Գրիգոր Արծրունի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 11), 1845[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 19 (31), 1892[2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա (1863)[1] և Հայդելբերգի համալսարան (1869)[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[1][2] և doctorate in Political Science and Economics?[2] |
Մասնագիտություն | հրապարակախոս, գրական քննադատ, հասարակական գործիչ և տնտեսագետ |
Աշխատավայր | Գայանյան օրիորդաց դպրոց[1] և Մշակ[1][2] |
Ծնողներ | հայր՝ Երեմիա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի |
Զբաղեցրած պաշտոններ | խմբագիր |
Grigor Artsruni Վիքիպահեստում |
Գրիգոր Երեմիայի Արծրունի (փետրվարի 27 (մարտի 11), 1845[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 19 (31), 1892[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][3], Թիֆլիս), հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։
Գրիգոր Արծրունին ծնվել է Թիֆլիսում՝ քաղաքագլուխ ու հասարական ու քաղաքական գործիչ Երեմիա Արծրունու ընտանիքում։ Մայրը՝ Ագրեպիանա Նազարյանցը ազնվական Դավիթ Նազարյանցի դուստրն է։ Երեմիան ու Ագրիպինան ամուսնացել են 1841 թվականին ունեցել են 8 զավակ՝ 5 որդի ու 3 դուստր։ Երեխաները ծնվել են Մոսկվայում այն ժամանակ, երբ Երեմիան տեղափոխվել էր այնտեղ, սակայն 1857 թվականին կրկին վերադառնում են Թիֆլիս։ Երեմիայի հայրը՝ մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին Թիֆլիս է տեղափոխվել իր ծննդավայր Վանից, տեղում ստացել է Կովկասի փոխարքայի կողմից ազնվականի կոչումը, որը կարող էր փոխանցել ժառանգաբար։ Գևորգը իր հերթին որդին էր Երեմիա Արծրունու ավագի՝ ծնված 1727 թվականին, ով եղել է Սենեքերիմ արքայի ու մեծանուն Արծրունիների տոհմի ուղիղ ժառանգը[4]։
Գրիգորի պապի՝ Գևորգի մյուս զավակի՝ Մարիամի որդին է եղել Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը[4]։
Ուսումը Գրիգորը սկսել է տանը՝ ընտանիքում։ 1857 թվականին կրթսեր եղբոր՝ Անդրեասի հետ մեկնում է Բադ-Քրոյցնախ առողջարան-քաղաք՝ ոսկրային հիվանդույթունը բուժելու նպատակով։ Այստեղ նա սովորում է լատիներեն ու գերմաներեն լեզուները։ 1858 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ սովորում է հայերեն Գրիգոր Տեր-Բարսեղյանի ու Մեղու Հայաստանի թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի մոտ։ Նույն թվականին սկսել է ուսումը Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որը ավարտում է 1863 թվականին։ Ավարտելուց հետո Գրիգոր Արծրունին մեկնում է Մոսկվայի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետում սովորելու։ Հաջորդ տարի սակայն տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգի հալասարան, որտեղ սովորում է մինչև 1866 թվականը[5]։ Հիվանդությունը բուժելու նպատակով կրկին մեկնում է Եվրոպա՝ այս անգամ Ֆրանսիայի Նիս քաղաք։ Այնուհետև մեկնում է Շվեյցարիա ու դասախոսություններ է լսում Ցյուրիխի ու Ժնևի համալսարաններում։ 1867 թվականին մեկնում է Գերմանիա ու ուսումը շարունակում Հայդելբերգի համալսարանում։ Երեք տարի անց ավարտում է համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության ու փիլիսոփայությանդոկտորի աստիճան։ 1870 թվականին մեկնում է Վիեննա, իսկ այնուհետև Վենետիկ, որտեղ հաճախում է քաղաքագիտական դասախոսություններ Վիեննայի համալսարանում ու մայրենի լեզվի գիտելիքներն է զարգացնում Մխիթարյան միաբանությունում[4]։
1865 թվականից թղթակցել է Մեղու Հայաստանի, Հայկական աշխարհ ու Պոլսի Մասիս պարբերականներին։ 1870 թվականի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, որտեղ եղել է ուսուցչի օգնական Գայանյան ու Մարիամյան օրիորդական դպրոցներում։
1872 թվականի հունվարի 1-ին Գրիգոր Արծրունին հիմնադրում է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը[6][7]։
Իր հայացքներով հարում էր ազատականության (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը։ Ռուսաստանի օգնությունը համարում էր վճռական արևմտահայերի ազատագրման գործում։
Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Գրիգոր Արծրունին զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891 թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին Գրիգոր Արծրունին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական-ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, Է․ Շատիրավացի կեղծանուններով։
«Հայը նայում է իր մայրենի լեզուի վրայ
Ինչպէս մի կոտրած ամանի վրայ
Ինչպէս իր մաշուած շորի վրայ»:
Գրիգոր Արծրունի, 1876[4]
Գրիգոր Արծրունին մահացել է 1892 թվականի Դեկտեմբերի 19-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Թիֆլիսի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում[4]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արծրունի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արծրունի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 74)։ |