Ալեխանդրո Կոռն իսպ.՝ Alejandro Korn | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1860 San Vicente, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1936 (76 տարեկան) Լա Պլատա, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | փիլիսոփա և քաղաքական գործիչ |
Ալմա մատեր | Բուենոս Այրեսի ազգային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[1] |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն |
![]() |
Ալեխանդրո Կոռն (իսպ.՝ Alejandro Korn մայիսի 3, 1860, San Vicente, Բուենոս Այրես, Արգենտինա - հոկտեմբերի 9, 1936, Լա Պլատա, Արգենտինա)՝ արգենտինացի հոգեբույժ, դասախոս, համալսարանի բարենորոգիչ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, մարզիկ
Ալեխանդրո Կոռնը ծնվել է 1860 թվականին, Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Սան Վիսենտե քաղաքում, Բրեսլաուից (ներկայիս լեհական Վրոցլավ քաղաքից) այստեղ գաղթած բժշկի բազմանդամ ընտանիքում (նա ութ երեխաներից ամենամեծն էր)։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Բուենոս Այրեսի Արգենտինական համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ հինգ տարի ուսումնասիրել է հոգեբուժություն, խորացել հոգեբույժի մասնագիտության նրբությունների մեջ։ Ընդ որում՝ համալսարանական ուսմանը զուգընթաց աշխատել է մայրաքաղաքի Լա Պլատա շրջանի հոգեբուժարանում (ի դեպ, դեռևս տասնութ տարեկան հասակում նրան վստահվել է այդ հիվանդանոցի ղեկավարումը)։ Սակայն որոշ ժամանակ անց որոշել է թողնել բժշկությունը և նվիրվել փիլիսոփայությանը։ 1906-1930 թվականներին աշխատել է Բուենոս Այրեսի համալսարանում որպես փիլիսոփայության դասախոս։
Ալեխանդրո Կոռնը համարվում է փիլիսոփայության՝ որպես գիտության հիմնադիրներից մեկը Արգենտինայում, նրան դասում են Լա Պլատայի հինգ իմաստուն մարդկանց թվին։ 1929 թվականին նա հիմնադրել է փիլիսոփայական Կանտական դպրոցը։
Քաղաքացիական արմատական միության հիմնադրման պահից՝ 1891 թվականից ի վեր Կոռնը եղել է դրա ակտիվ, գործունյա անդամներից մեկը, մասնակցել է 1893 թվականի հեղափոխությանը։ Բացահայտորեն ընդունել ու ողջունել է Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխությունը՝ հայտարարելով, որ սոցիալիստական գաղափարներն ու իդեալները բարերար են հասարակության համար։ Դրա հիման վրա նա, որ Արգենտինայում առաջինն էր ուսանողների տված ձայների շնորհիվ երկրի օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրվել և ընդգրկվել էր քաղաքացիական արմատական միության խմբակցության մեջ, 1918 թվականին դուրս է եկել այդ խմբակցությունից, գրել «Բարոյական սոցիալիզմ» գիրքը։ 1931 թվականին ընդունվել է սոցիալիստական կուսակցության շարքերը, հանդես եկել «Ժան Ժորես, Հեգել և Մարքս» և «Անտիմարքս» ընդգրկուն թեմաներով դասախոսությունների շարքով, որոնք 1935 թվականի փետրվարին լույս են ընծայվել Revista Socialista (“Սոցիալիստական ամսագիր”) պարբերականի համարներում։
Ալեխանդրո Կոռնը Բուենոս Այրեսի և Լա Պլատայի համալսարաններում դասախոսելու տարիներին զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոններ և ամեն ջանք գործադրել է, որպեսզի կյանքի կոչվեն այն բարեփոխիչ նախաձեռնությունները, որոնց հեղինակը անձամբ ինքն էր կամ ակտիվ, խելահաս ուսանողները։
Որպես մարզիկ՝ նա մեծ գործ է կատարել հատկապես սուսերամարտ մարզաձևը Արգենտինայում տարածելու համար։
Տեղեկություններ կան, որ Ալեխանդրո Կոռնը դեռ 21 տարեկան հասակում՝ 1885 թվականի հունիսի 15-ին ընդունվել է մասոնների շարքերը, հետևելով հոր օրինակին՝ դարձել Germania Nº 19 օթյակի անդամ, երկու տարի անց մինչև անգամ նշանակվել Venerable Maestro (Պատվարժան վարպետ), ավելի ուշ անդամագրվել է La Plata Nº 80 օթյակին, որտեղ ընդգրկված էին նաև հեղինակավոր մտավորականներ Կառլոս Սպեգացինին, Պեդրո Բենուան։
Ալեխանդրո Կոռնը մահացել է 1936 թվականին՝ 76 տարեկան հասակում։
Բազմավաստակ գործչի հիշատակը հավերժացնելով՝ Արգենտինայում նրա պատվին են անվանակոչել՝
Լա Պլատայում՝ բնագիտական թանգարանի դիմաց, հառնում է քանդակագործ Մաքսիմո Մալդոնադոյի ստեղծած «Հինգ իմաստուններ» հուշարձանը. իմաստունների հնգյակի մեջ է նաև Ալեխանդրո Կոռնը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Կոռն» հոդվածին։ |