Անդրկովկասյան անապատային մողեսիկ | |
Անդրկովկասյան անապատային մողեսիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Իսկական մողեսներ (Lacertidae) |
Ցեղ | Eremias |
Տեսակ | Անդրկովկասյան անապատային մողեսիկ (E. pleskei) |
Միջազգային անվանում | |
Eremias pleskei | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող |
Անդրկովկասյան անապատային մողեսիկ, պլեսկեի անապատային մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ (լատին․՝ Eremias pleskei), իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Rhabderemias ենթացեղին կամ ցեղին։
Տարածված է Արևելյան Թուրքիայում, Հյուսիսարևմտյան Իրանում և Արևելյան Անդրկովկաս, իսկ Հայաստանում՝ Արմավիրի և Արարատի մարզերում։
Բնակվում է կիսաանապատային բուսականությամբ ավազուտային կամ ոչ շատ քարքարոտ չոր վայրերում։
Մարմնի երկարությունը 2,5-5,8 սմ է, մոխրագույն պոչը՝ կրկնակի երկար։ Երիտասարդի մեջքը մուգ գորշ կամ շագանակագույն է՝ լավ արտահայտված 4 երկայնակի դեղնավուն զոլերով։ Հասուն առանձնյակը բաց կամ մուգ գորշ է՝ թույլ արտահայտված դեղնավուն զոլերով։ Վերջույթների վերին մակերեսին կան ակնաձև դեղնավուն խալեր։ Փորիկը սպիտակ է։ Վտանգի դեպքում թաղվում է ավազի մեջ կամ թաքնվում թփերի հիմքում գտնվող բներում։
Սնվում է մանր հոդվածոտանիներով ու բույսերով։ Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակը։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը։
Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը։ Դնում է 3-4 (հաճախ՝ 2) ձու (14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի կեսերը։ Սեռահասուն են դառնում 1 տարեկանում։
Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։
Նեղ արեալային, քանակապես կրճատվող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ[1]։
Վերջին 10-15 տարիներին թվաքանակը կտրուկ կրճատվել է, ոչնչացվել են Արաքս գետի հովտի մի շարք պոպուլյացիաներ։ Արարատյան հարթավայրի մեծ մասում ամբողջովին վերացել է[1]։
Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսության նպատակներով ապրելավայրերի յուրացումը, ընտանի կենդանիների գերարածեցումը և լանդշաֆտների ձևափոխումը[1]։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան անապատային մողեսիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան անապատային մողեսիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |