Գեյլ Դայնս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սոլֆորդի համալսարան |
Մասնագիտություն | գրող, սոցիոլոգ, ֆեմինիստ, հասարակական գործիչ և համալսարանի դասախոս |
Կայք | gaildines.com |
Gail Dines Վիքիպահեստում |
Գեյլ Դայնս (անգլ.՝ Gail Dines, հուլիսի 29, 1958[1], Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բոստոնի Ուիլոկ մասնավոր քոլեջի սոցիոլոգիայի և կանանց հարցերով ուսումնասիրությունների պրոֆեսոր[2]։
Արմատական ֆեմինիստ Դայնսը մասնագիտանում է պոռնոգրաֆիայի ուսումնասիրության մեջ[2]։ 2010 թվականին հայտնի դառնալով որպես աշխարհի առաջատար հակապոռնոգրաֆիական արշավի մասնակից[3]՝ համահիմնադրել է «Stop Porn Culture» և հիմնադրել «Culture Reframed» կազմակերպությունները՝ նպատակ ունենալով ներկայացնել պոռնոգրաֆիան որպես առողջապահական ճգնաժամ[2][4]։ Հանդիսանում է «Pornography: The Production and Consumption of Inequality» (1997) գրքի համահեղինակն ու «Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality» (2010) գրքի հեղինակը։
Գրում է, որ տղաներն ու տղամարդիկ առցանց են ենթարկվում պոռնոգրաֆիայի, որն ավելի ու ավելի դաժան և բռնարար է կանանց նկատմամբ։ Նա պնդում է, որ պոռնկագրությունը «կատարյալ քարոզչություն է հայրիշխանության համար»։ Այդ կերպարներն ազդում են դեռահաս աղջիկների սեռական ինքնության զգացողության վրա[3], որի արդյունքում Դայնսի բառերով՝ կանանց «գերի են պահում» այն կերպարներով, որոնք ստում են նրանց մասին։ Կանացիությունը հասցվում է մինչև «հիպերսեքսուալ, երիտասարդ, նիհար, մազազուրկ և, շատ դեպքերում, վիրաբուժական միջամտությունների ենթարկված ու դեմքին «արի-այստեղ» արտահայտությամբ կանանց կերպարի»[5]։
Դայնսը ծնվել է Անգլիայի Մանչեսթեր քաղաքում, ուղղափառ հուդայականություն դավանող ընտանիքում[6] ու հաճախել Քինգ Դեյվիդ ավագ դպրոցը[7]։ Երբ նա 18 տարեկան էր, Ռոբին Մորգանի «Sisterhood is Powerful» (1970) գիրքն ընթերցելուց հետո հրաժարվել է ուղղափառ հուդայականությունից ու դարձել արմատական ֆեմինիստ՝ հետագայում ֆեմինիզմի հանդեպ իր զգացումն անվանելով «կրքոտ սիրային արկած»[6]։ 2011 թվականին խոսել է արմատական ֆեմինիզմի գրավչության մասին․ «20 և ավելի տարի կանանց դասավանդելուց հետո եթե սկսեմ դասավանդել լիբերալ ֆեմինիզմ, ինձ անտարբերությամբ կնայեն, բայց երբ դասավանդում եմ արմատական ֆեմինիզմ, սենյակը պայթում է։ Հիշում եմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ առաջին անգամ արմատական ֆեմինիզմ էի կարդում։ Ես մտածում էի․ «ես սրան սպասելիս եմ եղել իմ ամբողջ կյանքում, բայց չեմ էլ իմացել, որ սպասում եմ»»[8][9]։
Բակալավրի աստիճան ստացել է Սալֆորդի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է իր ամուսնուն՝ Դեյվիդ Լևիին, որը սովորում էր Մանչեստրի համալսարանում[10]։ Հրապուրվել է Մարքսիզմով, սակայն հիսթափվել է, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 3379 բանաձևի ընդունումից հետո բրիտանացի ուսանողական միությունները քվեարկել են սիոնիզմը ֆաշիզմ համարելու օգտին, որի արդյունքում հրեական ուսանողական խմբերը զրկվել են ֆինանսավորվելուց։ Միացյալ Թագավորությունում վերաբերմունքը հանգեցրել է հրեատյացության աճին։ Հրեական տների վրա սվաստիկա էին նկարում, իսկ մի անգամ մի պանդոկում իր հրեա ընկերների հետ Դայնսը լսել է, թե ինչպես հարևան սեղանից ասում են, որ իրենք «գազի հոտ են առնում»[6]։
Սրա արդյունքում 1980 թվականին 22-ամյա Դայնսն ու իր ամուսինը մեկնել են Իսրայել[6][10]։ Այնտեղ նա համահիմնադրել է «Isha L'isha» ֆեմինիստական խումբը, որը 2018 թվականին համարվել է «Իսրայելում գործող ամենահին հիմնարար ֆեմինիստական կազմակերպությունը»[6][11] և Հայֆայի համալսարանում սկսել զբաղվել կանանց նկատմամբ բռնության ուսումնասիրությամբ[6]։ Դոկտորական դիսերտացիան սկսել է սկսել է բռնաբարության ճգնաժամային կենտրոնում կամավոր աշխատելիս, «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» ընկերության կողմից Հայֆայում կազմակերպված հանդիպման ժամանակ պոռնոգրաֆիայի հանդիպելուց հետո[3]։ Հաջորդ օրն իր գիտական ղեկավարի ասել է, որ ցանկանում է դիսերտացիան գրել պոռնոգրաֆիայի մասին․ «Ես բառացիորեն չէի հավատում պատկերներին։ Ես չէի հավատում, որ տղամարդիկ ստեղծում են նման պատկերներ, և որ այլ տղամարդիկ ցանկանում են դիտել դրանք»[10]։
Զույգը որդի է ունեցել, որը ծնվել է Լևիի՝ Իսրայելի պաշտպանության բանակի կազմում Լիբանանում գտնվելու ժամանակ[7]։ Դայնսը միացել է իսրայելական խաղաղության շարժմանը և շարունակել քննադատել իսրայելական բնակավայրերի ընդլայնումը և Գազայում պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը[12]։ Իսրայելական մշակույթի գեր-առնականության հետ համակերպվելը դժվար համարելով[6]՝ 1986 թվականին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Լևին սկսել է սովորել Հարվարդի բիզնես դպրոցում[7]։ 1990 թվականին Դայնսն ստացել է դոկտորի կոչումը կրկին Սալֆորդի համալսարանից «Towards a Sociology of Cartoons: A Framework for Sociological Investigation with Special Reference to "Playboy" Sex Cartoons» վերնագրով դիսերտացիայի պաշտպանությունից հետո[13]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
TEDx talk by Gail Dines | |
"Growing Up in a Pornified Culture", TEDx Talks on YouTube, 28 April 2015[14] |
1986 թվականից մոտավորապես 30 տարի աշխատել է Բոստոնի Ուիլոկ քոլեջում․ նա դարձել է սոցիոլոգիայի և կանանց ուսումնասիրությունների պրոֆեսոր և ամերիկագիտության ամբիոնի վարիչ[3]։ Լևին դարձել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր կառավարման ոլորտում[10][15][16]։
Լինելով երկու գրքի հեղինակ, այդ թվում և «Pornland: How Porn Has Hijacked our Sexuality» (2010), Դայնսը նաև գրել է մի շարք ամսագրերի ու լրագրերի համար, որոնց թվում՝ «Նյու Յորք Թայմս» օրաթերթը, «Նյուսվիք» և «Թայմ» շաբաթաթերթերը, «Գարդիան» օրաթերթը[17][18]։ Հանդիսանում է «Stop Porn Culture» կազմակերպության հիմնադիր անդամ[17], «National Feminist Anti-Pornography Movement» շարժման համահիմնադիր ու «Culture Reframed» կազմակերպության հիմնադիր, որի նպատակը պոռնոգրաֆիան որպես հանրային առողջության ճգնաժամ ճանաչելն է[2][4]։
Դայնսի տեսակետը պոռնոգրաֆիայի վերաբերյալ այն է, որ այն աղավաղում է տղամարդկանց տեսակետը սեքսուալության վերաբերյալ[19] և նրանց համար ավելի է դժվարացնում կանանց հետ ինտիմ կապեր հաստատելը։ Ժամանակակից պոռնոգրաֆիայում հայտնաբերված բռնությունն ու դաժանությունը նման չէ պոռնոգրաֆիայի ավելի վաղ ձևերին, որոնց լայն հասարակությունը կարող է ծանոթ լինել, որն ըստ Դայնսի՝ նվաստացնում է կանանց դիրքը հասարակության մեջ[3][19]։ Նա նաև դիտարկում է կոշտ պոռնոգրաֆիայի տարածվածությունը որպես սեքսուալ թրաֆիքինգի «պահանջարկի» մեծացմանը նպաստող գործոն[20]։
2011 թվականի փետրվարին հակապոռնոգրաֆիական ակտիվիստ Շելի Լաբենի հետ հրավիրվել է բանավիճելու պոռնոգրաֆիկ ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Սպանի հետ․ նշանաբանը եղել է «Այս դահլիճը կարծում է, որ պոռնոգրաֆիան լավ հանրային ծառայություն է մատուցում»[21]։ Դայնսը չի համոզել դահլիճին, որը որոշում է կայացրել 231կողմ, 187 դեմ և 197 ձեռնպահ ձայներով[22]։ Դայնսն ասել է, որ իր մրցակիցները հաղթել են, քանի որ դահլիճը հիմնականում բաղկացած է եղել «18–22 տարեկան արական սեռի ներկայացուցիչներից, ովքեր կանոնավոր կերպով օգտագործում են պոռնոգրաֆիան»[23]։
Դայնսը դեմ է արտահայտվել Porn Studies հանդեսին, երբ այն հիմնադրվել է, պնդելով, որ «խմբագիրները ունեն պոռնոամետ ծագում, որտեղ նրանք հերքում են բազմաթիվ հետազոտությունները, որոնք արվել են պոռնոյի բացասական հետևանքների վերաբերյալ» և որ նրանք պոռնո արդյունաբերությունը «ողջունողներ» են[24]։
Դայնսի «Pornland: How Porn Has Hijacked our Sexuality» (2010) գիրքն արժանացել է հակասական կարծիքների․ որոշ քննադատներ վկայակոչում են իրենց կարծիքով հեղինակի կողմից գրգռող լեզվաոճի օգտագործումը[25]։ Նրա գրածը քննադատության է ենթարկվել այլ ակադեմիկոսների կողմից, այդ թվում՝ Ջորջ Վաշինգտոն համալսարանից Ռոնալդ Վայցերի։ «Պոռնոգրաֆիա. Հիմնավոր ապացույցների անհրաժեշտություն» էսսեում (2011) Վայցերը պնդում էր, որ Դայնսի աշխատանքը վատ հետազոտված է և խիստ հակադրվում է պոռնոգրաֆիայի վերաբերյալ առկա հետազոտություններին[26]։ Նույն ամսագրի «Ֆեմինիստական արձագանք Վայցերին» հոդվածում Դայնսը գրել է, որ իր գրքում օգտագործվել են Ստյուարտ Հոլլի և Անտոնիո Գրամշիի մշակած մշակութային ուսումնասիրությունների տեսություններ և մեթոդներ[27]։ Նույն 2011 թվականին «Գարդիանում» պոռնո արդյունաբերության մասին Դայնսի գրելուց հետո[28] Նևադայի համալսարանի պրոֆեսոր Լին Կոմելան մեղադրել է նրան «հակահարված տալուն չդիմելու» մեջ[29]։
2007 թվականին Դայնսը հոդված է գրել տղամարդկանց սպորտային թիմի բռնաբարության դեպքի մասին, որտեղ առաջարկել է, որ «այս պարագայում մենք պետք է որոշ ուշադրություն դարձնենք տղամարդկանց վրա»[30]։ Գրող Քեթի Յունգը քննադատել է Դայնսին իր երկակի ստանդարտների համար, նշելով, որ «նույն ֆեմինիստները, ովքեր արդարացիորեն ասում են մեզ, որ բռնաբարության զոհը չպետք է հրեշտակ լինի աջակցություն ստանալու համար, այսպիսի տարբերվող չափանիշ են կիրառում տղամարդկանց նկատմամբ, որոնց կարող են կեղծ մեղադրել բռնաբարության մեջ»[31]։
2016 թվականին Դայնսը և հրեա երկու այլ պրոֆեսորներ Ուիլոկ քոլեջի դեմ խտրականության բողոքներ են ներկայացրել ԱՄՆ-ի հավասար զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովին՝ այն պնդումների հետ կապված, որ քոլեջի բազմազանության ջանքերը բավականաչափ ընդգրկուն չէին հրեա ուսանողների համար[32]։ Նրանց առարկություններից մեկն այն էր, որ հրեական տոներին հրեա ուսանողների համար ճաշասրահում համապատասխան սնունդը բացակայում էր։ 2014 թվականին հրեա ուսանողների շահերը պաշտպանելու նպատակով նամակ գրելուց հետո դասախոսներն ասել են, որ նրանց կյանքը վատացել է, և նրանք դարձել են հակահրեական հարձակումների թիրախ[33][34]։ Քոլեջը բողոքներն «անհիմն» է համարել[32]։
Գրքեր
Chapters
Հոդվածներ
«Porn debate to spice up Cambridge Union». Cambridge News. 2011 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին.
{{cite book}}
: |website=
ignored (օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյլ Դայնս» հոդվածին։ |
|