Ալիսիա Կոզակիևիչ | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փոյնթ Փարք համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան և մոտիվացիոն խոսնակ |
Կայք | aliciakozak.com |
Alicia Kozakiewicz Վիքիպահեստում |
Ալիսիա Կոզակիևիչ (անգլ.՝ Alicia Kozakiewicz, /əˈliːʃə ˌkoʊzəˈkɛvɪtʃ/[1], մարտի 23, 1988, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային անհատ, մոտիվացիոն խոսնակ, ինտերնետի անվտանգության ու անհայտ կորածների շահերի պաշտպան։ Հանդիսանում է առցանց անվտանգության, առևանգումների և երեխաների սեռական շահագործման մասին իրազեկության բարձրացման նպատակով ստեղծված «Alicia Project» փաստաբանական խմբի հիմնադիրը։ Նրա անունով է կոչվում նաև երեխաների փրկության համար եկամտի հատուկ աղբյուր տրամադրող «Alicia's Law» ընկերությունը[2][3][4]։ Աշխատել է «Investigation Discovery» հեռուստատեսային ցանցի հետ՝ բարձրացնելու համար հասարակության իրազեկվածությունն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ինտերնետի անվտանգությունը, անհայտ կորածները, մարդկանց թրաֆիքինգն ու երեխաների անվտանգությունը, ինչպես նաև փոփոխություններ առաջ բերել դրանց հետ կապված[5]։
13 տարեկանում դարձել է ինտերնետային գայթակղության և երեխաների առևանգման առաջին հայտնի զոհը, որն արժանացել է լրատվամիջոցների համատարած ուշադրությանը[6]։ Նրա պատմությանն անդրադարձել են «The Oprah Winfrey Show», «Good Morning America», «Dr. Phil»[7] հեռուստահաղորդումները, CNN, MSNBC ու «A&E Biography Channel» հեռուստաալիքները։ Եղել է «Ալիսիայի ուղերձը․ այստեղ եմ քո կյանքը փրկելու համար» մրցանակակիր վավերագրական կինոնկարի, ինչպես նաև Էմմի մրցանակակիր «Ալիսիայի պատմությունը» կինոնկարի գլխավոր հերոսուհին։ Ներկայացվել է բազմաթիվ ազգային ու միջազգային ամսագրերում, ինչպիսիք են՝ People և Cosmopolitan ամսագրերը[6][8]։
Երեխաների համար ինտերնետի անվտանգության խնդրով և երեխաների փրկության դաշնային ֆինանսավորման հարցով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին[9]։
Կոզակիևիչն ինտերնետով հաղորդակցվել է մեկի հետ, ում համարել է իր տարիքի տղա, որը սակայն իրականում Սքոթ Թայրին է եղել[10]․ Վիրջինիայի Հերնդոն քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդ, որը երեխայի հետ կապի մեջ է մտել Yahoo զրուցասենյակներից մեկում[6]։ Մեկ տարվա ընթացքում Թայրին վստահություն է առաջացրել 13-ամյա երեխայի մոտ։ Կոզակևիչների ընտանեկան համակարգիչը եղել է հյուրասենյակում, որպեսզի վերահսկողության տակ լինի ինտերնետային ակտիվությունը, սակայն տղամարդը հաճախ կապվել է նրա հետ գիշերային ժամերին, երբ ընտանիքը քնած է եղել[6]։
2002 թվականի հունվարի 1-ին Թայրին երեխային կանչել է իր հետ հանդիպման՝ վերջինիս Փիթսբուրգի տան մոտ, որից հետո բռնությամբ ստիպել է նրան նստել իր մեքենան ու նրան իր հետ տարել Վիրջինիա։ Չորս օրվա ընթացում նրան պահել է գերության մեջ, կապել, բռնաբարել և խոշտանգել իր նկուղային սենյակում։ Թայրին նկարահանել է այդ ամենը և հեռարձակել առցանց ռեժիմով, որպեսզի ուրիշները նույնպես դիտեն[6]։
Ֆլորիդացի դիտողներից մեկը ճանաչել է երեխային Անհայտ կորած և շահագործվող երեխաների ազգային կենտրոնի տարածած նորություններից։ Նա անանուն կերպով հասարակական հեռախոսով կապ է հաստատել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ, որովհետև վախեցել է, որ կմեղադրվի որպես հանցագործության համամասնակից[4]։
Հետաքննությունների դաշնային բյուրոյին հաջողվել է գտնել Թայրիի Այ-փի հասցեն, որից հետո էլ՝ Հենրդոնում նրա տան հասցեն։ Երբ դաշնային բյուրոյի գործակալները գրոհել են նրա տունը 2002 թվականի հունվարի 4-ին[10], Կոզակիևիչը կարծել է, թե նրանց Թայրին է ուղարկել իրեն սպանելու համար[11]։ Նույն օրը երեկոյան ժամը 4:10-ին գործակալներն ազատ են արձակել երեխային, որից կես ժամ անց իր աշխատավայրում ձերբակալվել է Թայրին[10]։
Ալիսիային առևանգած Սքոթ Ուիլյամ Թայրին ծնվել է 1963 թվականին, 1981 թվականին ավարտել Ուեսթմորի ավագ դպրոցը։ Ամուսնացած եղել է երկու անգամ, ունեցել 12-ամյա դուստր (որը ձմեռային արձակուրդին եղել է հոր մոտ ու Ալիսիայի առևանգման օրը հետ ուղարկվել իր մայրիկի մոտ), առևանգման պահին ամուսնալուծված էր։ Նրա առաջին կինը՝ Սառա Թայրին, ամուսնու մասին ասել է, որ նա «սովորական, երկարամազ համակարգչի սիրահար էր», որը հետաքրքրվում էր գիտական ֆանտաստիկայով ու համակարգչային խաղերով։ Ըստ կնոջ՝ նախկինում օրենքի հետ խնդիրներ չի ունեցել[12][13][14]։
Ազտագրվելուց հետո Ալիսիան զննություն է անցել հիվանդանոցում ու հանձնվել Ֆեյրֆաքս շրջանի երեխաների պաշտպանության ծառայությունների խնամակալությանը[10]։ Նրա ծնողները՝ Մերի և Չառլզ Կոզակիևիչները, ի վիճակի չեն եղել սովորական չվերթով միանալ իրենց դստերը լրատվամիջոցների ուշադրության պատճառով։ Նրանց ինքնաթիռով Վիրջինիա են տեղափոխել դաշնային գործակալները մասնավոր չվերթով հաջորդ օրը[15]։
Առևանգման պատճառով երեխան տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից[4] ու հիշողության զգալի կորուստից։ Մինչ առևանգումը նրա կյանքը դժվարությամբ է հիշում կամ բոլորովին չի հիշում։ Որպես բուժման մեթոդ նա օգտագործել է խորհրդատվությունը[6]։ Արդեն չափահաս տարիքում ասել է, որ 2002 թվականին մարդկանց համար անհնար է եղել հասկանալը, թե դա ինչպես է կատարվել ու թե իրեն ինչպես են մեղադրել, թեև որոշ մարդիկ իրեն աջակցել են[16]։
2003 թվականի սեպտեմբերին Թայրին դատապարտվել է 19 տարի 7 ամիս դաշնային բանտարկության[17]։ 2019 թվականի փետրվարին ազատ է արձակվել Հյուսիսային Կարոլինայի Բաթներ քաղաքի դաշնային ուղղիչ համալիրից[18][19][20][21] ու տեղավորվել Փիթսբուրգի՝ նախկին բանտարկյալների համար նախատեսված տանը․ նրա տեղակայման վայրի դեմ բողոքներն[22] ի վերջո ընդգրկել են նաև Կոնգրեսի անդամների, սակայն հաջողություն չեն ունեցել Բանտերի դաշնային բյուրոյին ստիպել, որ նրան հեռու պահի Կոզակևիչի ընտանիքից[23][24]։ Հակադրությունը վիճելի է դարձել 2019 թվականի հոկտեմբերին, երբ Թայրին վերադարձվել է բանտ ևս երկու տարով՝ իր պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար[25][26][27]։ Ներկայումս Թայրին գտնվում է Օհայոյի Էլկտոն քաղաքի դաշնային ուղղիչ հիմնարկում[28]։
Առևանգումից մեկ տարի անց, 14 տարեկանում հիմնել է «Alicia Project» կազմակերպությունը[29]․ շահերի պաշտպանության խումբ, որը բարձրացնում է իրազեկվածությունը և կրթություն է տրամադրում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ երեխաների անվտանգությունը ինտերնետում, երեխաների առցանց գայթկղիչների տարածվածությունը և առևանգումները[3][4]։ Իր պատմությունը պատմել է բազմաթիվ դպրոցներում[6] ու համագումարների ժամանակ[3]։
2007 թվականին վկայություն է տվել Միացյալ Նահանգների Պալատի դատական կոմիտեում փորձելով բարձրացնել երեխաներին պաշտպանելու համար ինտերնետային օրենքների կարևորության մասին տեղեկացվածության մակարդակը[9]։ Հաջողությամբ լոբբինգ է իրականացրել 2008 թվականին «Պաշտպանեք մեր երեխաներին» օրենքի ընդունման համար[7], ինչպես նաև պայքարել նահանգի օրենսդիր մարմիններում Ալիսիայի օրենքի ընդունման համար։ Ալիսիայի օրենքը հատուկ ֆինանսավորման հոսք է տրամադրում երեխաների դեմ ինտերնետային հանցագործությունների հանձնախմբերին։ Որոշ ֆեպքերում պետական և տեղական գործակալությունները ի վիճակի են հավաքագրել հանցակազմի և ծանր հանցագործության դատապարտումներից կուտակված ֆինանսներ, մյուսներն օգտագործում են այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են վիճակախաղի չպահանջված ֆինանսավորումը։ Այս գումարներն օգտագործվում են իրավապահ մարմինների վերապատրաստման, աշխատանքային խմբերի, հետազոտական և փրկարարական աշխատանքների համար, որոնք ուղղված են երեխաների սեռական շահագործման զոհերի որոնմանը։ Ալիսիայի օրենքն ընդունվել է 11 նահանգներում[2], այդ թվում՝ Վիրջինիան, Տեխասը, կալիֆոռնիան, Հվային ու Այդահոն․ Կոզակևիչը պայքարելու է այս օրենքը բոլոր 50 նահանգներում ընդունելու համար[29]։
2018 թվականին Ալիսիայի օրենքն օգնել է ձերբակալել ավելի քան 1,000 առցանց գայթակղիչների միայն Վիսկոնսինում[30]։ Այն հնարավորություն է տվել ընդգրկել ոստիկանական շան[31], որը վարժեցված է թաքնված էլեկտրոնային սարքերը գտնելու համար․ շանը Կոզակ են անվանել[32]։
Կոզակիևիչի աշխատանքը ճանաչվել է Անհայտ կորած և շահագործվող երեխաների ազգային կենտրոնի կողմից, որը 2007 թվականին նրան արժանացրել է Արիության մրցանակի։ 2009 թվականին արժանացել է նաև Ջեֆերսոնի մրցանակների՝ հանրային ծառայության համար։ 2013 թվականին միացել է Քլինթոնի հանրային ծառայության դպրոցի «Հարգելի խոսնակների շարքին»[33]։ 2008 թվականին հրատարակված նրա You're Not Alone: The Journey From Abduction to Empowerment գիրքը առևանգումից վերականգնված զոհերի գոյատևման ուղեցույց է[7]։
Վերջերս, համագործակցելով հետաքննության բացահայտման ցանցի հետ, Կոզակիևիչը պատկերացում է տվել ինտերնետի անվտանգության և իրազեկության վերաբերյալ[3][29]։ Ներկայումս հանդիսանում է մարդկանց թրաֆիքինգի մասին իրազեկման միջազգային իրազեկող և խոսնակ, ու օդանավակայանի անձնակազմին սովորեցնում է ճանաչել մարդկանց թրաֆիքինգի նշանները և զեկուցել դրա մասին։
Առևանգման պահին Ալիսիան եղել է Ալեգինի շրջանի Կառլինտոնի ավագ դպրոցի աշակերտուհի։ Հոգեբանության բակալավր է դարձել Փիթսբուրգի Փոյնթ Փարք մասնավոր համալսարանում[6][7], իսկ 2016 թվականին դատաբժշկական հոգեբանության մագիստրոսի կոչմամբ ավարտել է Չիկագոյի մասնագիտական հոգեբանության դպրոցը[34]։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալիսիա Կոզակիևիչ կատեգորիայում։ |