիկտորիա Կոլոննա կոչվող կնոջ դիմանկար» (Portrait of a Woman, Called La Fornarina or Vittoria Colonna)՝ ստեղծված 16-րդ դարի կեսերին հռոմեական դպրոցի նկարչի կողմից[5]։ «Ֆորնարին Բորգեզե» նկարը կրկնում է ռաֆայելյան կտավը, բայց առանց բնապատկերային ֆոնի[6]։
|
|
«Նկարիչ-բնորդուհի» սիրահարված զույգի պատկերման սյուժեն գրավեց 19-րդ դարի ռոմանտիզմի և պատմականության գեղանկարիչների ուշադրությունը։ Ֆորնարինայի կերպարը Ռաֆայելի համանուն դիմանկարից օգտագործել է 19-րդ դարի նկարիչ Էնգրն իր «Մեծ հարճը» և «Ռաֆայելը և Ֆորնարինան» նկարներում (5 աշխատանք), ինչպես նաև Ֆրանսուա Էդգար Պիկոն իր «Ռաֆայելե և Ֆորնարինե»-ում։ Սիրահար զույգի պատկերը կարելի է տեսնել ոսկերչական զարդերում, օրինակ՝ 1880-ական թվականներին[7]։ Այդ թեմայով նկարների շարք է նկարել Պիկասոն[8] 1968 թվականին, որոնց սյուժեն սիրախաղով զբաղված զույգն է, որոնց հետևում են Հռոմի պապը, Միքելանջելոն և այլք, որոնք ծիկրակում են մահճակալի տակից կամ վարագույրի հետևից։
Ա.Արենսկու «Ռաֆայել» օպերայում Ֆորնարինան գլխավոր գործող կին հերոսն է[9]. 1944 թվականին Իտալիայում նկարահանվեց «Ֆորնարինա» ֆիլմը։ Մարգերիտա Լուտին 1979 թվականին Վալերիան Բորովչիկի նկարահանած ֆրանսիական էրոտիկ «Երեք անառակաբարո կանայք» (Les Héroïnes du mal) ֆիլմի երեք կերպարներից մեկն է։
Դիանա Հեգերը «Ռաֆայելի սուտակը» վեպում գաղտնիության թեորիան կառուցելու համար օգտագործում է այն փաստը, որ ռենտգենը «Ֆորնարինա» նկարի բնորդուհու ձեռքին հայտնաբերել է սուտակե մատանի, հնարավոր է ամուսնական, որը նկարված է հետո։
Լատվիացի գրող Զիգմունդս Սկուինշը 1964 թվականին գրեց «Ֆորնարինա» վեպը:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորնարինա» հոդվածին։ |
|