Ակսել Վեբեր | |
Կրթություն՝ | University of Siegen? (1987) և Կոնստանցի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, բանկիր և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | մարտի 8, 1957[2][3][4] (67 տարեկան) |
Ծննդավայր | Kusel, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Պարգևներ | |
Ակսել Վեբեր (գերմ.՝ Axel Alfred Weber, մարտի 8, 1957[2][3][4], Kusel, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի տնտեսագետ, շվեյցարական UBS Group AG խոշորագույն ֆինանսական հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, 2004-2011 թվականներին զբաղեցրել է Գերմանական դաշնային բանկի (Բունդեսբանկի) նախագահի պաշտոնը։
1976 թվականին Ակսել Վեբերը ընդունվել է Կոնստանցի համալսարանի պոլիտէկոնոմիայի ֆակուլտետ (Գերմանիա), որն ավարտել է 1982 թվականին։
1982-1988 թվականներին աշխատել է Զիգենի համալսարանի արժութաֆինանսական հարաբերությունների ամբիոնում (Գերմանիա), որտեղ 1987 թվականին ստացել է տնտեսագիտության և սոցիալական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1988 թվականին գիտական գործունեություն է ծավալել Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանում և Թիլբուրգի համալսարանի Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնում, որի ավարտին 1989 թվականին վերադարձել է Զիգեն, որտեղ զբաղեցրել է տնտեսագիտության ամբիոնի գիտաշխատողի պաշտոնը։
1994-1998 թվականներին Ակսել Վեբերը դասախոսական գործունեություն է ծավալել Բոննի համալսարանում՝ որպես տնտեսագիտության տեսության պրոֆեսոր, իսկ այնուհետև 1998-2001 թվականներին եղել է փողի կիրառական տեսության պրոֆեսոր և Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան ֆինանսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն։ 2001-2004 թվականներին նա համատեղել է համաշխարհային տնտեսության պրոֆեսորի և Քյոլնի համալսարանի ֆինանսական հետազոտությունների կենտրոնի տնօրենի գործունեությունը։
2004 թվականին Ակսել Վեբերը նշանակվել է Գերմանիայի դաշնային բանկի (Բունդեսբանկի) նախագահ, որը նա գլխավորել է մինչև 2011 թվականի ապրիլի վերջը։ Այդ ընթացքում նա եղել է նաև Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) խորհրդի և Միջազգային հաշվարկների բանկի տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գերմանիայից կառավարիչ։
2010 թվականին Ակսել Վեբերը համարվում էր որպես ԵԿԲ-ի նախագահի հավանական թեկնածու[5], սակայն 2011 թվականի սկզբին հրաժարվել է հավակնել այդ պաշտոնին։ Հակառակ փորձագետների սպասումներին՝ Վեբերը չի գլխավորել Deutsche Bank-ը[6]։
2011 թվականի փետրվարին Ակսել Վեբերը հայտարարել է Բունդեսբանկի ղեկավարի պաշտոնից մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը վաղաժամկետ հեռանալու իր որոշման մասին[7], և իր հեռանալուց հետո մեկ տարվա ընթացքում գիտական և դասախոսական գործունեություն է ծավալել Չիկագոյի համալսարանում՝ որպես հրավիրված պրոֆեսոր։
2012 թվականի մայիսի 3-ին Ակսել Վեբերն ընտրվել է շվեյցարական UBS խոշորագույն բանկի անդամ և տնօրենների խորհրդի նախագահ՝ փոխարինելով Կասպար Ֆիլիգերին և դառնալով այդ պաշտոնում առաջին օտարերկրացին[8]։ 2014-2016 թվականներին բանկի վերակազմավորումից և UBS Group AG ֆինանսական հոլդինգի վերակազմավորումից հետո Ակսել Վեբերը դարձել է հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ՝ պահպանելով UBS AG տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[9]։ Բացի այդ, նա կազմակերպության մշակույթի և պատասխանատվության կոմիտեի (Corporate Culture and Responsibility Committee) և կառավարման ու նշանակման կոմիտեի (Governance and Nominating Committee) նախագահն է[10]։
UBS-ում գործունեությունից բացի, Ակսել Վեբերը Swiss Finance Council (SFC), Շվեյցարական բանկային միավորման (SBVg), Արժույթի միջազգային համաժողովի (IMC) տնօրենների խորհրդի անդամ է և միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) տնօրենների խորհրդի նախագահ։ Ակսել Վեբերը հանդիսանում է նաև 30-րդ խմբի (Group of Thirty), եվրոպական ֆինանսական սպասարկման կլոր սեղանի (EFR), եվրոպական բանկային խմբի (EBG), եռակողմ հանձնաժողովի և Սինգապուրի արժույթի կառավարման միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ է։ Ակսել Վեբերն է Zukunft Finanzplatz- ի փորձագիտական հանձնաժողովի և Avenir Suisse հիմնադրամի խորհրդի անդամը։ Նաև Ցյուրիխի համալսարանի Ազգային տնտեսագիտության ինստիտուտի խորհրդի անդամ է և Բեռլինի Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի (DIW) հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ակսել Վեբերը Դուիսբուրգ Էսենի և Կոնստանցի համալսարանների պատվավոր դոկտոր է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Վեբեր» հոդվածին։ |
|