Անխորտակելի Սեմ | |
---|---|
![]() | |
Անվան բնօրինակ | Unsinkable Sam |
Տեսակ | կատու և առանձնյակ |
Սեռ | արական |
Ծնվել է | ոչ ուշ քան 1941 |
Ծննդավայր | Գերմանիա |
Սատկել է | 1955 |
Սատկելու վայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Անխորտակելի Սեմ (անգլ.՝ Unsinkable Sam, որոշ աղբյուրներում Կատու Բիսմարկից կամ պարզապես Օսկար[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական «Բիմարկ» գծանավի, «Կոզակ» էսկադրոնային ականակրի, ավելի ուշ՝ «Արկ Ռոյալ» ավիակիրի վրա ծառայած, և այդ երեք նավերի խորտակումից փրկված կատու[2], որը մահացել է ցամաքում՝ 1955 թվականին։
Սևուսպիատակ կատվին Երրորդ Ռայխի «Բիմարկ» գծանավ է բերել անհայտ նավաստի։ Բրիտանական առևտրային նավերը խորտակելու հրամանով, նավը ծով է դուրս եկել Գոդենհաֆենից 1941 թվականի մայիսի 18-ին։ Ինն օր անց մայիսի 27-ին բրիտանական էսկադրան խորտակել է նավը։ 2200 նավաստիներից փրկվել են 115-ը։ Մի քանի ժամ անց անգլիական «Կոզակ» էսկադրոնային ականակրի նավաստիները գտել են կատվին նավաբեկորների վրա և նավ են բարձրացրել[3]։ Ընդ որում ականակրի անձնակազմին չի հաջողվել փրկել և ոչ մի մարդու։ Չիմանալով կատվի իսկական անունը, նրան անվանել են «Օսկար»[1]։
Մի քանի ամիս Սեմը անց է կացրել ականակրի վրա, այդ ընթացքում նավը լողացել է Միջերկրական ծովի և Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում։ 1941 թվականի հոկտեմբերի 24-ին Ջիբրալթարից Լիվերպուլ մեկնող HG-75-ին ուղեկցելուց Կոզակին տորպեդահարել է գերմանական U-563 սուզանավը[4]։
Կոզակի անձնակազմը տեղափոխվել է «Լեգիոն» գծանավ։ Խիստ վնասված նավը Ջիբրալթար վերադարձնել վատ եղանակի պատճառով չի հաջողվել և այն խորտակվել է հոկտեմբերի 27-ին։ Նավացռուկին կպած գերմանական տորպեդը 159 անգլիացի նավաստու մահվան պատճառ է դարձել, բայց Օսկարը այս անգամ էլ է փրկվել։ Որոշ ժամանակ նա ապրել է Ջիբրալթարում[5]։
«Կոզակի» խորտակվելուց հետո կատվին սկսել են անվանել «Անխորտակելի Սեմ» և տարել են «Արկ Ռոյալ» ավիակիր, որի օդանավները խորտակել էին Սեմի առաջին նավը։ Նոյեմբերի 14-ին Մալթայից վերադառնալուց «Արկ Ռոյալին» տորպեդահարել է գերմանական U-81 սուզանավը։ Վնասված նավը բուքսիրի վերցնել չի հաջողվել, և «Արկ Ռոյալը» խորտակվել է Ջիբրալթարից 30 մղոնի վրա։ Բոլոր նավաստիները, օդաչուները և Սեմը բարձրացել են օգնության շտապած նավեր և փրկվել[6].։
Փրկվածներին տեղափոխել են սկզբում «Լայթինգ» ապա «Լեգիոն» ականակիր, որը արդեն մեկ անգամ մասնակցել էր Սեմին փրկելուն։ «Լայթինգը» խորտակվել է չորս ամիս անց՝ 1942 թվականի մարտի 26-ին, իսկ «Լեգիոնը» 1943 թվականի մարտի 12-ին գերմանական տորպեդային «S-55» կատերի կողմից։
Ավիակրի խորտակվելուց հետո, որոշել են կատվին թողնել ցամաքում։ Որոշ ժամանակ ապրել է Ջիբրալթարի գեներալ-նահանգապետի գրասենյակում, բայց հետո ուղարկել են Մեծ Բրիտանիա, որտեղ և՝ Բելֆաստում, դիմավորել է պատերազմի ավարտը[7]։
Մահացել է 1955 թվականին։ Նկարչուհի Ջորջինա Շոու-Բեյքերի պաստելով նկարած կատվի նկարը ցուցադրվում է Գրինվիչում գտնվող Բրիտանիայի Ազգային ծովային թանգարանում[6].։