Դոլորես Ուիլսոն

Դոլորես Ուիլսոն
Ծնվել էօգոստոսի 9, 1928(1928-08-09)[1][2]
Մահացել էսեպտեմբերի 28, 2010(2010-09-28)[3][1][2] (82 տարեկան)
Մահվան վայրLillian Booth Actors Home, Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունJamaica High School?
Մասնագիտությունօպերային երգչուհի

Դոլորես Մեյ Ուիլսոն (օգոստոսի 9, 1928(1928-08-09)[1][2] - սեպտեմբերի 28, 2010(2010-09-28)[3][1][2], Lillian Booth Actors Home, Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կոլորատուրային սոպրանո, որն ակտիվ օպերային կարիերա է ունեցել 1940-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականների սկիզբը։ Կարիերան սկսելով Եվրոպայի գլխավոր թատրոններում՝ 1950-ական թվականներին վեց համերգաշրջան է անցկացրել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։ Նրա վերաբերյալ լավագույն հիշողությունները թերևս կապված են 1956 թվականին Սենթրալ Սիթի օպերային թատրոնում Դուգլաս Մուրի «The Ballad of Baby Doe» օպերայի համաշխարհային պրեմիերայում գլխավոր հերոսուհու դերակատարման հետ։ Օպերային կարիերայից հեռանալուց հետո հանդես է եկել որպես երաժշտական թատրոնի դերասանուհի՝ հաջորդ տասնամյակներում մի քանի ներկայացմամբ հանդես գալով Բրոդվեյ թատրոնում։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 9-ին Ֆիլադելֆիայում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո տեղափոխվել է Նյու Յորք իր մայրիկի հետ, որը նորաձևության դիզայներ էր և որի հաճախորդների թվում էին դերասանուհի և երգչուհի Դինա Շորը և դերասանուհի Լորետա Յանգը[4]։

Հասակ է առել Բրոնքսում և հաճախել կաթոլիկ դպրոցներ, որից հետո ընդունվել և ավարտել է Ջամայկա ավագ դպրոցը[5]։ Նյու Յորքում Ուիլյամ Հերմանի մոտ ստացել է դասական վոկալ կրթություն, սովորել դաշնամուր, բալետ և չեչոտկա[5]։ 16 տարեկանում սկսել է երգել ամերիկյան ռադիոյով[6] ու նրա տաղանդը նկատել ու նրան աջակցել են Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր մենեջեր Էդուարդ Ջոնսոնն ու սոպրանո Լուկրեցիա Բորին[5]։ Ճանապարհվել է դեպի Իտալիա՝ Վենետիկում հանրահայտ սոպրանո Տոտի Դալ Մոնտեի մոտ օպերային երգեցողության դասեր ստանալու[6], մասամբ նաև այն պատճառով, որ մայրական կողմի տատիկ-պապիկն այդ երկրից էին[5]։

Շուտով պարզել է, որ օպերային վարժանքների ժամանակ սովորած իտալերենով դժվարանում է հաղորդակցվել տեղացիների հետ, որի կապակցությամբ ասել է․ «Իտալերենը, որը ես սովորել էի օպերաներից, ինձ թույլ էր տալիս խելացիորեն արտահայտվել միայն թույների, ինքնասպանության ու ողբերգական սիրավեպերի մասին»[4]։

Օպերային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի նոյեմբերին պրոֆեսիոնալ դեբյուտով հանդես է եկել Բրեշիայի Teatro Grande օպերային թատրոնում Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից Ռոսինայի դերեգով[5]։ Կարիերայի սկզբում երգել է Իտալիայի գլխավոր օպերային թատրոններում, ինչպիսիք են՝ Պալերմոյի Teatro Massimo-ն, Հռոմի օպերային թատրոնը, Վենետիկի Լա Ֆենիչեն[5][6]։

Հարավամերիկյան դեբյուտը կատարել է 1952 թվականին Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոնում՝ կատարելով Գիլդայի ու Ռոսինայի դերերգերը։ 1952 թվականին Ռոսինայի դերերգով վերադարձել է Բրեշիայի Teatro Grande-ն ու նույն դերը կատարել մի քանի այլ թատրոններում, այդ թվում՝ 1953 թվականին Ֆրանսիայում իր առաջին ելույթի և Մոնտե-Կառլո օպերային թատրոնում իր դեբյուտի ժամանակ[6]։ 1950-ական թվականներին որպես հյուր-երգչուհի աշխատում էր այլ կարևոր եվրոպական օպերային թատրոններում, ներառյալ Բորդոյի Grand Théâtre-ն, Բարսելոնայի Լիսեոն, Նիսի օպերան, Տրիեստի Teatro Lirico Giuseppe Verdi-ն, Կատանիայի Teatro Massimo Bellini-ն և Լիսաբոնի Teatro Nacional de São Carlos-ը[5]։

ԱՄՆ-ում օպերային դեբյուտն արել է 1954 թվականի փետրվարին Մետրոպոլիտեն թատրոնում Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի գլխավոր դերով։ «Նյու Յորք Թայմս» օրաթերթում քննադատ Հովարդ Թաուբմենը գրել է․ «Նրա ձայնի որակը թարմ է, ծավալը՝ մեծ, արտաբերումը՝ ճկուն»[7]։

1954 թվականի դեկտեմբերին Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում վերջին պահին փոխարինել է Սուսանայի դերակատար Նադին Քոներին ու «դժվարին նոր դերը հաջողությամբ հաղթահարել»[8]։ Մետրոպոլիտեն օպերայում հանդես է եկել որպես Գիլդա, Օսկար՝ Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայում, Ռոսինա և Ցերլինա Մոցաարտի «Դոն Ժուան» օպերայում[4][6]։

1956 թվականի հուլիսի 7-ին Սենթրալ Սիթի օպերային թատրոնում Դուգլաս Մուրի «The Ballad of Baby Doe» օպերայի համաշխարհային պրեմիերայում գլխավոր դերակատարման շնորհիվ մտել է օպերայի պատմության մեջ։ Նույն թվականի նոյեմբերին Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում որպես Մուսետա դեբյուտով հանդես է եկել Չիկագոյի Lyric Opera-ում։ 1957 թվականին համերգային շրջագայությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի 23 քաղաքներում՝ կատարելով Վիոլետտայի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայից[5]։

1959 թվականի մարտին Մետրոպոլիտեն օպերայում Ուիլսոնը հանել է իր վզի փաթաթանն ու «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի գլխավոր դերում փոխարինել Լիլի Պոնսին, ավարտել դերակատարումն ու թուլացած ընկել իր հանդերձասենյակում, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել[9]։ Մետրոպոլիտեն օպերայից հեռացել է գլխավոր մենեջեր Ռուդոլֆ Բինգի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով[4]։

Շարունակել է միջազգային բեմերում օպերային կատարումները մինչև 1960-ական թվականների սկիզբը՝ լինելով ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի ու Հարավային Ամերիկայի օպերային թատրոններում։ Իր կատարած դերերի թվում էին նաև Ամինան Վինչենցո Բելլինիի «Լուսնոտը» օպերայից, Հաննա Գլավարին Ֆրանց Լեհարի «Ուրախ այրին» օպերայից, Մարին Դոնիցետտիի «Գնդի դուստրը» օպերայից, Նորինան Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերայից, Ֆիլինը Ամբրուազ Թոմայի «Մինյոն» օպերայից և Դոնիցետտիի «Լինդա դի Շամունի» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգը[5]։ 1959 թվականին Նորինայի դերերգից հատվածներ է ձայնագրել RCA Records ամերիկյան ձայնագրման ընկերության հետ[6]։

Կարիերա երաժշտական թատրոնում և հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոդվեյում առաջին անգամ հանդես է եկել 1965 թվականին և նույն տարում ավելի ուշ ստանձնել Գոուլդի դերը «Ջութակահարը տանիքին» ներկայացման մեջ․ նույն դերով հանդես է եկել նաև 1968-69 թվականներին։ Խաղացել է ևս երկու մյուզիքլում․ «Cry for Us All » (1970) ներկայացման մեջ կատարել է Մարիա Հագգերտիի դերը, իսկ «I Remember Mama » (1979) ներկայացման մեջ՝ մորաքույր Ջեննիի։

1979 թվականի օգոստոսին մարմնավորել է միսս Հաննիգանի կերպարը Չառլզ Ստրուսի և Մարտին Չարնինի «Էննի» մյուզիքլում[4]։ Բրոդվեյում վերջին անգամ հանդես է եկել 1983 թվականին Տերենս ՄքՆելլիի «The Ritz» ներկայացման մեջ Վիվիեն Պրոկլոյի դերով։ Դերերով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի մի շարք մարզային թատրոններում[5]։

Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ քաղաքի տարեցների տան բնակիչ լինելով՝ Ուիլսոնը մահացել է այնտեղ 2010 թվականի սեպտեմբերի 28-ին 82 տարեկանում, բնական մահով։ Նրա երկու ամուսնություններն ավարտվել էին ամուսնալուծությամբ և նա անմիջական ժառանգներն չի թողել[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2010/10/05/arts/music/05wilson.html?ref=obituaries
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Margalit Fox (2010 թ․ հոկտեմբերի 4). «Dolores Wilson, Met Soprano, Dies at 82». New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. «Dolores Wilson, a Metropolitan Opera soprano of the 1950s who later sang in Broadway musicals, died on Sept. 28 in Englewood, N.J. She was 82 and lived in Englewood. A friend, Karin Farrell, confirmed the death, saying Ms. Wilson died of natural causes.»
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Dolores Wilson». Opera News. 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Dolores Wilson profile». Operissimo concertissimo. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  7. Taubman, Howard. "DOLORES WILSON SCORES AS LUCIA; Philadelphia-Born Coloratura Is Hailed at Metropolitan in Her U. S. Opera Debut", The New York Times, February 9, 1954. Accessed October 5, 2010.
  8. J.B. "MISS WILSON STEPS INTO 'FIGARO' ROLE; Soprano Sings First Susanna at Met on Half-Day's Notice, Replacing Nadine Conner", The New York Times, December 21, 1954. Accessed October 5, 2010.
  9. via Associated Press. "Soprano Collapses After Opera Role", TimesDaily, March 10, 1959; accessed October 5, 2010.