Ալիսա Շառլոտան ծնվել է ծովային կապիտան Էդուարդ Սանդստրյոմի (շվեդ.՝ Sandström) և նրա կնոջ՝ Սոֆյայի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի երկրորդ զավակը և ունեցել է ավագ քույր՝ Նաննան և երկու կրտսեր եղբայր՝ Էդուարդն ու Յունը։ Քույրերը բազմիցս ճանապարհորդել են Բալթիկ ծովում իրենց հոր «Ֆալկո» նավով։ Հայրը սիրել է երաժշտություն և ունեցել դաշամուր իր նավախցում։ Այնտեղ էլ Ալիսան գրել է իր առաջին մեղեդիները։ Նա ունեցել է բացարձակ երաժշտական լսողություն և դեռ մանկության տարիներին սկսել է սովորել ստեղնաշարային գործքիներ նվագել կարլսհամյան երգեհոնահարների, նախ՝ Կարլ Ֆրեդրիկ Ուլլմանի, ապա նրա հաջորդած Թեոդոր Վիլհելմ Սյոդերբերգի մոտ։ Սանդստրյոմները բավական միջոցներ չեն ունեցել Ալիսայի երաժշտական կրթության համար, այդ պատճառով էլ նա դարձել է ուսուցչուհի՝ ավարտելով Ստոկհոլմի ուսուցչական բարձրագույն սեմինարիան։
Կրթություն ստանալուց հետո Ալիսան մեկնել է Ֆինլանդիա և մեկ տարի աշխատել որպես տնային դաստիարակչուհի։ 1884 թվականին նա դասավանդել է գրահրատարակիչ Ֆրանս Բեյերի (շվեդ.՝ Frans Beijer) երեխաներին Ստոկհոլմում գտնվող նրա տանը և ծանոթացել Յակոբ Տեգների (1851-1926)՝ պաստոր Քրիստոֆեր Տեգների ու Էմմա Սոֆյայի (օրիորդական ազգանունը՝ Չինբերգ) որդու և Էսայաս Տեգներ կրտսերի հարազատ եղբոր հետ[12]։ Յակոբն ու Ալիսան ունեցել են ընդհանուր հետաքրքրություններ, մասնավորապես երաժշտությունը։ Նրանք միասին նվագել են ու երգել։ 1885 թվականին Յակոբ Տեգներն ու Ալիսան ամուսնացել են։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Յոստը (ծնվել է 1887 թվականին) և Տորստենը (1888-1977)։
Յակոբ Տեգներն աշխատել է շրջանային դատարանում, իսկ հետագայում դարձել է Գերագույն դատարանի քարտուղար Ստոկհոլմում։ Նա զբաղեցրել է նաև Շվեդ հրատարակիչների ընկերության քարտուղարի և Svenska Bokhandelstidningen թերթի խմբագրի պաշտոնները։
1891 թվականին Տեգներները հաստատվել են Յուրսհոլմում, որտեղ Ալիսան դարձել է այդ արիստոկրատական ամառանոցային գյուղի երաժշտական կյանքի կենտրոնական կերպարներից մեկը։ Տեգներների տանը երգել են Ալիսայի մանկական երգերը, որոնք նրանց երեխաների ընկերների շնորհիվ տարածվել են ամբողջ Յուրսհոլմում, ապա և ամբողջ մայրաքաղաքում։ 1892 թվականին հրատարակիչ Ֆրեդրիկ Սկուգլունդը լույս է ընծայել Ալիսա Տեգների երգերի առաջին ժողովածուն՝ «Երգիր մեզ հետ, մայրի՛կ» (շվեդ.՝ Sjung med oss, Mamma!)։ 1892-1934 թվականներին լույս են տեսել երգերի ինը ժողովածուներ։
Հեղինակի վաթսունամյա հոբելյանի առթիվ մամուլում հրատարակվել են նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված հոդվածներ։ Այդ ժամանակ Տեգներներն ապրում էին Տուլինգեշյոն լճի մոտ՝ Ստոկհոլմից հարավ-արևմուտք[13]։
Ալիսա Տեգները դասավանդել է Յուրսհոլմի միջնակարգ դպրոցում։ 1898 թվականից եղել է կանտոր Յուրսհոլմի մատուռում, որտեղ որպես պաստոր ծառայել է Նաթանիել Բեսկովը։
Տեգներների ընտանիքը բազմիցս ամառային արձակուրդներն անցկացրել է Հարավային մարգագետին (շվեդ.՝ Södra Äng) կոչվող վայրում, որը գտնվում է Ուրմարյուդում՝ Սմոլանդի փոքր գյուղում։ Այնտեղ Ալիսայի ցանկությամբ 1897 թվականին կառուցվել է «Սուլա» (շվեդ.՝ Villa Sola) ամառանոցը[12]։
Ալիսա Տեգները համարվում է 20-րդ դարի առաջին կեսի շվեդական մանկական երգերի ականավոր հեղինակ։ Նա առաջիններից մեկն է եղել, որ նման ստեղծագործություններում առաջնությունը տվել է հենց երեխայի ընկալմանը, ինչպես դա արել է Աստրիդ Լինդգրենն իր մանկական գրքերում։ Ալիսա Տեգների և այլ հեղինակների ստեղծագործություններ լույս են տեսել «Երգիր մեզ հետ, մայրիկ» գրքում։
Մանկական երգերից բացի Ալիսա Տեգները գրել է ռոմանսներ, երգչախմբային ստեղծագործություններ, մասնավորապես՝ կանտատներ, ստեղծագործություններ դաշնամուրի և թավջութակի համար և ջութակային սոնատներ։ Նա չի ցանկացել մնալ միայն մանկական կոմպոզիտոր։ Ոգեշնչվել է շվեդալան երաժշտական բանահյուսությունից և կոմպոզիտորներ Ֆելիքս Մենդելսոնի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից։
1914 – Litteris et Artibus – թագավորական մեդալ, որը շնորհվում է «երաժշտության, բեմական արվեստի և գրականության բնագավառում ունեցած նշանակալի ստեղծագործական ավանդի համար»,
1926 – Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ (բազկաթոռ № 584),
1929 – առաջին մրցանակ կոմպոզիտորների մրցույթում, որ կազմակերպել էր Idun թերթը։
1940 թվականին Ալիսա Տեգներն իր 75-ամյակի առթիվ գումար է հատկացրել Շվեդիայի տարրական դպրոցի ուսուցիչների միությանը, որը դարձել է Ալիսա Տեգների հիմնադրամի հիմքը։ Նա նյութապես աջակցել է Շվեդիայի դպրոցների տարրական դասարաններում վոկալի կրթության զարգացմանը։ «Երգենք» (շվեդ.՝ Nu ska vi sjunga) երգարանը մշակվել է Ալիսա Տեգների նախաձեռնությամբ և մասամբ ֆինանսավորվել նրա հիմնադրամի հաշվին[14]։ Այդ գիրքը, որը նկարազարդել է Էլզա Բեսկովը, լույս է տեսել 1943 թվականին։
Ալիսա Տեգների ծննդյան հարյուրամյակի առթիվ 1964 թվականին Կարլսհամնի կոմունան սահմանել է նրա անվան կրթաթոշակ, որը տրվում է Կարլսհամնի մշակութային գործիչներին[15]։
Կոմպոզիտորի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ 1993 թվականին ստեղծվել է Ալիսա Տեգների անվան երաժշտական մրցանակը (25 000 կրոն), որը շնորհվում է երեխաների համար նախատեսված երաժշտության և նրանց երաժշտական կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։ Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ «Ալիսա Տեգների օրեր Կարլսհամնում» փառատոնի ժամանակ[16]։
2006 թվականին կոմպոզիտորի ժառանգները Մալմյոյում ստեղծել են Ալիսա Տեգների ընկերությունը, որը նպաստում է նրա հիշատակի ու արվեստի պահպանմանը[17]։
Ալիսա Տեգների անունով կոչվել է նրբանցք Սյոդերտելիեում (շվեդ.՝ Alice Tegnérs stig) և փողոցներ (շվեդ.՝ Alice Tegnérs väg) Շվեդիայի Ստոկհոլմ, Բոտչյուրկա, Սյոդերտելիե և Կարլսհամն քաղաքներում։
Յուրաքանչյուր երկու տարին մեկ Կարլսհամնում անցկացվում է «Ալիսա Տեգների օրեր» փառատոնը։