Արփիար Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1895 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 15, 1945 (49 տարեկան) |
Մահվան վայր | Mittelbau-Dora concentration camp, Նորդհաուզեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Փահլավիների հարստություն |
Մասնագիտություն | Ֆրանսիական դիմադրության մարտիկ, փաստաբան, իրավաբան և գրող |
Ամուսին | ԼԱՍ |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն և ՀՅԴ |
Անդամություն | Q2450536? |
Arpiar Aslanian Վիքիպահեստում |
Արփիար Ասլանյան (ֆր.՝ Arpiar Aslanian, հայերեն՝ Արփիար Ասլանյան), ի ծնե` Արփիար Լևոնի Ասլանյան (դեկտեմբերի 16, 1895, Վաղարշապատ, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1945, Mittelbau-Dora concentration camp, Նորդհաուզեն, Գերմանիա), ֆրանսահայ հակաֆաշիստ, Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիների ընթացքում եղել է դիմադրության շարժման անդամ։
Արփիար Լևոնի Ասլանյանը ծնվել է 1895 թվականի փետրվարի 16-ին Վաղարշապատ քաղաքում՝ Լևոն և Վառվառա Ասլանյանների ընտանիքում։ Ավագ եղբայրը Դերենիկն էր, իսկ քույրը Արփիկն էր։ Հայրը դպրոցի տնօրեն էր և աշխատում էր Էջմիածնի վանքի գրադարանում։ Արփիարը իրավագիտական կրթություն է ստացել ռուսական համալսարաններից մեկում։ Համարվել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Թավրիզ, որտեղ 1923 թվականին ամուսնացել է Լուիզա Գրիգորյանի հետ, որը նրանից տասը տարի երիտասարդ էր։
1923 թվականին Լուիզայի հետ մեկնել են Փարիզ և իրենց հետ տարել են նաև Լուիզայի մորը՝ Մարիամին, և քրոջը՝ Արշալույսին։ Լուիզան ցանկանում էր ստանալ իր երաժշտական կրթությունը Ֆրանսիայում՝ քանի որ տարված էր դաշնամուրի խաղով։ Վերջինիս ուսումը ապահովելու համար՝ Արփիարը բանվորական աշխատանք է կատարել՝ քանի որ չէր գտել իրավաբանական աշխատանք։
1940 թվականին համալրել է «Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության» շարքերը։
1940 թվականին իր հարսնացուի հետ միասին համալրել է Ֆրանսիական դիմադրության շարքերը։ Ասլանյանները ձեռնարկել են ընդհատակյա արտադրություն և ֆրանսիական պարտիզաններին մատակարարել են զենք[1]։ Արփիարը ծանոթ է եղել այլ դիմադրության հայ մասնակիցների հետ, ինչպիսիք էին Միսաք Մանուկյանը, Մելինե Մանուկյանը, Արպեն Դավթյանը, Հայկ Դպիրյանը, Շագ Տատուրյանը և այլք։
1944 թվականի հուլիսի 26-ին Ասլանյանները ձերբակալվել են Գեստապոյի գործակալների կողմից, իսկ Լուիզայի օրագրերը և ձեռագրերը, այդ թվում նաև՝ «Histoire de la Resistance»-ը («Դիմադրության պատմություն») և «La Chute de Paris»-ը («Փարիզի անկումը»), այրվել են նացիստների կողմից[2]։ Նույն թվականի օգոստոսի 15-ին նրանց Թուլուզից տեղափոխել են Բուխենվալդ, ինչից հետո Արփիարին բանտարկել են «Դորա Միթելբաու» համակենտրոնացման ճամբարում` բաժանելով նրան կնոջից։ Լուիզային տեղափոխել են Ռավենսբրյուկ[3]։
1945 թվականի հունվարի 30-ին անհայտ պատճառով մահացել է Լուիզան։ Փետրվարի 15-ին Արփիարը համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել[4]։