Գրիգոր Սյունի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1876 Գետաբեկ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1939 (63 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր խմբավար |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Գրիգոր Հովհաննեսի Սյունի (Միրզայան) (սեպտեմբերի 10, 1876, Գետաբեկ, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1939, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), հայ կոմպոզիտոր, խմբավար։
Գրիգոր Սյունին ծնվել է Գետաբեկում։ Պապը եղել է աշուղ Դադասին, հայրը՝ ժողովրդական բանաստեղծ-երգիչ և մանրանկարիչ։ Երկու տարեկանից ընտանիքի հետ ապրել է Շուշիում։ 1891 թվականից սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Կարա-Մուրզայի և Կոմիտասի ազդեցությամբ զբաղվել նաև ժողովրդական երգեր հավաքելով ու ներդաշնակելով։ 1895 թվականին Շուշիում կազմակերպել է երգչախումբ և իր բազմաձայնած ժողովրդական երգերով համերգ տվել։
1904 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (աշակերտել է Ն․ Ռիմսկի-Կորսակովին, Ա․ Լյադովին, Ա․ Գլազունովին), նաև ղեկավարել տեղի հայկական եկեղեցու երգչախումբը, ներդաշնակել հոգևոր երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ, գրել մեներգեր և պոլիֆոնիկ գործեր։
1905-1907 թվականներին երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Հայոց դրամատիկական ընկերության միջոցով բեմադրել իր «Արեգնազան» օպերետը, գրել «Ասլի և Քարամ» երգախառն դրաման։ Հետագա ստեղծագործական աշխատանքը գերազանցապես նվիրել է համերգային գործունեությանը։ 1908 թվականից շրջագայելով հայաբնակ տարբեր վայրերում (Տրապիզոն, Կարին, կրկին Թիֆլիս, Թեհրան, Կ․ Պոլիս և այլն, 1923 թվականից՝ ԱՄՆ)՝ շարունակել է հավաքել ժողովրդական եղանակներ (օգտվել է նաև Կոմիտասի գրառումներից), դրանք թեթևակի ներդաշնակել և կատարել իլ երգչախմբերով՝ նպաստելով հայ ժողովրդական զանգվածներում բազմաձայն երգեցողության տարածմանը։ Սյունիի ստեղծագործությունները լրիվ հրատարակված, նույնիսկ հավաքված չեն։ Դաշնամուրի նվագակցությամբ ինքնուրույն մեներգերը (Հովհաննես Թումանյանի խոսքերով՝ «Ինձ մի խնդրիր», Ավետիք Իսահակյանի՝ «Ախ ալ վարդի» ևն) գրված են հայ քաղաքային ժողովրդական երաժշտության ոճով, ունեն արտահայտիչ մեղեդիներ։ Սրանք, ինչպես և բուն ժողովրդական երգերի մեներգային մշակումները (օրինակ, «Նեննի» օրորոցայինը) զգալի դեր են խաղացել ազգային ռոմանսի ձևավորման ու զարգացման գործում։ Կոմպոզիտորի ստեղծագործության առավել արժեքավոր բաժինը գեղջկական երգերի խմբերգային մշակումներն են, որոնցից լավագույնները («Սարերի հովին մեռնիմ», «Սարերը հովելա», «Ալագյազ» ևն) առանձնանում են մեղեդիների ժանրային բազմազանությամբ ու ներդաշնակության ընդհանուր բարեհնչությամբ և հայ երգչախմբային երաժշտության դասական ժառանգության մաս են կազմում։ ԱՄՆ-ում ապրած տարիներին Սյունին հանդես է եկել որպես Խորհրդային Հայաստանի բարեկամ, եռանդուն մասնակցել է ՀՕԿ-ի գործունեությանը, 1930-ական թթ․ սովետահայ մասսայական երգերի օրինակով հորինել ու կատարել է «Նոր կյանքի երգեր» շարքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 473)։ |
|