«Face the Shadow» | |
---|---|
Genealogy-ի սինգլը | |
Թողարկված | Ապրիլի 7, 2015 |
Ֆորմատ | Թվային ներբեռնում |
Ձայնագրված | Փետրվար 2015 |
Ժանր | փոփ |
Տևողություն | 3:03 |
Լեյբլ | Հ1, Universal Music Group |
«Face the Shadow» | |
---|---|
Եվրատեսիլ 2015-ի երգ | |
Երկիր | Հայաստան |
Երգիչ(ներ) | Եսայի Ալթունյան Թամար Կապրելյան Վահե Թիլբյան Ստեֆանի Թոփալյան Մերի-Ջին Օ'Դոհերթի Ինգա Արշակյան |
Որպես | Genealogy |
Լեզու | անգլերեն |
Երգահան(ներ) | Արմեն Մարտիրոսյան |
Բառերի հեղինակ(ներ) | Իննա Մկրտչյան |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 7–րդ |
Կիսաեզրափակչի միավորներ | 77 |
Եզրափակչի արդյունք | 16–րդ |
Եզրափակչի միավորներ | 34 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ «Not Alone» (2014) | |
«LoveWave» (2016) ► |
«Face the Shadow» (հայերեն՝ Առերեսվի՛ր ստվերին, նախկինում կոչվել է «Don't Deny»), հայկական Genealogy սուպերխմբի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին։ Երգը կատարել են Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին և Ինգա Արշակյանը։ Երգի բառերի հեղինակն է Իննա Մկրտչյանը, իսկ երաժշտությունը գրել է Արմեն Մարտիրոսյանը։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 12-ին։
Եվրատեսիլին ներկայացված կատարումները չեն կարող կրել քաղաքական, կոմերցիոն կամ մրցույթի հեղինակության վրա բացասաբար ազդող բնույթ։ Բոլոր երգերը հատուկ հանձնաժողովի կողմից մանրակրկիտ ստուգվում են։ Մենք, ինչպեսև մնացած բոլոր մասնակիցները, շատ լավ գիտենք այդ մասին և ստորագրում ենք այդ պայմանների տակ։
Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում հաղթելուց հետո, հնարավորություն է ստանում հաջորդ տարվա մրցույթը անցկացնել իր երկրում[2]։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[3]։ Եվրատեսիլ 2015-ում Հայաստանի մասնակցությունը պաշտոնապես հաստատվել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին անցկացված Մանկական Եվրատեսիլ 2014-ի Հայաստանյան ընտրության ժամանակ[4]։ 2015 թվականի հունվարի 12-ին հայտնի է դառնում, որ Հանրային հեռուստաընկերությունն իր մասնակցին ընտրելու է փետրվարին՝ ներքին ընտրության միջոցով[5]։
Փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Եվրատեսիլ 2015-ում Հայաստանը ներկայացնելու համար ձևավորվել է Genealogy սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներ ունեցող կատարողներ են աշխարհի բոլոր մայրցամաքներից, իսկ 6-րդ անդամը՝ Հայաստանից[6]։ Այդ հայտարարության մեջ նաև նշվում է, որ երգը կոչվելու է «Don't Deny»[6]։ Հայտարարությանը հաջորդող օրերին արդեն խմբի անդամների անունները հրապարակվում են տարբեր լրատվամիջոցների կողմից[7][8], սակայն Հանրային հեռուստաընկերությունը դրանք պաշտոնապես հայտարարում է տարբեր օրերի՝ հետևյալ հերթականությամբ․ Եսայի Ալթունյան (Եվրոպա)[9], Թամար Կապրելյան (Ամերիկա)[10], Վահե Թիլբյան (Աֆրիկա)[11], Ստեֆանի Թոփալյան (Ասիա)[12], Մերի-Ջին Օ'Դոհերթի (Ավստրալիա)[13], Ինգա Արշակյան (Հայաստան)[14]։
Խմբի ստեղծման գաղափարը անվանելով «նորարական», Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրել է, որ 2015-ին Հայաստանի ուղերձը լինելու է «խաղաղություն, միասնություն և հանդուրժողականություն»[6]։ Կայքը նաև գրել է, որ այս գաղափարը մեկ բեմում միավորում է հայ նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունից հետո[6]։ Խմբի 5 անդամները զուգակցվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի 5 թերթիկների հետ, որոնց համախմբում է խմբի հայ անդամը[6][15]։
Երգի պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում[16], իսկ ապրիլի 7-ին երգը թողարկվել է iTunes-ում ներբեռնման համար[17]։
Երգի բառերը գրվել են Իննա Մկրտչյանի կողմից, իսկ երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը[16], ով նաև աշխատել է Եվրատեսիլ 2010-ում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասի «Apricot Stone» երգի վրա[18]։ Մրցույթի կայքը գրել է, որ «Face the Shadow» երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը այն է, որ «երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ»[14][19]։ Երգի տարբեր մասերում կատարողները միմյանց շարունակում են իրենց կարճ հատվածներով, մինչդեռ Ինգա Արշակյանը միայնակ է երգում առաջին կրկներգը։ Երգի երկրորդ և ավարտական կրկներգը նրանք երգում են բոլորով։
Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից[20]։ Բրիտանական «The Guardian» պարբերականը մրցույթի եզրափակչից առաջ կազմած իր կանխատեսումների հոդվածում հավանական հաղթող է համարել «Face the Shadow» երգը[21]։
Երգի պրեմիերայից հետո, սակայն, քննադատության է արժանացել «Baby don't deny» արտահայտությունը, որը Ինգա Արշակյանը երգում է իր կրկներգում[19]։ «Baby» անգլերենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ», որը նաև փաղաքշական դիմելաձև է, որով մարդիկ դիմում են իրենց սիրելիներին։ Այս ամենի արդյունքում Եվրատեսիլում ելույթի ժամանակ «Baby» բառը փոխարինվել է «listen» բառով (Listen, don't deny)։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը, նկարահանվել է 2015 թվականի փետրվարին՝ երկու օրվա ընթացքում[14][16]։ Ռեժիսորը նշել է, որ ստեղծագործական խմբին ոգեշնչել է խմբի անունն ու պատկերանիշը` կենաց ծառը[14]։ Գրելով տեսահոլովակի գաղափարի մասին, մրցույթի կայքը պարզաբանում է․ «Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը։ Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները»[14][22]։ Երգի կատարողների հագուստների ոճաբանը Արմեն Գալյանն է, ով զուգակցել է եվրոպական և հայկական նորաձևության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ[14][22]։ Կատարողները իրենց հագուստների վրա կրել են կրծքանշաններ, որոնց վրա պատկերված են իրենց տատերի և պապերի հին լուսանկարները[14][22]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև տեղադրվել է մրցույթի պաշտոնական YouTube-ի էջում[14][16]։
Genealogy խումբը Եվրատեսիլում երգը կատարել է առաջին կիսաեզրափակչի ժամանակ՝ 2-րդ համարի ներքո[23], որը անցկացվել է 2015 թվականի մայիսի 19-ին[24]։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում երգը անցել է եզրափակիչ փուլ[25], որտեղ ելույթ է ունեցել 6–րդ համարի ներքո[26]։ Եզրափակչի քվեարկության արդյունքում երգը հավաքել է 34 միավոր և զբաղեցրել է 16–րդ հորիզոնականը[27]։
Հիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Իսլանդիա (Icelandic Singles Chart)[28] | 47 |
|