Բարև, թախիծ

Բարև, թախիծ
ֆր.՝ Bonjour tristesse
ՀեղինակՖրանսուազ Սագան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՀաջորդՊղտոր ժպիտը
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
ՀրատարակիչՋոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ1954
Թարգմանիչ հայերենԱլեքսանդր Թոփչյան
Հրատարակում հայերեն2005
Թվային տարբերակգրապահարանում
Պարգև(ներ)

Բարև, թախիծ (ֆր.՝ Bonjour Tristesse), ֆրանսիացի գրող Ֆրանսուազ Սագանի վեպը։ Գրվել է 1954 թվականին։ Գիրքը հայերեն թարգմանվել է 2005 թվականին «Լուսաբաց» հրատարակչության կողմից։

Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, որը ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից (ներառյալ սեռական)։ Սեսիլը ծնվել է բուրժուական բարեկեցիկ ընտանիքում։ Մայրը մահացել է, և նա ապրում է հոր՝ Ռեյմոնի հետ։ Հայրը ապրում է թեթև կյանքով և չի թաքցնում սիրային կապերը։ Դրա կարիքն էլ չկա, քանի որ սիրուհիների շքերթը միայն հետաքրքիր է դարձնում Սեսիլի կյանքը։ Ռեյմոնն իր հերթական սիրուհի Էլզայի և Սեսիլի հետ մեկնում է Լազուրե ափ։ Նրանց է այցելում Ռեյմոնի ընկերուհին` նրա հասակակից Աննան, որը գեղեցիկ և խելացի կին է։

Սեսիլը ծովափին ծանոթանում է գեղեցկատես մի ուսանողի հետ, ում անունը Սիրիլ է։ Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում, մինչդեռ տանը մթնոլորտը փոխվում է։ Ռեյմոնին ավելի ու ավելի է սկսում դուր գալ Աննայի ընկերակցությունը, և նա սկսում է խուսափել թեթևամիտ Էլզայից։ Մի անգամ երեկոյան կազինոյում Ռեյմոնը թողնում է Էլզային և Սեսիլին, իսկ ինքը հեռանում է Աննայի հետ։ Հաջորդ օրը Ռեյմոնը և Աննան հայտնում են Սեսիլին, որ պատրաստվում են ամուսնանալ։ Սեսիլը ոչինչ չունի Աննայի դեմ, անգամ համակրում է նրան, սակայն ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ այդ կինը փոխի իրենց կենցաղը Փարիզում։ Մի օր Աննան տեսնում է ծովափին միմյանց կողքի մերկ պառկած Սեսիլին և Սիրիլին, խնդրում է երիտասարդին այլևս չգալ իրենց մոտ, իսկ Սեսիլին նստեցնում է գրքերի առաջ, որովհետև Սեսիլը պիտի աշնանը վերահանձնի փիլիսոփայության քննությունը, որից կտրվել է։

Սեսիլը հանդիպում է Էլզային և համոզում է, որ իր հորը պետք է փրկել Աննայից, որ իրականում Ռեյմոնը միայն Էլզային է սիրում։ Մի ամբողջ թատերական ներկայացում է հորինում, և Սիրիլին համոզում է խաղալ Էլզայի սիրեկանի դերը, որպեսզի իր տարեց հայր Ռեյմոնը սկսի խանդել Էլզային և ցանկանա վերադարձնել։ Ծրագիրն աշխատում է։ Ռեյմոնը սկսում է խանդել։ Սեսիլը հասկանում է, որ սխալ է վարվում, որ Աննան սիրում է իր հորը։ Սակայն միևնույն ժամանակ չի կարող դադարեցնել սկսածը։

Շուտով Սեսիլը տեսնում է Աննային, որը հավաքում է իր ճամպրուկը։ Աննան հեռանալու որոշում է ընդունել։ Սեսիլը նետվում է նրա հետևից, ուզում է վերադարձնել, սակայն Աննան ոչինչ չի ուզում լսել։

Երեկոյան Ռեյմոնը և Սեսիլը ընթրում են։ Երկուսն էլ հասկանում են, որ պետք է վերադարձնել Աննային։ Հնչում է հեռախոսի զանգը։ Նրանց հայտնում են, որ Աննայի մեքենան շրջվել է ճանապարհից և անդունդն ընկել։

Աննային թաղելուց հետո Ռեյմոնն ու Սեսիլը ապրում են ասես այրին և որբը։ Մի ամիս ոչ մի տեղ դուրս չեն գալիս։ Աստիճանաբար սովորում են ստեղծված իրավիճակին։ Սովորում են այն մտքին, որ Աննայի մահը ոչ թե ինքնասպանության, այլ դժբախտ պատահարի արդյունք է։ Եվ սկսվում է նախկին ուրախություններով ու զվարճանքներով լեցուն կյանքը։ Երբ հանդիպում են, պատմում են իրար սիրային հաղթանակների մասին։ Նրանց թվում է, թե երջանիկ են։ Սակայն առավոտները, երբ երիտասարդ Սեսիլը դեռ պառկած է անկողնում, լսում է ավտոմեքենաների ձայնը, հիշում է անցյալ ամառվա միջադեպը և թախծում է։

«Ժուլիար» հրատարակչությունում գրքի լույս տեսնելը մեծ արձաագանք առաջացրեց կաթոլիկ Ֆրանսիայում։ Գրքի լույս տեսնելու պահին Ֆրանսուազը ընդամենը 19 տարեկան էր։ Մինչ այդ պահը դեռևս անհայտ Ֆրանսուազ Սագանի գիրքը վաճառվեց մեկ միլիոն օրինակով և հեղինակին մեկ ու կես միլիոն ֆրանկ հոնորար բերեց (գիրքը գրախանութներում վաճառվում էր 45 ֆրանկով)։

Գիրքը թարգմանվեց 22 լեզուներով, և ընդհանուր առմամբ վաճառվեց գրքի 5 միլիոն օրինակ։ Ստեղծագործության գլխավոր հերոսուհին դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանիշ։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով՝ թախիծ։ Դա այնպիսի համակործան և այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ։ Այդ զգացմունքն ինձ անծանոթ էր, բայց գիտեի, թե ինչ է տաղտուկը, ափսոսանքը, ավելի պակաս ինձ ծանոթ էր խղճի խայթը։ Իսկ հիմա, ինչ-որ բան՝ մետաքսի պես և՛ հաճելի, և՛ նյարդայնացնող, փաթաթվում է ինձ, անջատում մյուսներից։
  • Տարօրինակ է, ճակատագիրը սիրում է մեզ ներկայանալ շատ սովորական և անարժան տեսքով։
  • Ես կրքոտ համբուրեցի նրան։ Ես ցանկանում էի ցավեցնել նրան՝ թողնելով որևէ սպի, որ նա վայրկյան անգամ չմոռանար իմ գոյության մասին։
  • Ուրիշի թերություններին հեշտությամբ ես հաշտվում, երբ դրանք շտկելու քո պարտքը չես համարում։
  • Այն, ինչ համարում եք խելացի տարօրինակություն, տարիքի տարօրինակություն է։
  • Եվ նրա ձայնը այնպես համոզված էր, այնպես քնքուշ, որ ես հասկացա. առանց ինձ հայրս, իրոք, դժբախտ կլիներ։ Մինչև ուշ գիշեր խոսում էինք սիրո և դրա կնճռոտ խնդիրների շուրջ։ Հորս համար այդ բոլոր խնդիրները հորինովի էին։ Նա կտրականապես մերժում էր հավատարմության, հարաբերությունների լրջության, մարդկային պարտավորությունների գաղափարները։ Ինձ բացատրում էր, որ այդ բոլորը քմահաճ են ու անպտուղ։ Հորիցս բացի ով էլ ասելու լիներ այդ մասին, ինձ կապշեցներ։ Բայց ես գիտեի, որ այս պարագայում դա չէր բացառում ո՛չ քնքշությունը, ո՛չ անձնվիրումը, զգացմունքներ, որոնք նրա ուզելուն պես ծնվում էին, քանզի գիտեր, որ դրանք ժամանակավոր են։ Այդ պատկերացումներն ինձ հրապուրում էին։ Ես դեռ այն տարիքին չէի, երբ հավատարմությունը գրավիչ է։ Ես շատ քիչ բան գիտեի սիրո մասին։
  • Նրա ազդեցությունը չափազանց զորեղ էր։ Հայրս արդեն անջատվում էր ինձնից. նրա նեղված, շփոթված դեմքը, որ սեղանի մոտ շարունակ փախցնում էր ինձնից, հալածում էր ինձ, տանջում։ Լացս գալիս էր, երբ հիշում էի մեր հին օրերի ընկերությունը, թե ինչպես էինք ծիծաղում, երբ արշալույսին, մեքենա նստած, Փարիզի լուսավորվող փողոցներով տուն էինք գալիս։ Այդ ամենի վերջը եկել էր։
  • Ճանապարհին ձեռքս բռնեց ու պահեց։ Դա ամուր և սփոփող ձեռք էր. այդ ձեռքը սրբում էր սիրո իմ առաջին արցունքները, հանգստության և լիակատար երջանկության պահերին բռնում էր իմ ձեռքը, գողունի սեղմում էր նաև մեղսակցության կամ ծիծաղի պահերին։ Ես սովոր էի նաև այդ ձեռքը տեսնել ղեկի վրա կամ երեկոյան՝ բանալին բռնած, բանալու անցքն ապարդյուն փնտրելիս, որևէ կնոջ ուսին, կամ սիգարետը բռնած։ Սակայն այդ ձեռքն այլևս ոչինչ էր կարող ինձ համար անել։ Ես շատ ուժեղ սեղմեցի այն։ Հայրս դարձավ ինձ և ժպտաց։
  • Միայն թե երբեմն, արշալույսին, երբ դեռ պառկած եմ անկողնում, իսկ Փարիզի փողոցներում միայն մեքենաների աղմուկն է, հիշողությունս մոլորեցնում է ինձ, առջևս է կանգնում անցած ամառը և հետը կապված բոլոր հուշերը։ Աննա՜, Աննա՜, ցածրաձայն ու երկար-երկար կրկնում եմ ես խավարի մեջ։ Ինչ-որ բան է մեջս բարձրանում. ես փակում եմ աչքերս և մեջս բարձրացող այդ բանը կոչում իր անունով. բարև, թախիծ…
  • Նա չժպտաց։ Նա ժպտում էր միայն այն դեպքում, երբ ցանկանում էր, և ոչ թե մյուսների նման, որ քաղաքավարությունից մղված են ժպտում։
  • Այդ շաբաթվանից ես հուշեր եմ պահել, որոնք սիրում եմ փորփրել այսօր, որպեսզի տանջանքի ենթարկեմ ինքս ինձ։
  • Ես գիտակցում էի, որ մեր կյանքը ոգեշնչող միակ զգացումը՝ անհոգությունը, փաստարկներ չունի ինքն իրեն պաշտպանելու։
  • Սերն ամենաքաղցր, ամենաճշմարիտ բանն է։ Եվ կարևոր չէ, թե ինչ գին ես տալիս։
  • Հարբած վիճակում կարող ես ճշմարտությունն ասել, ոչ ոք քեզ չի հավատա։
  • Ես նրան շատ լավ գիտեի, ուստի չէի կարող հեշտությամբ դատել նրա մասին և հետո՝ մենք իրար չափազանց նման էինք։
  • Բայց ամենից շատ վախենում էի անդորրից և ձանձրույթից։

Գրքի հայերեն թարգմանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հայերեն թարգմանվել է 2005 թվականին «Լուսաբաց» հրատարակչության կողմից։ Այն ֆրանսերենից հայերեն թարգմանել է Ալեքսանդր Թոփչյանը։ Գիրքը հրատարակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության օժանդակությամբ։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին գիրքը էկրանավորվել է ամերիկացի ռեժիսոր Օտտո Պրեմինգերի կողմից։ Գլխավոր դերերը կերտել են Դեբորա Քերը և Դևիդ Նիվենը։

Ֆրանսիական Լը Մոնդ թերթի կողմից 1999 թվականին կազմվել է «Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի», որտեղ «Բարև, թախիծ» վեպը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]