Գյուղ | |||
---|---|---|---|
Արդվի | |||
![]() Արդվի վանք, հեռվում՝ գյուղի տեսարան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Համայնք | Ալավերդի համայնք | ||
Այլ անվանումներ | Արդու, Արտվի, Մելիքգյուղ, Մելիքքյանդ | ||
Մակերես | 8.2 կմ² | ||
ԲԾՄ | 1450 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲177 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Տեղաբնականուն | արդվեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արդվի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղը նախկինում կոչվել է Արդու, Արտվի, Մելիքգյուղ և Մելիքքյանդ[3]։
Աշխարհագրորեն գյուղը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում՝ անտառապատ լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա[4]։
Համայնքի վարչական կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է 19 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 53 կմ դեպի հյուսիս[4][5]։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք ապահովում են խմելլու ջուրը։ Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն[6]։
Նախկինում ընդգրված է եղել Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։ Ըստ տեղացիների՝ գյուղը հնում կոչվել է Մելիքգյուղ։ Նոր ժամանակներում կարելի է տեսնել նաև Արդու գրությամբ։ Հովհան Օձնեցին իր ծննդավայրից եկել է այստեղ, կառուցել ճգնարան և եկեղեցի։ Ըստ ավանդության՝ Օձունից հեռանալով և Մելիքգյուղ գալով՝ այն անվանել է Առտվի, այսինքն մելիքն առա և Օձունը տվեցի։ Վերջին դարերում Արդվին համարվում է Լոռու մելիքների կարվածքը։ Գյուղի մոտ գտնվող ձորը կոչվում է Վիշապաձոր[6]։
Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում են գտնվում հայ առաքելական մի շարք կրոնական կառույցներ ինչպիսիք են՝ VII դարերում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, X-XI դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և X-XIV դարերով թվագրվող Կիրակի մատուռները[4]։ Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղքրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում՝ տոհմական։
Հայտնի է, որ Արդվի գյուղի ներկա բնակչության մի մասի նախնիները անցյալ բնակավայր են տեղափոխվել Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից։
Արդվիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 37[7] | 115[7] | 232[7] | 279 | 236 | 188 | 255[8] | 213 | 177[9] |
Արդվիում են ծնվել նշանավոր հնագետ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը՝ Աշխարհբեկ Քալանթարը, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը։
Գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ[4]։ Առկա են զբոսաշրջային որոշակի հեռանկարներ կապված գյուղում առկա պատմամշակութային հուշարձանների և գեղեցիկ բնության հետ։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (153 հա), իսկ 437 հա մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով։ Գյուղը մասնագիտացված է անասնապահության մեջ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Բացի այդ բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային, կերային, հացահատիկային կուլտուրաներ։
Գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները Արդվի են բերում հայաստանցի և արտասահմանյան զբոսաշրջիկների, որոնց այցից գյուղի բյուջե գրեթե մուտքեր չեն կատարվում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդվի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 17)։ ![]() |