Երկիր | Միացյալ Թագավորություն |
---|---|
Տեսակ | հանրային գրադարան և գրադարանի շենք |
Հիմնվել է | 1879[1] |
Տեղադրություն | Դերբի |
Հասցե | Derby Central Library, The Wardwick, Derby, DE1 1HS[2][3] |
Դերբիի կենտրոնական գրադարան (անգլ.՝ Derby Central Library), 1879 թվականին Դերբիի թանգարանի և պատկերասրահի հետ հիմնադրված գրադարան՝ տեղակայված բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Նիլ Ֆրիմենի կողմից ֆլամանդական գոթական ոճով և կարմիր աղյուսով կառուցված շենքում։ Կառույցը Դերբիին է հանձնել Մայքլ Թոմաս Բասը[4]։ Համարվում է Դերբիի գլխավոր հանրային գրադարանը, Դերբիի քաղաքային խորհրդի կողմից ղեկավարվող քաղաքային գրադարաններից ամենամեծը։
Նախքան հանրային գրադարանների մասին 1850 թվականի որոշումը, Դերբիում գոյություն ունեին մի շարք գրադարաններ, որոնց գործունեությունն իրականացնում էին գրավաճառները և ապավինում էին իրենց անդամների բաժանորդավճարների վրա։
«Մշտական» գրադարան Դերբիում հիմնադրվել է 1811 թվականին Քուին փողոցում։ Գրադարանը հանրության համար բացվել է 1830-ական թվականներին։ 1832 թվականին այս գրադարանն ուներ 84 անդամ[5]։ 1858 թվականին գրադարանի հավաքածուն ներառում էր Դերբիի փիլիսոփայական ընկերության 4000 կտոր գրականությունը[6]։ 1863 թվականին բուսաբան Ալեքսանդր Կրոալը նշանակվել է գրադարանավար և համադրող, և հաջորդ տարի թանգարանն ու գրադարանը միավորվել են, և Կրոալը 1875 թվականին նշանակվել է Սթիրլինգի Սմիթ ինստիտուտի համադրող[6][7]։
1878 թվականին Դևոնշիրի 7-րդ դուքսը իր գրքերի ու թերթերի հավաքածուն նվիրաբերեց համայնքին, և այս հավաքածուն տեղավորելու համար նոր վայրի անհրաժեշտություն առաջացավ։ 1879 թվականի հունիսի 28-ին Բասն իրականացրեց Դերբիի անվճար գրադարանի և թանգարանի պաշտոնական բացման արարողությունը, որը քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց։
Նոր գրադարանի հավաքածուն ներառում էր Դևոնշիրի հավաքածուն, ինչպես նաև մշտական գրադարանի և Փիլիսոփայական ընկերության հավաքածուները։ 1898 թվականի սեպտեմբերին փոխառվող հավաքածուն կազմում էր 20000 կտոր գրականություն, տեղեկատվական հավաքածուն՝ 11000[4]:
1914 թվականին գրադարանի մոտ գտնվող համադրողի տունը քանդվեց, որպեսզի տեղ հատկացվի Բեմրոուզ գրադարանի համար ձեռք բերված շենքի ընդլայնմանը։ Բեմրոուզ գրադարանը ձեռք էր բերվել հասարակության հանգանակությամբ և գտնվում էր Հենրի Հով Բեմրոուզայի ենթակայության ներքո[8]։
1964 թվականին թանգարանն ու պատկերասրահը տեղափոխեցին նոր կառույց, իսկ 19-րդ դարի շենքը մասամբ կիսում են գրադարանն ու թանգարանը։ Գրադարանի սենյակներից մեկն անվանվել է Ալֆրեդի Գուդիի անունով, ով ֆինանսավորել է լրացուցիչ կառույցի շինարարությունը։ Շենքի մոտ տեղադրված է Մայքլ Բասի արձանը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դերբիի կենտրոնական գրադարան կատեգորիայում։ |