Բոլոր պայծառ վայրերը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջենիֆեր Նայվեն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Alfred A. Knopf |
Հրատարակվել է | սեպտեմբերի 17, 2015 |
Բոլոր պայծառ վայրերը (անգլ.՝ All the Bright Places), 2015 թվականին լույս տեսած ստեղծագործություն է` նախատեսված երիտասարդների և չափահասների համար[1]։ Վեպի հեղինակն է Ջենիֆեր Նիվնը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվականի հունվարի 6–ին «Ալֆրեդ Նոֆ» տպագրատան կողմից։ Գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են, և այն էկրաններ կբարձրանա 2018 կամ 2019 թվականին[2] ։
Թեդոր Ֆինչը և Վիոլիթ Մարքին երկու դեռահասներ են, ովքեր տենչում են փախչել Ինդիանայում գտնվող իրենց փոքր բնակավայրից։ Վիոլիթը բարձր համբավ ունեցող աղջիկ է, ով գաղտնիորեն տանջվում է իր հիշողությունների պատճառով, իսկ Ֆինչը, մահվան գաղափարներով կլանված, այլ ուսանողների բնորոշմամբ հրեշ է։ Ճակատագիրը նրանց երկուսին միավորում է, երբ նրանք միաժամանակ բարձրանում են իրենց դպրոցի տանիք, որպեսզի ցած նետվեն։ Ֆինչը զարմանում է, երբ Վիոլիթին տեսնում է այնտեղ, քանի որ նա դպրոցի հայտնի չերլադերներից էր։ Սակայն Վիոլիթը ապրում էր իր քույր Էլիանորի մահվան հիշողություններից անբաժան, ինչի համար էլ իրեն մեղավոր էր զգում։ Էլիանորը մահացել է ավտովթարի ժամանակ, և Վիոլիթը դրանից հետո մեքենաներից չի օգտվել։ Նա դադարեցրեց իր գործունեությունն ուսանողական խորհրդում, չերլեդերների խմբում, և ոչինչի համար չէր անհանգստանում։ Ինչ վերաբերվում է Ֆինչին, նա հուսահատված էր և մտածում է ինքնասպանության մասին։ Նա հիվանդագին կերպով իր օրագրում գրում էր այլ մարդկանց ինքնասպանությունների վերաբերյալ հետաքրքրաշարժ փաստեր։ Նա նախաձեռնում է իր և Վիոլիթի համագործակցությունը դպրոցական մի ծրագրում, որտեղ նրանք միասին հետախուզում են, իրենց՝ Ինդիանայում գտնվող, բնակավայրը։ Դրանից հետո, երբ Ֆինչը գնում է տուն, չի դադարում Վիոլիթի մասին մտածել։ Նրան փնտրում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, կարդում է նրա քրոջ մահվան վերաբերյալ հոդվածը (որի մասին մոռացել էր) և սկսում է առցանց զրուցել նրա հետ։ Ֆինչի ընտանիքը չի հասկանում նրա հուսահատության պատճառը, իսկ տղան գնալով ավելի է մեկուսանում։ Իրենց դպրոցական ծրագրի համար Ֆինչը և Վիոլիթը շրջում են իրենց բնակավայրով՝ գտնելու ոչ սովորական և կարևոր նշանակություն ունեցող վայրերը։ Նրանք տեսնում են տնային պայմաններում պատրաստված կարուսելներ, Ինդիանայի տարածքում գտնվող ամենաբարձր լեռը և ավելին։ Այս երկուսը սիրահարվում են և սկսում սիրային հարաբերություններ։ Ֆինչը կարծես թե դառնում է դաստիարակ, խորհրդատու Վիոլիթի համար։ Նա օգնում է աղջկան՝ սկսի խոսել իր քրոջ մահվան մասին, ինչն անգամ նրա ծնողներին չէր հաջողվել։ Նա ոգեշնչում է Վիոլիթին վերսկսել ստեղծագործել և կրկին մեքենաներից օգտվել։ Բաներ, որոնք նա հրաժարվում էր անել ինն ամիս շարունակ։ Դրա արդյունքում Վիոլիթը սկսում է բուժվել։
Սակայն Ֆինչի վիճակն ավելի է վատանում։ Նա տառապում է չախտորոշված երկբևեռ աֆեկտիվ խանգարումով։ Նա պարբերաբար ծեծվում էր իր հոր կողմից և ստորացվում դպրոցում։ Նրա կյանքի միակ փայլող կետը իր և Վիոլիթի ծաղկող հարաբերություններն էին։
Մի օր կեսօրից մինչը հաջորդ առավոտ նրանք մնում են Ֆինչի մեքենայում։ Վիոլիթի ծնողները զայրանում են և արգելում իրենց դստերը հանդիպել Ֆինչի հետ։ Սա շատ է ազդում Ֆինչի վրա, և շուտով նրան հեռացնում են դպրոցից։ Չնայած նրան, որ պատանիները հազվադեպ էին հանդիպում, այդուհանդերձ Ֆինչը չէր կարող իր սիրելիից թաքցնել օրեցօր խորացող հուսահատությունը։ Վիոլիթը չէր հասկանում դեպքի լրջությունը և կարծում էր, թե Ֆինչը այլևս հետաքրքրված չէ իրենով։
Մեկ սարսափելի գիշեր Ֆինչը որոշում է իր կյանքին վերջ տալ։ Նա ընդունում է քնաբեր բազմաթիվ հաբեր, սակայն անմիջապես զղջում է։ Նա գնում է մոտակա բուժհաստատություն՝ հնարավոր օգնություն ստանալու համար։ Այնտեղ նրա ստամոքսը լվանում են։ Դրանից հետո նա փորձում է օգնություն ստանալ ինքնասպանության մտքեր ունեցող մարդկանց աջակցող խմբից։ Այնտեղ նա անկեղծանում է իրենց դպրոցից մեկ ուրիշ աղջկա` Ամանդայի հետ։ Ամանդան մտահոգվում է Ֆինչի վիճակով և Վիոլիթին պատմում է նրա ինքնասպանության փորձի մասին։ Վիոլիթը շատ է անհանգստանում և փորձում է օգնել սիրելիին, սակայն տղան մերժում է։
Ֆինչը տնից փախչում է, և միայն Վիոլիթն է նրան փնտրում։ Ֆինչը Վիոլիթին է ուղարկում իր խորհրդավոր գրությունները, որպեսզի նա իրենց կիսատ թողած դպրոցական ծրագրի համար նախատեսված վայրերը այցելի, բայց աղջիկը դրանք միանգամից չի հասկանում։
Իր անհետացումից մեկ ամիս հետո Ֆինչը հրաժեշտի էլեկտրոնային նամակներ է ուղարկում այն բոլոր մարդկանց, ում ճանաչում էր։ Վիոլիթը խուճապի է մատնվում և մտածում է, թե Ֆինչը խեղվել է Կապույտ խոռոչ կոչվող վայրում։ Նա գնում է այնտեղ, և նրա կասկածները փարատվում են։ Ավելի ուշ Վիոլիթին հաջողվում է վերծանել այն բոլոր գրությունները, որոնք Ֆինչն էր իրեն ուղարկել։ Վերջին վայրում, որտեղ նրանք պետք է երկուսով այցելեին, Ֆինչը երգ էր գրել Վիոլիթի համար․․․ Սա օգնում է Վիոլիթին վերականգնվելու և հասկանալու, որ Ֆինչի ինքնասպանության մեջ ինքը մեղավորություն չունի։ Գիրքը ավարտվում է այն տեսարանով, երբ Վիոլիթը իրեն հանգստություն պատճառելու համար այցելում է Կապույտ խոռոչ։
New York Times–ը «Բոլոր պայծառ վայրերը» համեմատում է Ռեինբոու Ռովելլի «Eleanor & Park» և Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունների հետ։ Թերթում, Վիոլիթի և Ֆինչի հարաբերությունները նկարագրվում են որպես «երկու վնասված, կոտրված սրտերով դեռահասներ, ովքեր գոնե մեկ անգամ անոթի և մեկուսացված են եղել, իրենց միավորված և աններդաշնակ ճակատագրերի կողմից խորտակված»[3]։ Ե՛վ Entertainment Weekly–ը, և՛ The Guardian–ը գրքի մասին դրական կարծիք են հայտնել[4]։ The Guardian թերթը գրել է․ «Նիվնի՝ դեպի երիտասարդ գրականություն առաջին արշավում բացակայում է պատմական լարվածությունը, բայց դրա փոխարեն կան բազմաթիվ զգացմունքներ»[1]։ Վեպը 2015 թվականին հաղթեց Goodreads մրցանակաբաշխության երիտասարդ գրականության անվանակարգում[5]։