Գյուղ | ||
---|---|---|
Առինջ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Առինճ, Առինչ, Առինք, Արինճ, Արինջ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2400-2600 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առինջեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առինջ, Առինք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Տարոնում, Մուշ քաղաքից 2—3 կմ հյուսիս՝ հարթավայրում՝ թաղված պարտեզների մեջ։ Գյուղը բաժանված էր վերին և ներքին թաղերի՝ իրարից սահմանազատված մրգատու այգիներով։
Ըստ Հովհան Մամիկոնյանի գյուղի անվանումը առաջացել է Պարսից զորքերին ուղղված հետևյալ խոսքերից.
Առ ի՞նչ դարձայք անդրէն ի պատերազմ, ով ավելախօսք։
Առինջը եղել է Գայլ Վահան Մամիկոնյանի հայրենի կալվածքը։ Այնուհետև պատկանել է կաթողիկոսական աթոռին։ Եղել է գրչության կենտրոն։ Առինջում ընդօրինակվել են մի քանի ձեռագրեր։
Բնակչության մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։
1909 թվականին ուներ 150 տուն՝ 2400-2600 հայ բնակչով։ Բնակիչնեչն ունեին բավականին բարեկեցիկ կյանք։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։
Առինջն ուներ Ս. Աստվածածին անունով հնագույն փոքրիկ եկեղեցի։ Եկեղեցին ուներ 3 խորան։
Շրջակայքում պահպանվել էին երկու հին բնակավայրերի մնացորդներ և գերեզմանոց։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին Առինջն ուներ հարմարավետ և նորաշեն դպրոց։ Դպրոցը բաղկացած է եղել 8 սենյակներից։ Վերջին գործունեության 16 տարիներին դպրոցը եղել է երկսեռ։ Դպրոց էին հաճախում նաև մոտակա Առինջավանք և Բգլից գյուղերի երեխաները։
Առինջի երիտասարդների 2/3-ը գրել ու կարդալ գիտեր[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 544)։ ![]() |