Ալեքսանդր Վալևսկին ծնվել է 1810 թվականի մայիսի 4-ին։ Նա և՛ Մարիա Վալևսկայի, և՛ Նապոլեոն Բոնապարտի երկրորդ որդին է։ 1817 թվականի մոր մահվանից հետո քեռու՝ Թեոդոր Մարցին Լոնչինսկու կողմից տեղափոխվել է Կերնոզա (Լեհաստանում)։
1820-1824 թվականներին սովորել է Ժնևում։ 1824 թվականին վերադարձել է Լեհաստան, մերժել մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչի առաջարկը՝ դառնալ նրա անձնական համհարզ։ Նրան սկսել է հետևել ռուսական ոստիկանությունը։
Ապօրինի կերպով տեղափոխվել է Ֆրանսիա և ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն։ Կատարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Օրաս դը Սեբաստյանի քաղաքական հանձնարարությունները 1830-1831 թվականների Լեհական ապստամբության ժամանակ։ 1831 թվականի փետրվարի 13-ին համհարզի աստիճանով մասնակցել է Գրոխովի ճակատամարտին։ Լեհական զորքի համար հարաբերականորեն հաղթական ճակատամարտի համար Ալեքսանդրն ստացել է ռազմական խաչ։
Լեհական ապստամբության ճնշումից հետո Ալեքսանդրը վերադարձել է Փարիզ, որպես կապիտան ընդգրկվել ֆրանսիական բանակում։ Կատարել է Ֆրանսիայի դիվանագիտական հանձնարարությունները տարբեր երկրներում։ 1948 թվականի փետրվարի 22-ից եղել է լիազոր նախարար Կոպենհագենում, 1849 թվականի հունվարի 21-ից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորենցիայում, 1850 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեապոլում, 1851 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Մադրիդում, ապա Լոնդոնում։
Վալևսկու շնորհիվ Մեծ Բրիտանիան Նապոլեոն III-ին ճանաչել է Ֆրանսիայի կայսր, ինչն սկզբում ձեռնտու չէր բրիտանացի քաղաքական գործիչներին։ Ապահովել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը Ղրիմի պատերազմում։
Ալեքսանդր Վալևսկու իսկական քաղաքական կարիերան սկսվել է Լուի-Նապոլեոն Բոնապարտի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո։ 1855 թվականի ապրիլի 26-ից նա եղել է սենատոր, 1855 թվականի մայիսի 7-ից 1860 թվականի հունվարի 4-ը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։ Նա եղել է Ֆրանսիական կայսրության ներկայացուցիչը Փարիզի կոնգրեսում 1856 թվականին։ Բանակցությունների ժամանակ դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչի ասպետ։
1856 թվականի Ալեքսանդր Վալևսկին դարձել է Փարիզի խորհրդի նախագահ, 1858 թվականից՝ Գաղտնի խորհրդի անդամ, 1860 թվականի նոյեմբերի 23-ից՝ պետական նախարար, 1960-1863 թվականներին՝ Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարար։ 1862 թվականի հուլիսի 21-ին դրել է առաջին քարը Փարիզի օպերայի շենքի հիմքում։ 1865-1867 թվականներին Վալևսկին զբաղեցրել է Ֆրանսիայի օրենսդիր կորպուսի նախագահի պաշտոնը, 1867 թվականից եղել է սենատոր։
1868 թվականին ընտրվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։
1868 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գերմանիայում կատարած երկարատև ուղևորությունից վերադառնալիս, Վալևսկին մահացել է Ստրասբուրգի հյուրանոցում[9]։
Նապոլեոնի Բոնապարտի հետ արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ-թեստով 2013 թվականին[10]։
Առաջին կինը (1831 թվականի դեկտեմբերի 1-ից) – Կառոլինա Մոնտեգյու (1808-1834), Սենդվիչի 6-րդ կոմս Ջոն Մոնտեգյուի դուստրը, երեխաներ՝
Լուիզա (1832-1832)
Ժորժ (1834-1834)
Երկրորդ կինը (1846 թվականի հունիսի 4-ից) – Մարի-Անն (Մարիաննա) դե Ռիչի (1823-1912), իշխան Ստանիսլավ Պոնյատովսկու թոռնուհին և իտալացի կոմս Զանոբիո դի Ռիչիի դուստրը, եղել է կայսր Նապոլեոն III-ի սիրուհին՝ միաժամանակ մտերիմ լինելով նրա կնոջ՝ Եվգենյայի հետ։ Ամուսնության ընթացքում ունեցել է չորս երեխա՝
Իզաբել (1847-1847)
Շառլ (1848-1916)
Կատրին (1849-1927)
Էժենի (1856-1902)
Ողբերգակ դերասանուհի Էլիզա Ռաշելի հետ Ալեքսանդր Վալևսկու կապից ծնվել է նրանց Ալեքսանդր որդին (1844-1898)՝ կոմս Կոլոնա-Վալևսկի, որին օրինականցրել է ու նշանակել ժառանգորդ օրինական երեխաներին հավասար։ Նրա սերունդներից է ներկա կոմս Կոլոնա-Վալևսկին (ծնվել է 1934 թվականին)։
↑Орден Святого Апостола Андрея Первозванного (1699-1917). Орден святой Великомученицы Екатерины (1714-1917). Списки кавалеров и кавалерственных дам", С.С.Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.