«Willow», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Republic Records լեյբլում որպես նրա «Evermore» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգչուհին երգի համահեղինակել է նրա պրոդյուսեր Aaron Dessner-ի հետ միասին։ Սվիֆթը նաև հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր, որն առաջին անգամ ցուցադրվել է սինգլի թողարկման հետ միաժամանակ։ Շվեդ պրոդյուսեր Elvira-ի (իսկական անունը՝ Elvira Anderfjärd) ռեմիքսը անվանվել է «պարող կախարդուհու տարբերակ (dancing witch version)» և թողարկվել է երկու օր անց՝ Սվիֆթի ծննդյան օրը[1][2]։ Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթներում։
«Willow»-ը եղել է անակնկալ թողարկում, որը լույս է տեսել 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Evermore երկրորդ անակնկալ ալբոմի հետ միասին[3]։ Երգը գրել են Սվիֆթը և նրա պրոդյուսեր Աարոն Դեսները, որն աշխատել է Սվիֆթի հետ նրա «Folklore» (2020) ութերորդ ստուդիական ալբոմի վրա։ Դեսները ծրագրավորել է թրեքը և պատասխանատու է եղել հարվածային գործիքների, պերկուսիայի, ստեղնաշարայինների, սինթեզատորների, դաշնամուրի և կիթառի համար (էլեկտրական, բաս և ակուստիկ կիթառ)։ Գրեգ Քալբին և Սթիվ Ֆալոնը կատարել են թրեքի մաստերինգը Sterling Sound ստուդիայում (Էջուոթեր, Նյու Ջերսի), իսկ Ջոնաթան Լոուն կատարել է միքսինգը Hudson Valley (Նյու Յորք) Long Pond Studios ստուդիայում[4]։
«Willow» երգը ալբոմի հետ միաժամանակ թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին[5]։
«Willow»-ը ինդի ֆոլկ[6] և փոփ երգ[7] է հիփ-հոփ ռիթմով, որը հիշեցնում է Սվիֆթի 2017 թվականի «Reputation» ալբոմը[8]։ Այն կառուցվել է գլոկենշպիլի, թմբուկ-մեքենայի, թավջութակի, վալտոռնի, էլեկտրական կիթառի, ջութակի, ֆլեյտայի ու գորիքավորման օգտագործման հիման վրա և բնութագրվում է իր «առանց շունչ քաշելու» կրկներգով[4][6]։ Երգը րոպեում ունի 84 հարված։ Այն գրված է է մինոր տոնայնությամբ, իսկ Սվիֆթի վոկալը տատանվում է E3-ից մինչև B5[9]։
Կառուցված լինելով երկտող-կրկներգի տեսքով[8]՝ այն հետևում է Em-D-Em-D-Em-D-C ակորդների հաջորդականությանը[9]։ Լիրիկական տեսանկյունից «Willow»-ը սիրո մասին երգ է[10], որն անդրադառնում է հույսի թեմային[11]։
USA Today-ից Պատրիկ Ռայանը «Willow»-ն անվանել է Evermore-ի անվերապահ լիրիկական առաջատարը[12]։ The New York Times թերթում Evermore-ի վերաբերյալ իր գրախոսության մեջ Ջոն Պարելեսը գովել է «Willow»-ի գործիքային պարտիաները՝ «հաջողությամբ միահյուսված կիթառի հնչյուններով»՝ այն անվանելով ալբոմի մի քանի փայլուն երաժշտական կոմպոզիցիաներից մեկը[13]։ The Guardian թերթի համար նախատեսված հոդվածում Ալեքսիս Պետրիդիսը կարծիք է հայտնել, որ «Willow»-ը կարող էր հեշտությամբ լինել «հիթ, փոփ-հրավառություն», եթե սինթեզատորները, ավտոմատ կարգաբերումը և ծրագրավորված բիթերը փոխարինեին «ճաշակով» ընտրված ակուստիկ գործիքավորմամբ[14]։ «Variety» ամսագրից քննադատ Քրիս Ուիլմանը գրել է, որ այս երգը արտացոլում է Սվիֆթի հոգեվիճակը, և այն անվանել է համապատասխանաբար Folklore-ի տասնմեկերորդ և տասնհինգերորդ երգերի՝ «Invisible String» և «Peace»-ի «զարմիկ»[15]։ Rolling Stone ամսագիրը «Willow»-ն անվանել է 2020 թվականի լավագույն փոփ-նախագծերից մեկը՝ բարձր գնահատելով Սվիֆթի և պրոդյուսեր Դեսների համատեղ աշխատանքը[16]։
«Willow»-ն 2021 թվականին առաջադրվել է Nashville Songwriters Award մրցանակի «Ten Songs I Wish I’d Written» անվանակարգում[17], իսկ տեսահոլովակն ստացել Է Association of Independent Commercial Producers (AICP Awards) անվանակարգ editorial կատեգորիայում[18]։ 2021 թվականին «Willow»-ը առաջադրվել է Meus Prêmios Nick մրցանակի Video of the Year անվանակարգում[19]։ 2021 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ «Willow»-ը ստացել է երեք անվանակարգ՝ Best Pop, Best Direction և Best Art Direction անվանակարգերում, իսկ ինքը՝ Սվիֆթը, առաջադրվել է Artist of the Year անվանակարգում[20]։
ԱՄՆ-ում «Willow»-ն միանգամից գլխավորել է Hot 100 հիթ-շքերթը։ Այն դարձել է Թեյլոր Սվիֆթի կարիերայի յոթերորդ չարթփոփերը, ինչպես նաև նրա կարիերայի՝ առաջին հորիզոնականում կատարա երրորդ նորամուտը՝ «Shake It Off» (2014) և «Cardigan» (2020) սինգլներից հետո։ Այսպիսով, Թեյլորը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որի ալբոմներն ու սինգլները միաժամանակ երկու անգամ դեբյուտ են կատարել համապատասխան հիթ-շքերթների առաջին հորիզոնականից. «Evermore» ալբոմը գլխավորել Է Billboard 200 հիթ-շքերթը նույն շաբաթում։ Նախկինում պատմության մեջ առաջին անգամ նույնը եղել է «Folklore» ալբոմի և «Cardigan» սինգլի դեպքում (8 օգոստոսի, 2020)։ «Willow»-ը դարձել է 29-րդ հիթը top-10 լավագույն տասնյակում (Hot 100) և 19-րդ դեբյուտը դրանում (ավելացնելով կանանց ռեկորդը)։ «Willow» երգը գլխավորել է նաև Hot Rock & Alternative Songs և Billboard Digital Song Sales հիթ-շքերթները (հիթ-շքերթի ռեկորդը հասցնելով 21-ի)[24]։
Ավստրալիայում Սվիֆթը միաժամանակ գլխավորել է ալբոմների և սինգլների հիթ-շքերթները։ «Willow»-ը ARIA Singles chart-ում ընդգրկվել է առաջին հորիզոնականում, և նրա հետ միաժամանակ հիթ-շքերթում ընդգրկվել են 11 այլ երգեր «Evermore» ալբոմից՝ ընդգրկվելով տարբեր հորիզոնականներում։ Այս սինգլը դարձել է Սվիֆթի յոթերորդ չարթփոփերն Ավստրալիայում և երկրորդը՝ 2020 թվականին՝ «Cardigan»-ի նույն հաջողությունից հետո[25]։
Մեծ Բրիտանիայում Official Singles Chart հիթ-շքերթում «Willow» սինգլը նորամուտը կատարել է 3-րդ հորիզոնականում (զիջելով երկու սուրբծննդյան երգերին) և դարձել է Սվիֆթի 11-րդ հիթը top-5-ում, իսկ «Champagne Problems»-ը և «No Body, No Crime»-ը դեբյուտ են կատարել 15-րդ և 19-րդ տեղերում՝ Մեծ Բրիտանիայի Top-20 հիթ-շքերթում երգչուհու հիթերի ընդհանուր թիվը հասցնելով 21-ի[26]։
«Willow» երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Թեյլոր Սվիֆթը, ներկայացվել է սինգլի ու ալբոմի թողարկման հետ միաժամանակ[27][28][29]։ Այն սկսվում է որպես «Cardigan» տեսահոլովակի շարունակություն[30][31]։ «Willow»-ը Սվիֆթի նկարահանած երրորդ ինքնուրույն աշխատանքն է «The Man» և «Cardigan» տեսահոլովակներից հետո[32]։ Տեսահոլովակը ներկայացնում է ինչ-որ մեկի ապրումներն ու կարոտը և ճիշտ մարդուն գտնելու ճանապարհին վերապրած իրադարձությունները[33]։
Սվիֆթը առաջին անգամ «Willow» երգը կատարել է «Գրեմմիի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ որպես «Cardigan» և «August» երգերի հետ պոպուրիի մի մաս՝ անտառում մամուռով ծածկված տնակի «հեքիաթային» միջավայրում համահեղինակների՝ Դեսների և Անտոնոֆի հետ միասին։ Այդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին ստացել է Տարվա ալբոմ մրցանակը «Folklore»-ի համար[34][35]։ Pitchfork-ի քննադատ Քեթ Չժանը ելույթն անվանել է շոուի լավագույն պահերից մեկը։ Չժանը բարձր է գնահատել Սվիֆթի վոկալը և կախարդված անտառի թեմատիկայով դեկորացիայի կախարդական տեսարանը՝ նկարագրելով նրա կերպարը որպես «բարյացակամ հեքիաթային արքայադուստր թզուկների թագավորությունում»[36]։ The Washington Post թերթը Սվիֆթի ելույթը գնահատել է որպես երեկոյի վեցերորդ լավագույնը և ընդգծել նրա «անտառային, առեղծվածային էսթետիկան», որը համընկնում է «Folklore»-ի հետ՝ «ուրվականներով ծառերով և հետին պլանում շողշողացող ոսկե լույսերով»[37]։ Billboard-ից Հերան Մամոն ելույթը կոչել է «Մատանիների տիրակալը-դիմավորում է-Մթնշաղի ֆենտեզի» և այն գնահատել է որպես այս շոուի չորրորդ լավագույն կատարումը[38]։։
↑Blake, Emily; Cabison, Rosalie; Chan, Tim; Dolan, Jon; Freeman, Jon; Gage, Dewayne; Hissong, Samantha; Millman, Ethan; Isabela Raygoza & Brittany Spanos. (2020 թ․ դեկտեմբերի 15). «The Best Pop Collaborations of 2020». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑«ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 20211 into search. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.